«Սալդատները նենց են սխկել, որ բամբակով ջուր են դնում բերանը»

24/11/2011

Լուսակերտի զորամասում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ առայժմ մեկ քաղաքացի է ձերբակալված, եւս մի քանիսը բերման են ենթարկվել, սակայն նրանց կարգավիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան: Ձերբակալվածը BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Արիստակեսյանն է: Այս մեքենան, ըստ պաշտոնական տեղեկատվության, նոյեմբերի 20-ին զորամասի մուտքի մոտ զինվորների եւ քաղաքացիական անձանց վիճաբանությունից հետո վրաերթի է ենթարկել այդ զորամասի ժամկետային զինծառայող Արմեն Սանթոյանին: Վերջինս գտնվում է պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրա բուժող բժիշկ Գեղամ Ազիզյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ զինվորի վիճակը գնահատվում է միջին ծանրության: «Հիվանդի մոտ ախտորոշվել է փափուկ հյուսվածքների սալջարդ, գլխուղեղի ցնցում»,- ասել է Գ.Ազիզյանը: Հոսպիտալացված զինվորը «Ազատություն» ռադիոկայանին միայն փոխանցել է, որ չգիտե միջադեպի մանրամասները` ասելով, թե ներքեւ է իջել այն ժամանակ, երբ տեսել է, որ խառը վիճակ է, ու հանկարծ զգացել է, թե ինչպես մեքենան հարվածեց իրեն:

Պաշտպանության նախարարությունից ստացած նախնական տեղեկություններով` միջադեպը ծագել է զինվորների մազերը կտրելու պատճառով, երբ սերժանտ Արտակ Փիրուզյանը նորակոչիկներին հանձնարարել է, որ մազերը կտրելուց հետո յուրաքանչյուրը մաքրի հատակը: Նրանցից մեկը` նորակոչիկ Հունան Հարությունյանը, զանգահարել է եղբորը, պատմել հատակը մաքրելու մասին, որից հետո, ըստ պաշտոնական տեղեկատվության, նրա ավագ եղբայրը` Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ «Porsche Cayenne» եւ BMW մեքենաներով եկել է զորամաս, մոտեցել հսկիչ-անցագրային կետին, փորձել ներխուժել զորամասի տարածք, բայց նրանց թույլ չեն տվել: Ծագել է վիճաբանություն զորամասի անձնակազմի եւ այդ երիտասարդների միջեւ, ինչը վերածվել է ծեծկռտուքի: 15 րոպե տեւած ծեծկռտուքի մասնակիցների թիվը գնալով ավելացել է, ներգրավվել են նաեւ այլ զինվորականներ: Այնուհետեւ քաղաքացիական անձինք մեքենաներով փորձել են դիմել փախուստի` վրաերթի ենթարկելով զինվոր Արմեն Սանթոյանին: Ե՛վ նորակոչիկ Հունան Հարությունյանը, ում պատճառով, պաշտոնական տեղեկությունների համաձայն, ծագել է միջադեպը, եւ՛ ծեծկռտուքի մասնակից քաղաքացիական անձինք Չորրորդ գյուղ կոչվող Հաղթանակ համայնքի բնակիչներ են: Հարությունյանների ծնողները ռադիոկայանի հետ զրույցում պատմել են, որ Հունանը զորակոչվել է բանակ դեպքից 5 օր առաջ: Ծնողներին հայտնի չէին տեղեկություններ, որ Հունանն է զորամասից զանգահարել ու կանչել ավագ եղբորը: Նրանք ենթադրում էին, որ եթե նա զանգել է, թերեւս ավելի լուրջ պատճառ է եղել եղբորը կանչելու, քան մազերը կտրելու պատմությունն է: «Համ էլ մազերը կարճ կտրած, պատրաստ է գնացել ստեղից»,- պնդել են հարազատները: Հունան եւ Հայկ Հարությունյանների ծնողները` Հրանտ Հարությունյանը եւ Անահիտ Կարապետյանը չեն հերքել, որ զորամասի մուտքի մոտ իրենց ավագ որդու եւ նրա ընկերների մասնակցությամբ միջադեպ եղել է, բայց, նրանց հավաստմամբ, միջադեպի ժամանակ զինվորների թիվը խիստ մեծացել է, եւ նրանք դաժան ծեծի են ենթարկել տղայի ընկերներից Հարություն Թորոսյանին, ով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, բայց այդ մասին պաշտոնապես մանրամասներ չեն հաղորդվում: «Բա խի՞ չեն ասում, որ մի ընկերոջը սալդատները նենց են սխկել, որ բամբակով ջուր են դնում բերանը»,- հարցնում է Հրանտ Հարությունյանը: Նրա խոսքով` իր ունեցած միակ մեքենան խորհրդային տարիներին հաշմանդամության համար ստացած «Զապորոժեցն» է: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ մեքենաներ են եղել դեպքի վայրից առգրավված «Porsche Cayenne»-ը եւ BMW-ն, նա պատասխանել է, որ դրանք, թերեւս, որդու ընկերների մեքենաներն են եղել:

Ի դեպ, մամուլում կան հրապարակումներ, որ միջադեպի անմիջական մասնակիցներ են եղել նաեւ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության անդամ Սմբատ Այվազյանի մերձավորներն ու «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանի բարեկամները: Ս. Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այս լուրերը` ասելով, թե իր որեւէ մոտ ազգական այդ միջադեպին չի մասնակցել: Նրա խոսքով` Չորրորդ գյուղի բնակիչներն իր համագյուղացիներն են, իրեն հարազատ մարդիկ, եւ այդքանով բոլորն էլ իրեն առնչվում են: Ս. Այվազյանն ասել է, որ երբ իմացել է, որ համագյուղացի երիտասարդը` Հարություն Թորոսյանը, հիվանդանոցում ծեծված պառկած է, գնացել է այցելության: «Ես զարհուրելի տեսարան տեսա, անճանաչելիորեն փոխված երիտասարդ, դաժան ծեծի արդյունքում ամբողջովին փոխվել էր նրա արտաքին տեսքը: Զինվորականների կողմից է ծեծի ենթարկվել»,- ասել է Ս.Այվազյանը: Դեպքի մասին Ա. Այվազյանը մանրամասներ չգիտեր, բայց համոզված էր, որ զորամասի ղեկավարությունը, հրամանատարները կարող էին այն կանխել, հետո պատժել օրինազանցներին, որպեսզի մեծ ծեծկռտուք չդառնար: Այվազյանի համոզմամբ` մամուլն իր անունը շրջանառության մեջ է դրել միջադեպին հնչեղություն տալու համար: «Որոշ մարդիկ առիթը օգտագործում են, որ հասարակության ուշադրությունը բանակում տիրող իրավիճակից շեղեն` այլ դեպքերի, անցքերի հետ կապված»,- ասել է Ս. Այվազյանը:

Իսկ «Մարիաննա» կաթնամթերքի սեփականատեր Տիգրան Վարդանյանը slaq.am-ի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ միջադեպին մասնակցություն է ունեցել նաեւ իր որդին, ում դեմ քրեական գործ է հարուցվել: «Իմ երեխայի դաստիարակության եւ վարքի մասին գիտեն բոլորը, ես չեմ հավատում, որ ինքը կատարվածի մեջ լուրջ մեղավորություն ունի: Իմ 19-ամյա որդին` Ժորան, սովորում է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ մինչ օրս անգամ համալսարանում կատարված միջադեպերին որեւէ առնչություն չի ունեցել: Իրականում իմ տղան այս ամենի հետ կապ ունի այնքանով, որ իր ընկերների հետ գնացել է Լուսակերտ: Ես հենց նոր եմ Երեւան ժամանել, եւ եթե խնդիրը շատ ավելի լուրջ լիներ, բնականաբար ես չէի կարող այսքան երկար սպասել: Եվ, ի վերջո, դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ, ես ո՞նց կարող էի այսքան ժամանակ համբերատար սպասել` իմանալով, թե ինչ է կատարվում: Միայն կարող եմ ասել, որ իմ տղան ձերբակալված չէ (մեր տեղեկություններով` նա ազատ է արձակվել երեկ առավոտյան.- խմբ.), սակայն քրեական գործ է հարուցվել, այս պահի դրությամբ էլ նախաքննություն է ընթանում»: Կայքի տեղեկություններով` դեպքի հետ առնչություն ունենալու պատճառով ձերբակալվել է Տիգրան Վարդանյանի հորեղբոր որդին, ով Վարդանյանի որդու հասակակիցն է: