Աշխարհում քաղաքական իրավիճակը շարունակում է մնալ չափազանց բարդ: Դեռ չեն ավարտվել ռազմական գործողությունները Աֆղանստանում, Իրաքում: Դեռ պարզ չէ, թե որ ուղղությամբ կընթանան Հյուսիսային Աֆրիկայի պետությունները, անգամ նրանք, որոնց համակարգում է Արեւմուտքը: Սիրիայի շուրջ օղակը ձգվում է, էլ ավելի արմատական են դառնում Իրանի մասին խոսակցություններն ու վերջինիս պատասխանները Արեւմուտքին: Կոսովոյի սերբերը Կրեմլից խնդրում են իրենց Ռուսաստանի քաղաքացիություն տալ` դրանից բխող բոլոր տրամաբանական հետեւանքներով: Կովկասը` թե՛ Հյուսիսային, թե՛ Հարավային, նույնպես հեռու է խաղաղ լինելուց: Ի՞նչ կարելի է սպասել սրանից: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ռուսաստանցի ռազմական փորձագետ, պահեստի գնդապետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, Անվտանգության եւ հասարակական կարգի պահպանման ակադեմիայի ակադեմիկոս Վլադիմիր Իվանովի հետ:
– ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասը վերածվեց թեժ կետի եւ շարունակում է մնալ այդպիսին: Աբխազիայում, Հարավային Օսիայում լռություն է, շատ հնարավոր է` ժամանակավոր: Ղարաբաղի շուրջ լարվածություն է տիրում: Ադրբեջանը հաջորդ տարվա իր բյուջեում 3 մլրդ եվրո է նախատեսել ռազմական կարիքների համար: Ի պատասխան` Հայաստանը եւս լարում է մկանները: Տարածաշրջանում չափից դուրս շատ զենք է կուտակված, եւ այն հավանաբար կարող է եւ կրակե՞լ:
– Հայաստանն ու Ադրբեջանը իրենց զինուժի 80%-ը կենտրոնացրել են սահմանի վրա: Անկեղծ ասեմ, Հայաստանի սեփական հնարավորությունները զինուժի զարգացման իմաստով բավականին սահմանափակ են, եւ նա հիմնականում հենվում է Ռուսաստանի վրա ու զինված է ռուսական զենքով: Չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղում լուրջ բախումների հավանականությունը շատ մեծ է, քանի որ ԱՄՆ-ը, որը Հայաստանի հետ բավականին լավ հարաբերություններ է պահպանում (եւ ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբի կա), անընդհատ փորձում է հարթել այս խնդիրը: Սակայն խնդիրը դեռ ոչ մի կերպ չի լուծվում, թեեւ գոյություն ունեն հրադադարի մասին որոշակի պայմանավորվածություններ: Այստեղ մեծ դեր ունի Թուրքիայի դիրքորոշումը, որը սատարում է Ադրբեջանին: Սակայն, որքան ես եմ հասկանում, այստեղ ռազմական բախում տեղի չի ունենա, քանի որ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ այլ երկրների շատ հզոր քաղաքական ուժեր ամեն կերպ աշխատում են այս տարածաշրջանում կայունություն պահպանել:
– Երբ խոսք է գնում այն մասին, որ Ադրբեջանը նյութական հնարավորություններով գերազանցում է Հայաստանին, հայկական կողմը ի պատասխան` նշում է հայոց բանակի բարձր մարտական ոգու մասին` կարծիք հայտնելով, որ այս ասպեկտն առավել կարեւոր նշանակություն ունի: Հայկական կողմը պնդում է նաեւ, որ հայոց բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականությանը:
– Հայաստանն իր բանակը սկսել է ստեղծել 1993թ.: Շատ ու շատ, այդ թվում` եւ ՆԱՏՕ-ի ռազմական փորձագետների, մասնագետների կարծիքով` հայկական բանակի պատրաստվածության մակարդակը բավականին բարձր է: Սպայական կազմը եւս բավականին պրոֆեսիոնալ է: Հայաստանում գոյություն ունի սպայակազմի պատրաստման սեփական համակարգ: Չնայած դրան` սպայական կազմի մի մասն ուսումնառությունն անցնում է Ռուսաստանում, մի փոքր մասն էլ` Հունաստանում, որի հետ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ ունի, եւ որը առաջիններից մեկը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այդուհանդերձ, բավականին դժվար է խոսել այն մասին, որ հայկական բանակը շատ ուժեղ է, քանի որ այն փոքրաթիվ է եւ հիմնականում զինված է ռուսական զենքով, որի մեծ մասը հին արտադրության է: Ակնհայտ է, որ Հայաստանը բավարար միջոցներ չունի ռազմական տեխնիկայի ու զենքի վերջին նմուշները ձեռք բերելու համար, թեեւ Հայաստանը սպառազինությունների վրա ծախսում է բյուջեի մոտ 10%-ը: Հատուկ ընդգծեմ նաեւ, որ Ռուսաստանը նրան զենք է մատակարարում շատ շահավետ, արտոնյալ պայմաններով: Հաշվի առնելով այս ամենը` ես չէի ասի, թե հայկական բանակը Կովկասյան տարածաշրջանում դոմինանտ ուժ է հանդիսանում կամ գերազանցում է մյուսներին. դժվար թե սա համապատասխանում է իրականությանը:
– Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները պարբերաբար խոսում են հարաբերությունների «վերաբեռնման» մասին: Սակայն Հարավային Կովկասում հարաբերությունները չեն փոխվում եւ այնքան էլ նման չեն կառուցողական հարաբերությունների: ԱՄՆ-ը շարունակում է տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու եւ միաժամանակ Ռուսաստանին դուրս մղելու քաղաքականությունը: Ինչպե՞ս կարող է այդ վերաբեռնումը անդրադառնալ Հարավային Կովկասի վրա:
– Հարցն այսպես է դրված. ԱՄՆ-ը ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել այս տարածաշրջանից, քանի որ Ռուսաստանն այստեղ ավանդաբար կարեւոր դեր է խաղում: Եվ եթե ամերիկացիները նպատակ են դրել ամրապնդվելու Հարավային Կովկասում, ապա առանց Ռուսաստանին դուրս մղելու դա չեն կարող անել: ԱՄՆ-ը փորձում է ստեղծել աշխարհի իր մոդելը: Միաբեւեռ: Որտեղ ինքն է տիրակալը: Աշխարհում չկա որեւէ կետ, որն ամերիկացիները չեն հայտարարել իրենց ազգային շահերի գոտի: Բայց Կովկասը միշտ էլ եղել է բավականին բարդ տարածաշրջան, իսկ Ռուսաստանն այնտեղ վճռորոշ դեր է խաղացել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ԽՍՀՄ-ի օրոք Ռուսաստանը շատ լուրջ ազդեցություն ուներ Հայաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի զարգացման վրա: Ոչ մի տեսակի զենք չարտադրելով` Հայաստանը մատակարարում էր ԽՍՀՄ-ի ռազմական արդյունաբերության համար անհրաժեշտ էլեկտրոնային բաղադրիչների 40%-ը: Ներկայումս Հայաստանի արդյունաբերությունն այնքան էլ լավ վիճակում չէ, սակայն այն պատրաստ է աշխատելու: Ընդ որում` կուզենայի ավելացնել, որ Հայաստանի նախկին ռազմա-արդյունաբերական համալիրի նշանակալի մասը գտնվում է Ռուսաստանի տնօրինության տակ: Այդ պատճառով դեռ կարիք չկա խոսելու այն մասին, թե ամերիկացիներին կհաջողվի Հարավային Կովկասում գլխավոր դերակատարություն ստանձնել, թեեւ նրանք Հայաստանին որոշակի ռազմական օգնություն են ցուցաբերում. օրինակ` վերջերս նրանք մոտ 7 մլն դոլար հատկացրին հայկական բանակի կառավարման համակարգի զարգացման համար: Ամեն դեպքում, այստեղ կարեւոր պատմական ու փաստացի դեր է խաղում Ռուսաստանը:
– Վերջին շրջանում հարավկովկասյան քաղաքագետները, չնայած իրենց երկրների միջեւ առկա տարաձայնություններին, կարծես միահամուռ հետեւյալ կարծիքն են հայտնում` ով տիրում է Կովկասին, տիրում է ամբողջ աշխարհին: Շատ բարձր չէ՞ արդյոք նման գնահատականը այս տարածաշրջանի համար: Նման դատողությունները արդյո՞ք փորձ չեն ինչ-ինչ նպատակներով չափազանցնելու տարածաշրջանի դերը:
– Այս տարածաշրջանն իսկապես կարեւոր է: Ամերիկացիներն, օրինակ, շահագրգռված են ադրբեջանական նավթով: Վրաստանն ու Հայաստանը նման ռեսուրսներ չունեն, նրանք այլ տեսանկյունից են գրավիչ: Մի ժամանակ Վրաստանը փորձում էր սքողել Հայաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Սակայն ապարդյուն. առանց Հայաստանին հաշվի առնելու` այս տարածաշրջանում անելիք չունեն: Բոլորս էլ գիտենք, որ հայերն ապրում են ողջ աշխարհով մեկ, եւ քաղաքական որոշակի ազդեցություն Հայաստանն ունի շատ երկրներում` Իրանում, Ամերիկայում, որտեղ հայկական լուրջ լոբբի կա, անգամ Աֆղանստանում: Այս ամենով հանդերձ` խոսել այն մասին, թե Անդրկովկասը վճռորոշ դեր ունի եւ հսկայական ազդեցություն կարող է թողնել միջազգային իրավիճակի վրա, չափազանց դժվար է: Այստեղ տեղին է տարածաշրջանի ներքին խնդիրների մասին խոսելը, որ միշտ եղել են եւ այսօր էլ կան: Սակայն, ես չեմ կարծում, թե ճիշտ է դրանց միջազգային մակարդակով հսկայական նշանակություն վերագրելը: Դա չափազանցություն է, որը քաղաքական երանգավորում ունի, եւ դրանում շահագրգռված են մարդիկ, ովքեր հրապարակում են իրենց վերլուծական ակնարկները: Այնպես որ, «Ով տիրում է Կովկասին, տիրում է ամբողջ աշխարհին» պնդումը խիստ չափազանցված է:
– Ի՞նչ կարող եք ասել Հյուսիսային ու Հարավային Կովկասը միավորելու մասին ԱՄՆ-ի գաղափարի վերաբերյալ: Դա խա՞ղ է, թե՞ իրական քաղաքականություն, թեկուզ եւ` ի հեճուկս Ռուսաստանի:
– Դրանք քաղաքական խաղեր են, որ տեղի են ունենում ԱՄՆ-ի գլխավորությամբ: Ես արդեն ասել եմ, որ ԱՄՆ-ը ցանկանում է գլխավոր դեր խաղալ ամենուրեք, այդ թվում` եւ Կովկասում, եւ հնարավոր բոլոր միջոցներով դուրս մղել այնտեղից Ռուսաստանին: Եվ այս լույսի ներքո Ռուսաստանի համար մեծ նշանակություն է ձեռք բերում Հայաստանը, որն այս տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ գտնվում է ռուսական ռազմակայան` Գյումրիում: Դա բավականին հզոր ռազմակայան է, որն անհրաժեշտ է նաեւ Հայաստանին, քանի որ նրա տնտեսական հնարավորությունները ռազմական մակարդակը պահպանելու համար սահմանափակ են: Այսպիսով, դժվար է խոսել այն մասին, թե հնարավոր է իրականացնել Հյուսիսային ու Հարավային Կովկասի միավորումը` Սպիտակ տան գլխավորությամբ: Այս տարածաշրջանը միշտ էլ բավականին անջատողական է եղել, անգամ կարելի է ասել` պատմականորեն ցեղային: Եվ, ամենայն հավանականությամբ, դրանք ԱՄՆ-ի քաղաքական խաղերն են, որը փորձում է միաբեւեռ աշխարհ ստեղծել, այդ թվում եւ` այս տարածաշրջանում:
– Տարածաշրջանում կան եւս երկու խոշոր խաղացողներ` Իրանն ու Թուրքիան, որոնց հետ հնարավոր չէ հաշվի չնստել: Ի՞նչ կասեք նրանց դերի մասին:
– Բոլորին հայտնի է, որ Թուրքիան Հայաստանի հետ բարդ հարաբերություններ ունի, եւ դրանց նկատելի բարելավման շոշափելի առիթ չենք տեսնում: Թուրքերը սատարում են հիմնականում Ադրբեջանին: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին եւս խոսելու առիթ չկա. Լեռնային Ղարաբաղն անցնում է նրանց միջեւ` իբրեւ բաժանարար գիծ: Իրանը Հայաստանի հետ իր հարաբերություններն է հաստատում… Տարածաշրջանային մասշտաբով այստեղ հարաբերությունները բավականին լարված են: ԱՄՆ-ը փորձում է բոլորի հետ համահավասար հարաբերություններ պահպանել, սակայն Իրանի հետ հակասություններ ունի: Մի խոսքով` տարածաշրջանում իրավիճակի արմատական լավացման համար հզոր ռեսուրսներ դեռ չեն նկատվում: Ավելի շուտ, դա դանդաղ ընթացող դիմակայություն է, որի կայունությունը որոշակիորեն պահպանվում է ամերիկացիների կողմից:
– Տեղեկատվական արտահոսք եղավ այն մասին, թե ԱՄՆ-ը Իսրայելի ու Մեծ Բրիտանիայի հետ համատեղ` Իրանի դեմ հարված է նախապատրաստում: Որքանո՞վ է սա իրական, եւ ի՞նչ կարող է պատահել դրանից հետո:
– Կարծում եմ` սրանք նույնպես քաղաքական խաղեր են: Քանի որ Իրանի դեմ պատրաստվող հարվածի մասին նրանք խոսում են արդեն մի քանի տարի: Այո, ծրագրեր մշակվում էին: Անգամ Իսրայելին տրամադրվել էին, այսպես կոչված, խորքային կամ բունկերային ռումբեր` հարվածներ հասցնելու համար, սակայն իրավիճակը չափազանց բարդ է: Եթե Իսրայելը (իսկ նա առանց ամերիկացիների Իրանի դեմ պատերազմ չի սկսի. ուժերը չեն բավարարի) Իրանին որեւէ հարված հասցնի, ապա դա նկատելի կերպով կապակայունացնի իրավիճակն ամբողջ աշխարհում: Բացի այդ` նրանք բյուջեի լուրջ ճեղքվածք ունեն, որ գնահատվում է տրիլիոնավոր դոլարներով, եւ նրանք մտահոգված են, թե ինչպես լցնեն այդ ճեղքվածքը: Իսկ նոր պատերազմը նրանց վրա ամենաքիչը եւս 100 մլրդ դոլար կնստի: Հազիվ թե ամերիկացիները դրան գնան:
– Բայց չէ՞ որ նրանք Իրաքի դեմ գնացին:
– Իրաք ներխուժեց Ջորջ Բուշը: Ներխուժեց կոնկրետ նպատակով` հանուն իրաքյան նավթի: Եվ Սադամ Հուսեյնի` իբրեւ թե անհանդուրժելի անձ լինելու, միջուկային ու քիմիական զենքի մասին բոլոր խոսակցություններն ընդամենը պատրվակ էին: Ինչպես հայտնի է, Իրաքում այդպես էլ ոչ մի նման զենք չհայտնաբերվեց: Այսօր ԱՄՆ-ում եւս շատ ու շատ հայտնի փորձագետներ խոստովանում են, որ իրաքյան պատերազմը նավթին տիրելու համար սանձազերծված արշավ էր: Արշավը բարեհաջող ավարտվեց:
– Նույն բանն է նաեւ Իրանի դեպքում: Ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Թեհրանը ուր որ է կսկսի միջուկային զենքի արտադրությունը, եւ այդ ժամանակ միանգամայն անկառավարելի կդառնա:
– Սա ակնհայտ չափազանցություն է: Իրանն, իհարկե, ակտիվ գիտահետազոտական աշխատանքներ է տանում այդ ոլորտում, աշխատում է միջուկային տեխնոլոգիաների տիրապետել, սակայն այդ ամենը դեռ սաղմնային փուլում է գտնվում, եւ լրջորեն խոսել այն մասին, թե Իրանը շուտով միջուկային տերություն կդառնա, չարժե: