Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի այրին կկարողանա խուսափել 35% հարկերից, եթե վաճառի ընկերության բաժնետոմսերը: Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»-ը: ԱՄՆ օրենսդրության համաձայն` Ջոբսի ժառանգները կարող են վաճառել Apple եւ «Walt Disney» ընկերությունների բաժնեմասերը` չվճարելով 867 մլն դոլար հարկ կապիտալի աճի համար: Հիշեցնենք, որ Ջոբսը տնօրինել է «Walt Disney» ընկերության 138 մլն բաժնետոմսերը, որոնց գինը կազմում է 4.74 մլրդ դոլար: Բացի դրանից, նրան էր պատկանում Apple-ի 5.55 մլն բաժնետոմսերը, որոնք գնահատվում են 2.05 մլրդ դոլար: Եվ եթե Apple-ի հիմնադրի ողջ ունեցվածքը ստացել է նրա կինը` Լորին Փաուել Ջոբսը, ապա ընտանիքը ստիպված չի լինի վճարել 35% հարկ մինչեւ կնոջ մահը, կամ էլ մինչեւ այն պահը, երբ նա գումարը կհանձնի այլ մարդկանց: Լորին Փաուելին ճանաչողները վստահեցնում են, որ նա չի պատրաստվում ընկերությունում զբաղեցնել ամուսնու տեղը: Փորձագետ Ջոյսի վկայությամբ, սակայն, վտանգը նվազեցնելու համար ավելի լավ է Ջոբսի ժառանգներն ազատվեն բաժնետոմսերի մի մասից: