Թուրքիան ձգտում է ԱՄՆ-ի հնդիկների հետ առեւտրային մենաշնորհի տիրանալ

24/11/2011

Մի քանի շաբաթ հետո, երբ թուրքական մեծածախս լոբբիստական ընկերությունները ԱՄՆ արդարադատության նախարարություն ներկայացնեն իրենց պարտադիր հաշվետվությունները, կարվեն կարեւոր բացահայտումներ իրենց ծածուկ գործունեության վերաբերյալ, որով փորձում են Կոնգրեսի միջոցով անցկացնել այնպիսի օրինագիծ, որը թուրքական ընկերություններին կշնորհի Ամերիկայի հնդիկ ցեղերին պատկանող հողերում ներդրումներ կատարելու մենաշնորհային դիրք: Այս հաշվետվությունները կբացահայտեն այն անձանց ինքնությունը, ովքեր նպաստել են նոյեմբերի 17-ին Ներկայացուցիչների պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից «2011 թվականի Բնիկ հնդիկ ցեղերի հետ առեւտրի եւ ներդրումների ցուցադրական նախագծի մասին» թիվ 2362 բանաձեւի հաստատմանը` ձայների 27 կողմ եւ 15 դեմ հարաբերակցությամբ: Չպետք է զարմանալ` իմանալով, որ այս անմեղ թվացող բանաձեւը, որի նպատակն է «խթանել հնդիկ ցեղերի տնտեսական զարգացումը եւ նպաստել թուրքական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելուն», սահուն կերպով անցնում է Կոնգրեսում` պալատի որոշ անդամներին ֆինանսական միջոցների հոսքի ապահովման շնորհիվ, որը մոր կաթի նման անհրաժեշտ է քաղաքական մարդկանց: Անշուշտ, սխալ ոչինչ չկա բնիկ ամերիկացիներին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում օգնելու մեջ, բացի այն, որ Կոնգրեսին խնդրել էին արտոնյալ մոտեցում ցուցաբերել միայն մի երկրի` Թուրքիայի նկատմամբ: Տարօրինակ է, բայց Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ցանկանում էր ընթացք տալ այս արտասովոր եւ ապօրինի պահանջին` արհամարհելով Կոնգրեսի Հետազոտությունների ծառայության խիստ զգուշացումները, որ միայն մեկ երկրին հատուկ արտոնություն շնորհելը խախտում է ԱՄՆ-ի հիմնական առեւտրային պայմանագրերի դրույթները. դրանք են` Առավել բարենպաստ ազգի ռեժիմը (MFN), Հյուսիսային Ամերիկայի ազատ առեւտրի համաձայնագիրը (NAFTA) եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպության (WTO) համաձայնագիրը: Ավելին, Կոնգրեսի համար ոչ մի անհրաժեշտություն չկար հաստատելու որեւէ երկրի համար փորձնական ծրագիր, երբ միաժամանակ Հանձնաժողովը քննարկում էր առավել համապարփակ մի օրինագիծ` Պալատի թիվ 205 բանաձեւը, որը բոլոր երկրների համար կապահովեր հավասար հնարավորություն հնդիկ ցեղերի հետ առեւտրի եւ նրանց պատկանող հողերում ներդրումներ կատարելու համար: Իրականում, Հնդիկ ցեղերի հարցերով բյուրոյի տնօրենը հավաստիացրեց, որ ինքն ունի թիվ 2362 բանաձեւի հետ կապված լուրջ վերապահումներ: Այդ իսկ պատճառով, նա նախընտրում է աջակցել թիվ 205 բանաձեւի ընդունմանը, որը «կծառայեր միեւնույն նպատակներին … ավելի լայն մասշտաբով»: Երբ Մարիլենդ նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Սարբեյնզը փորձեց բարեփոխում առաջարկել թիվ 2362 բանաձեւում` ընդլայնելով պետությունների շրջանակը եւ ընդգրկելով, Թուրքիայից բացի, այլ երկրներ, իր առաջարկն անընդունելի ճանաչվեց տեխնիկական պատճառներով: Քվեարկությունից առաջ մի քանի հայ-ամերիկյան եւ հունա-ամերիկյան կազմակերպություններ Պալատի Հանձնաժողովին հղեցին թիվ 2362 բանաձեւի դեմ իրենց բողոք-նամակները` նշելով, որ Թուրքիային հնդիկ ցեղերին պատկանող հողերի նկատմամբ մենաշնորհային դիրք շնորհելն անընդունելի է եւ անօրինական: Այս կազմակերպությունները բարձրացրել են հինգ առանցքային առարկություններ Կոնգրեսին` Թուրքիային հատուկ արտոնություններ շնորհելու կապակցությամբ, քանի որ այդ երկիրը`

1) մնում է միլիոնավոր հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանություն կատարողը, որը չի զղջում իր կատարածի համար,

2) շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, գրավված պահել Կիպրոսը, առճակատվել Իսրայելի հետ եւ վնաս հասցնել ԱՄՆ տարածաշրջանային շահերին,

3) սպառնում է ԱՄՆ-ի տնտեսական շահերին Միջերկրական ծովի շրջանում,

4) կապ ունի ապօրինի գործարքների մեջ կասկածվող ամերիկա-թուրքական կազմակերպությունների հետ,

5) աջակցում է Իրանին` խախտելով ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Թիվ 2362 բանաձեւի պաշտպանները ծրագրում են այս օրինագիծն օգտագործել, նախքան ավելի համապարփակ թիվ 205 բանաձեւի ընդունումը` Թուրքիայի համար առաջնահերթություն ապահովելու համար եւ նրան անարժան առավելություն շնորհելու այլ ազգերի նկատմամբ: Թուրքիան կարող է այնուհետեւ բացառիկ առեւտրային գործարքներ կնքել հնդիկ ցեղերի հետ 25 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել եւս երկու լրացուցիչ ժամկետով` յուրաքանչյուրը 25 տարի` ընդհանուր 75 տարի: Սա նշանակում է, որ մինչեւ այլ երկրների ընկերությունները հնարավորություն կունենան ստորագրելու հնդիկ ցեղերի հետ պայմանագրեր, թուրքական ընկերությունները խլած կլինեն առավել շահավետ գործարքները` թողնելով մյուսներին ձեռնունայն:

Հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձեւի ընդունումից անմիջապես հետո ամերիկա-թուրքերը եւ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը շտապեցին տոնելու իրենց վաղաժամ հաղթանակը: Նոյեմբերի 17-ին Ամերիկայում Թուրքիայի կոալիցիան մամլո հաղորդագրություն հրապարակեց` հայտնելով իրենց հրճվանքն առ այն, որ հանձնաժողովն ընդունել է բանաձեւը եւ շուտով այն ամբողջությամբ կընդունվի Պալատի կողմից: Միեւնույն գիշերը, Թուրքիայի դեսպանատունը Վաշինգտոնում կազմակերպեց ընդունելություն` «նշելու համար ամերիկա-հնդկացիների եւ Ալյասկայի բնիկների ժառանգության ամիսը եւ Պալատի Բնական պաշարների հարցերով հանձնաժողովի կողմից թիվ 2362 բանաձեւի բարեհաջող ընդունումը»: Թուրքիայի ականավոր դեսպան Նամիկ Թանն անձամբ «թվիթեր» սոցիալական ցանցում տեղադրել է իրենց ազգային տարազներով ամերիկա-հնդկացիների լուսանկարները, որոնք արվել են դեսպանատանը տոնախմբությունների ժամանակ: Դեսպանին պետք է հիշեցնել, որ վաղաժամ է հաղթանակ տոնել, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ այս թերի օրինագիծը երբեւէ կհասնի Պալատ, էլ չասած` Սենատ, քանի որ այն լրջորեն խախտում է մի շարք ամերիկյան առեւտրային համաձայնագրեր: Նույնիսկ, եթե օրինագիծը հաստատվի Կոնգրեսի կողմից, ապա Ամերիկայի քաղաքացիական կազմակերպությունները եւ բազմաթիվ երկրներ դատեր կսկսեն` արգելափակելու համար այս խտրական օրենսդրությունը:

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր