Այսօր կայանալիք նիստում կառավարությունը նախատեսում է հավանության արժանացնել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման եւ վերակառուցման հայեցակարգը: Հայաստանի միջպետական ճանապարհները նախագծվել եւ կառուցվել են 40-50 տարի առաջ, եւ հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, ինչպես նաեւ այն հաշվարկով, որ ավտոմեքենաների միջին շահագործական արագությունը չի գերազանցել 60 կմ/ժ-ն: Ներկայումս ավելացել է 1 առանցքի վրա բեռնվածությունը` 11-13 տոննա, ինչպես նաեւ` միջին արագությունը: Ճանապարհի հիմքի ամրության չբավարարելու եւ նախկինում կառուցված հիմքի շահագործման ժամկետի լրանալու պատճառով ներկայումս սպասարկող ավտոճանապարհները չեն կարող բավարարել ժամանակակից պահանջներին: Վերջին 7 տարիների ընթացքում հանրապետությունում գոյություն ունեցող 1,6 հազար կմ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներից վերանորոգվել է ընդամենը 205 կմ:
Ըստ այդ հայեցակարգի, ճանապարհների վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի մայրուղիները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ապահովել անվտանգ երթեւեկությունը եւ զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը, ինչի արդյունքում կնվազեն նաեւ Հայաստան ներկրվող ապրանքների արժեքները: Հաշվի առնելով այն, որ Հայաստան-Վրաստան սահմանն այժմ ծառայում է որպես Հայաստանի միակ առեւտրային միջանցք` ցամաքով դեպի Ռուսաստան եւ Եվրոպա, ու ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է Վրաստանի սահմանից, ապա ներկայացվող հայեցակարգի մեջ ընդգրկված են այն տարանցիկ մայրուղիները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ ուղիներ: Դրանք են Երեւան-Սեւան-Իջեւան-Նոյեմբերյան-Բագրատաշեն/Վրաստանի սահման (երկարությունը` 200.1 կմ), Երեւան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ստեփանավան-Գոգավան/Վրաստանի սահման (երկարությունը` 154.7կմ), Երեւան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման (երկարությունը` 191.1 կմ): Հաշվի առնելով կրկնվող հատվածները` վերանորոգվող եւ վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 440.7 կմ: Վերանորոգման եւ վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը կկազմեն շուրջ 80-100 միլիարդ դրամ` 1 կմ-ի արժեքը 150 մլն դրամ հաշվարկային գնահատմամբ (առանց հաշվի առնելու ճանապարհի հարդարանքը), առանց ինժեներական արհեստական կառույցների (թունելներ, կամուրջներ, հենապատեր): Հայեցակարգի իրականացման տեւողությունը 4-5 տարի է: Հայեցակարգով նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, մասնավորապես` Եվրոպական ներդրումային բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, պետական բյուջեի համաֆինանսավորմամբ, պետական մասնավոր գործընկերության միջոցներով: