Կադրերը Հայաստանում ոչինչ չեն որոշում

24/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ Մամուլի ազգային ակումբում խորհրդարանական եւ արտախորհրդարանական մի քանի ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացավ քննարկում` նվիրված Հայաստանում իրականացվող կադրային քաղաքականությանը:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը, ում խոսքով, այսօր աշխարհն առաջնորդվում է գործադիր իշխանության մարմինների ձեւավորման երկու սկզբունքներով` կուսակցական եւ պրոֆեսիոնալ: Ըստ նրա, քաղաքակիրթ երկրներն առաջնորդվում են երկրորդ սկզբունքով, քանի որ կուսակցական սկզբունքի կիրառմամբ զգալիորեն նվազում է պետական կառավարման արդյունավետությունը` առաջ քաշելով տվյալ կադրի նվիրվածությունը կուսակցության քաղաքականությանը:

«Ասում են` Արշակ Սադոյանն է ասել` այդ «պոլի փետի» քաղաքականությունը, երբ ժամանակին ասում էին, թե ինչ սկզբունքով է իրականացվում կադրային քաղաքականությունը ներկա իշխանությունների կողմից, նա հնչեցրել էր այս խոսքը. «Ավելի լավ է ՀՀՇ-ից լինի, թեկուզ պոլի փետ լինի»: Այս դիպուկ ասացվածքն ինքնըստինքյան ցույց է տալիս, թե կադրերի ընտրության կուսակցականության սկզբունքը որքանով բացասական կարող է ազդել պետական կառավարման արդյունավետության վրա»,- նշեց Գ. Քեռյանը: ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ նկատեց. «Ցավոք սրտի, վերջին 10 տարվա ընթացքում Սադոյանի նշյալ խոսքը, ըստ որի` «ՀՀՇ-ից լինի, թեկուզ պոլի փետ լինի», իջավ պոլի շորի մակարդակի: Սա է մեր ունեցած արդյունքն այս ընթացքում»: Պ. Մակեյանն անդրադարձավ մասնավորապես ներկա վարչակազմի կադրային վերջին փոփոխություններին, ինչը, ըստ նրա, որեւէ առնչություն չունի հասարակական շահի հետ: Պ. Մակեյանի խոսքով` այս մասին հայտարարում են հենց իրենք` պաշտոններից ազատվածները` նշելով, որ շարունակելու են հավատարիմ մնալ Սերժ Սարգսյանին: «Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի` Սերժ Սարգսյանն ունի որոշակի լրացուցիչ բարդույթներ իր կադրային քաղաքականության մեջ, որովհետեւ, եթե երկուսն էլ ունեին լեգիտմության խնդիր, ապա Սերժ Սարգսյանին ավելացավ նաեւ Մարտի 1-ը հաղթահարելու գործընթացը: Եվ այդ պարագայում նշանակվեց մի վարչապետ, «բարեփոխիչ» վարչապետ` իր մի քանի «բարեփոխիչ», կոմսոմոլից եկած տղաներով` նախարարներով, որոնք 2008թ. հրապարակային ներկայացնում են, թե Հայաստանն ինչպես կարող է օգտվել միջազգային ճգնաժամից կամ լավագույն ձեւով շրջանցեն Հայաստանը, եւ երկու տարի շարունակում են նույն տոնայնությամբ ապացուցել, որ Հայաստանի տնտեսության կոլապսի պատճառը հիմնականում համաշխարհային ճգնաժամն է»,- նշեց Պ. Մակեյանը: Ըստ նրա, կոալիցիոն սկզբունքով կուսակցականացվեց կադրային ամբողջ բանկը: «Ինչպես կարելի է թույլ տալ, որ նույն մարդը մի քանի տարվա ընթացքում զբաղվի նույն նախարարությամբ, կամ կուսակցություն, որի անդամ են դառնում մեկ օր առաջ, եւ նշանակում են նախարար: Չգիտեմ, միգո՞ւցե աճուրդի են հանում` ով շատ վճարի, նրան դարձնում են նախարար: Ցավոք սրտի, գյուղացու բախտը դարձյալ չի բերում»,- ասաց Պ. Մակեյանը: Վերջինս Հայաստանի կադրային քաղաքականության հաջորդ առանձնահատկությունը համարեց օլիգարխիային ծառայելը, եւ նշեց, որ օլիգարխիան թույլ չի տա, որպեսզի կադրերը պաշտպանեն ժողովրդի շահերը: Իսկ դրա ելքը, բանախոսի կարծիքով` իշխանությունը ժողովրդին հանձնելն է: «Բոլոր 3 նախագահների ժամանակ էլ կուսակցություններն ունեին եւ ունեն բավականին լուրջ դերակատարություն կադրերի նշանակման գործում»,- ասաց ԱԺ «ՀՀԿ» խմբակցության անդամ Արտակ Դավթյանը` թվարկելով դրա բացասական եւ դրական կողմերը: «Դրականն այն է, որ, բնական է` քաղաքական համակարգի կայացման մեջ կուսակցությունները պետք է ունենան ամենալուրջ դերակատարումները: Բացասականն այն է, որ հաճախ դա հանգեցնում է կուսակցամոլության, ինչն ուղղակի անթույլատրելի է պետականաշինության մեջ»: ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը դիտարկեց կադրային քաղաքականության մշակույթը` նշելով հատկապես անհատների ռեալիզացիայի հանգամանքը: Լ. Գալստյանի խոսքով` վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում կադրային քաղաքականությունը ծառայել է որպես ընտրական մեխանիզմների գործիք եւ հավատարմություն օրվա իշխանությանը: «Որքան հավատարիմ կլինես ընտրական գործընթացին, ըստ այդմ` քո հատուցումն է, իսկ այս պարագայում պահանջել, ելնել, ունենալ արդյունքներ, թե դու պիտի ունենաս արդյունավետ կառավարման երկիր, թե դու պիտի կարողանաս երկրիդ համար կարեւորագույն խնդիրներ լուծել եւ ներուժն օգտագործել, միամիտ խնդիրների շարքից է,- ասաց Լ. Գալստյանը` շարունակելով,- Այս քաղաքական մշակույթի արդյունքում, ցավոք սրտի, մենք կուսակցամոլության, եթե ավելի խիստ բառեր չասենք, ստրկամտության, մանկուրտացման մի գործընթաց ենք ձեւավորել, երբ շատերը նախիրային մտնում են այս կամ այն կուսակցության մեջ. պատկերները կարող եք տեսնել այս կամ այն հեռուստատեսության հաղորդմամբ»: Նման կուսակցամոլությունը կամ կուսակցության որդեգրումը պատգամավորը պայմանավորեց անձնական տարբեր խնդիրներով. մեկը` կրթաթոշակ ստանալու, մյուսը` դարպասի դուռը նորոգելու, մյուսը` տղային բանակից փախցնելու, եւ այլն: Իսկ արդյունքում, ըստ Լ. Գալստյանի, մենք կորցնում ենք պետական կառավարման արդյունավետությունը` քաղաքացիներին դրդելով իրենց հայացքները հառել դեպի դուրս, այլ կերպ ասած` հասարակությանը դրդելով արտագաղթի: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը դիտարկեց Հայաստանի երեք նախագահների օրոք կարդային քաղաքականության նպատակները: «Առաջին նախագահի ժամանակ գլխավոր նպատակը սեփականաշնորհման քաղաքականության իրականացումն էր, եւ կադրային քաղաքականությունը հենց միտված էր դրան, երկրորդ նախագահը, երեւի թե, իրականացնում էր սեփականաշնորհման քաղաքականության ավարտի քաղաքականություն, եւ ըստ էության, սեփականաշնորհվեց ամեն ինչ, ինչը կարճ ժամանակում կարող էր եկամուտ տալ: Եվ երրորդ նախագահի քաղաքականությունը, կարծես թե, վերաբաշխման քաղաքականությունն է, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք տարբեր ոլորտների կենտրոնացում եւ գերկենտրոնացում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը` նկատելով նաեւ, որ Հայաստանում շարունակում է իրականացվել կադրային սխալ քաղաքականություն, քանի դեռ կա իշխանության միջոցով տնտեսական ռեսուրսներին տիրանալու խնդիրը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանի դիտարկմամբ` իշխանությունների փոփոխությունը ավանդույթ չստեղծեց նախորդ իշխանությունից կադրեր պահպանելու կամ այդ ներուժն ինստիտուցիոնալ ձեւով օգտագործելու համար: Գ. Գեւորգյանն անդրադարձավ նաեւ պետական պաշտոնյայի հավաքական կերպարին: «Կադրային քաղաքականության մեջ որեւէ կոնցեպտ, սկզբունք դրված չէ, բացի կուսակցությանը հավատարմությունից: Դժբախտաբար, այստեղ խոսքը նույնիսկ կուսակցության գաղափարախոսությանը հավատարմության մասին չէ, այլ անձնապես կուսակցության առաջնորդին, իրենց նախագահին հավատարմության մասին, ընդ որում` դա ծիծաղելի աստիճանի է հասնում, երբ նույնիսկ պաշտոնից հեռացվողները հարկ են համարում եւս մեկ անգամ պաշտոնանկությունից հետո ծառայության, ծառա լինելու մասին ապացուցել: Այստեղ խոսել պետական կառավարման արդյունավետության մասին նույնիսկ անիմաստ է,- ասաց նա` հավելելով,- Ըստ էության` ամբողջ պետական ապարատն ապրում է անորոշության, սպասումի մեջ, թե ով է լինելու հաջորդը` արդյո՞ք հաջորդ պաշտոնանկ արվողը լինելու է իրենց ղեկավարը, եւ խոսել պարտականությունների կատարման մասին, իսկապես, ավելորդ է, որովհետեւ յուրաքանչյուր հաջորդ օր կարող է որեւէ նախարար իր թիմով այլեւս չպաշտոնավարել»: