Կանայք դատապարտում են

24/11/2011

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան երեկ հայտարարություն է տարածել, որտեղ դատապարտում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից կին գործարար Սիլվա Համբարձումյանի նկատմամբ կիրառած բռնությունը: «Վերջին մի քանի օրերի ընթացքում մամուլում շրջանառվող այն լուրը, որ առնչվում է Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի կողմից գործարար Ս. Համբարձումյանի հանդեպ կիրառած բռնությանը, մեծ անհանգստություն է պատճառում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային: Բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ իսկ պատճառով կոալիցիան կոչ է անում հասարակությանն` աչալուրջ լինել եւ պահանջել ցանկացած նմանատիպ դեպքի բացահայտում, եւ հետեւողական լինել դրանց արդարացի քննության ընթացքին: Բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իրականացվող բռնարարքը առանձնապես դատապարտելի է, քանի որ նա հանդիսանում է հասարակական դեմք եւ պետք է ծառայի որպես օրինակ մյուս քաղաքացիների համար: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում է իր մտահոգությունը այս թեմայի շուրջ եւ ակնկալում արդար ու անաչառ հետաքննություն, ինչպես նաեւ կոչ է անում մամուլին շարունակ լուսաբանել գործի ընթացքը, որպեսզի հասարակությունը իրազեկ լինի բռնության դեպքերի մասին եւ հետեւի դրանց ընթացքին: Հույս ենք հայտնում, որ բարձրադիր իշխանական օղակները համապատասխանաբար կարձագանքեն այս արարքին, եւս մեկ անգամ վերահաստատելով, որ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կիրառվող բռնության պատժումը որդեգրված քաղաքական կամքի հետեւողական դրսեւորումն է»,- ասված է հայտարարության մեջ: