ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, համաձայն ԱԺ կանոնակարգի, երեկ կրկնել է իր հրաժարականի դիմումը, ինչը նշանակում է, որ նա այլեւս ԱԺ նախագահ չէ: Համաձայն շրջանառվող լուրերի` ԱԺ նախագահի թափուր պաշտոնն առաջիկա 5 ամիսների ընթացքում կվերապահվի ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, ով երեկվանից համարվում է ԱԺ նախագահի պաշտոնակատար: ՀՀԿ-ն, որը փաստացի պետք է որոշի նաեւ ԱԺ փոխխոսնակի թափուր պաշտոնի հարցը, լուրջ խնդիրների առջեւ է հայտնվել: Բանն այն է, որ քվոտայով ԱԺ փոխնախագահը պետք է ընտրվի ՀՀԿ-ից, սակայն ՀՀԿ-Ն համապատասխան կադրերի խնդիր ունի: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՀՀԿ-ում քննարկվում է Հերմինե Նաղդալյանի անունը: Սակայն, ըստ նույն աղբյուրի` Նաղդալյանին այդ պաշտոնը վերապահվելու է այն պայմանով, որ նա առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում չի լինելու եւ այլեւս պատգամավոր չի դառնալու: