Մեդվեդեւը սպառնացել է ԱՄՆ-ին

24/11/2011

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ԱՄՆ-ին հիշեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) մասին պայմանագրից` Ռուսաստանի դուրս գալու իրավունքի մասին: Ինչպես հաղորդում է ռուսական Rbc.ru կայքը, Մեդվեդեւը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը չհրաժարվի Եվրոպայում Հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու ծրագրից, ապա Ռուսաստանը դուրս կգա ՌՀՍ պայմանագրից եւ կհրաժարվի զինաթափման գործընթացից: «Հաշվի առնելով պաշտպանողական եւ ռազմավարական հարձակողական սպառազինությունների միջեւ անքակտելի կապը, հնարավոր է, որ հիմքեր առաջանան մեր երկրի` Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրից դուրս գալու համար: Դա նախատեսված է պայմանագրով»,- ասել է Մեդվեդեւը: Նրա խոսքով` Ռուսաստանն անհանգստացած է ՌԴ տարածքի մոտակայքում եւ Ռուսաստանին հարող ջրային տարածությունում հրթիռների եւ հակահրթիռային պաշտպանության այլ տարրերի հնարավոր տեղակայմամբ: Մեդվեդեւի խոսքով` Ռուսաստանի միջմայրցամաքային բալիստիկական հրթիռները կզինվեն հակահրթիռային պաշտպանությունը հաղթահարելու համար նախատեսված հեռանկարային համակարգերով: Կայքն ընդգծում է, որ Մեդվեդեւը Պաշտպանության նախարարությանը հրահանգել է անհապաղ գործի դնել հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող ռադիոլոկացիոն կայանը: Նրա խոսքով` օդային-տիեզերական պաշտպանության համակարգի ստեղծման շրջանակում Ռուսաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ուժեղացնել ռազմավարական միջուկային ուժերի օբյեկտների պաշտպանությունը: Մեդվեդեւն ընդգծել է, որ Ռուսաստանը չի համաձայնել մասնակցել Հակահրթիռային պաշտպանության համաեվրոպական համակարգին` դրա այսօրվա տեսքով, քանի որ այդ ծրագիրը մի քանի տարի անց կարող է թուլացնել հարձակումների կանխարգելման` Ռուսաստանի ներուժը: Rbc.ru-ն ընդգծում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ավելի վաղ պայմանավորվել էին շարունակել հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ խորհրդակցությունները: ԱՄՆ-ը, սակայն, բացահայտ հայտարարել էր, թե չի կարող ՌԴ-ին իրավաբանական երաշխիքներ տալ առ այն, որ հակահրթիռային պաշտպանությունն ուղղված չի լինելու Ռուսաստանի դեմ: Մոսկվան, սակայն, շարունակում է պնդել, որպեսզի ԱՄՆ-ը իրեն նման երաշխիքներ տրամադրի:

Նշենք, որ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին նոր համաձայնագիրը, որը 2010թ. ապրիլին ստորագրել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները, նախատեսում է միջուկային զենքի ռազմավարական զինանոցի կրճատում` յուրաքանչյուր կողմից մինչեւ 1550 մարտագլխիկ, եւ ստուգման մեխանիզմի հաստատում: