Մեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո, մի քանի օր առաջ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ոստիկանությանը տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը: Այն դեպքում, երբ դեռ մայիս-հունիս ամիսներին, ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հրաժեշտից առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ի գործընկերությունը ՀՀ ոստիկանության հետ, մասնավորապես, բարեփոխումների իրականացման ուղղությամբ կշարունակվի: Ոստիկանությանը` ֆինանսական աջակցությունից զրկելու որոշումը, ըստ նույն տեղեկությունների, բացատրվում է այն հանգամանքով, որ մինչեւ Ոստիկանապետ դառնալը ՊՆ փոխնախարարի պաշտոնում Վ. Գասպարյանը տակավին վերջերս բանակում առկա արատավոր երեւույթների դեմ պայքարող հասարակական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, մասնավորապես` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին տարբեր հարցազրույցներում անվանել է «գրանտակերներ», «ազգի դավաճաններ», որոնք «հայրենիք չունեն»: ՊՆ-ում իրավապաշտպանների եւ ղեկավարության հետ փակ հանդիպումներից մեկին ներկա են եղել նաեւ Ա. Սաքունցը, Բաց հասարակության ինստիտուտի («Սորոսի» հիմնադրամի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի) ներկայացուցիչները: Ի դեպ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն, ի դեմս Ա. Սաքունցի, նոյեմբերի 10-ին, Վ. Գասպարյանի կողմից կազմակերպության պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Նշենք, որ ԱՄՆ կառավարությունը տարիներ շարունակ, ամեն տարի` հսկայական ֆինանսական աջակցություն, նվիրատվություն է ցուցաբերել ՀՀ ոստիկանությանը եւ առհասարակ` իրավապահ մարմիններին: Օրինակ, 2009թ. ԱՄՆ կառավարությունը ավտոմեքենաներ եւ համակարգչային տեխնիկա է տրամադրել Ոստիկանությանը, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 70.000 դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ը միջոցներ էր հատկացրել Ոստիկանության ուսումնական կենտրոններից մեկի վերանորոգման համար, շուրջ 40 հազար դոլար արժողությամբ մարզական գույք էր հատկացրել (մարզագորգեր, մարզական տանձեր, մարզա-պաշտպանական արտահագուստ, ուսումնական ռետինե դանակներ, ատրճանակներ, ձեռնաշղթաներ եւ այլն): Դա արվում էր Հայաստանի իրավապահ ոլորտում ԱՄՆ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համալիր ծրագրի շրջանակում: 2005թ. ՀՀ եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության մասին նամակ-համաձայնագրում կատարված փոփոխություններից հետո ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրել է 2,4 մլն դոլար, որը պետք է ուղղվեր 6 նախագծերի իրականացմանը: Ի դեպ, 2001թ. հունիսի 11-ին ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ նամակ-համաձայնագրի ստորագրումից ի վեր ՀՀ իրավապահ կառույցներին ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 5 միլիոն դոլարի աջակցություն: Քանի որ այս մասին մեզ հայտնի դարձավ երեկ երեկոյան, տեղեկության վերաբերյալ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: Այն կներկայացնենք մեր թերթի հաջորդ համարում: