– Քաղաքական շրջանակներում համոզմունք կա, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին մի քանի աղմկոտ պաշտոնանկություններն իրականացրեց, որովհետեւ այդ պաշտոնյաներն ինչ-որ կերպ կապ ունեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հետ: Այսպիսով նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին ապահովվե՞ց «տհաճ» անակնկալներից:
– Պարտադիր չէ, որ այն մարդիկ, ովքեր ընտրություններից հետո պաշտոնների են նշանակվել, 5 տարի պաշտոնավարեն: Կան ծրագրային փուլեր, եւ եթե մեկը մի քիչ վատ կամ լավ է աշխատել, ապա կադրային վերադասավորումներ են տեղի ունենում: Ընտրությունները մոտենում են, եւ այդ վերադասավորումներն ու փոփոխությունները նաեւ միտված են մեր ծրագրերը ավարտին հասցնելուն: Իհարկե, չեմ ժխտում, որ սա նաեւ առաջիկա ընտրությունների հետ է կապված, այսինքն` մենք մեր ուժերը վերադասավորում ենք: Մեր ծրագրերի կատարման ընթացքում գուցե անբավարարություն է եղել, կամ` այս փուլին տալիս ենք ավելի հարվածային ուժ: Ու քանի որ մենք նախագահական պետություն ենք, նաեւ ՀՀԿ-ն նախագահական կուսակցություն է, այս փոփոխությունները նախագահից են գալիս: Իհարկե` խորհրդակցելով կուսակցության ղեկավար մարմնի, իր խորհրդականների եւ իր շրջապատի հետ, ում ինքը հարմար է գտնում:
– ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի համար ԲՀԿ-ից ու Ռ.Քոչարյանից սպասվող վտանգը մե՞ծ է, որ կոալիցիոն հուշագիրն այս տարվա սկզբին թարմացվեց, իսկ անցած ամիս ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նորից հիշատակեց այդ հուշագիրը:
– Մարդը իրավունք չունի՞ հարցազրույց տա եւ ուշադրության արժանանա: Մենք միշտ հետեւել ենք կոալիցիոն հուշագրին, եւ որեւէ տարաձայնություն չի եղել:
– Եթե տարաձայնություն չի եղել, ինչո՞ւ էր անհրաժեշտ ստորագրել կոալիցիոն նոր հայտարարություն:
– Մեզ մոտ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները հաջորդում են իրար, եւ մեզ պետք էր հասկանալ, թե մեր գործընկերները, ովքեր մեզ հետ իրենց ուսերին կրում են իշխանության ծանր բեռը, դա շարունակելո՞ւ են մինչեւ 2013 թվականը: Կամ` սատարելո՞ւ են մեր նախագահի թեկնածությունը: Այդ հուշագիրը դրան էր միտված: Այսինքն` մենք կառուցում ենք ապագայի ռազմավարությունը, ցանկացած քաղաքական ուժ գոնե 4-5 տարի առաջ պիտի իմանա, թե ինչ է անելու: Դրա համար մենք նախօրոք` կոալիցիոն-ընկերական միտումով, առաջարկեցինք մի հուշագիր կազմել, որ բոլորս սատարելու ենք գործող նախագահին: Եվ դա տեղի ունեցավ որոշակի բանակցություններից հետո:
– Եթե բանակցություն է եղել, ուրեմն այդ հարցի հետ կապված անհամաձայնությո՞ւն է եղել:
– Մենք ժողովրդավարական երկիր ենք, ՀՀԿ-ն էլ ունի իր ներքին ժողովրդավարությունը, եւ, բնականաբար, բանակցությունների ընթացքում պիտի խոսակցություններ լինեն: Փոքր տարաձայնություններ կային, դրա համար էլ որոշակի ժամանակ բանակցում էինք: Զարմանալի կլիներ, որ ասեինք, ու միանգամից վազեին ստորագրելու: Բացի այդ, նախագահ էր փոխվել, պետական համակարգում փոփոխություններ են եղել, գործադիր, օրենսդիր մարմինների ղեկավարները փոխվեցին, եւ դրանից հետո առաջացավ նոր հուշագիր ստորագրելու անհրաժեշտությունը:
– Ամեն դեպքում խնդիրնե՞ր էին առաջացել այդ երկու ուժերի միջեւ:
– Իսկապես մի փոքր խնդիր եղել է, եւ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը կոալիցիոն հուշագրին: Դա հրապարակելու բան չէր: Նախագահ էր փոխվել, եւ կոալիցիայի վերահաստատումը նոր նախագահի շուրջ պետք է լիներ: Նախորդ հուշագրի ժամանակ այլ նախագահ էր:
– Իջեւանի քաղաքապետի ընտրությունների առնչությամբ կարծիք կա, թե նախընտրական շրջանում ՀՀԿ-ն որոշեց ստուգել իրավիճակը, իր ուժերը եւ չմիջամտեց ընթացքին: Կա նաեւ տեսակետ, թե Իջեւանում թույլ տրվեց, որ ընտրվի ԲՀԿ-ի թեկնածուն, եւ այդպիսով բարի կամք դրսեւորվեց այդ կուսակցության նկատմամբ` վերջին ճնշումների ազդեցությունը մեղմելու համար:
– Նախ` Իջեւանում որեւէ կողմից բողոքներ չեն եղել, եւ դա նշանակում է, որ ընտրություններն անցել են նորմալ: Մենք մեկս մյուսի հաշվին չենք ուզում առավելություններ ստանալ, ով ունի հասարակության քվեն, նա էլ հաղթել է: Ի վերջո, ԲՀԿ-ն մեր կոալիցիոն գործընկերն է:
– Չե՞ք կարծում, որ այդպես ազատ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն կարող է առաջատար դիրքերը զիջել նաեւ խորհրդարանական ընտրություններում:
– ՀՀԿ-ի ռեսուրսները շատ մեծ են, համայնքներում մեր ղեկավարները մեծամասնություն են կազմում: Եվ ճիշտ չէ մի համայնքի օրինակով նման եզրահանգում անել: Մենք հավատարիմ ենք մեր հուշագրում նշված կետերին, թե մեկս մյուսի հաշվին չենք փորձելու առավելություն ստանալ: Բայց դա չի նշանակում, որ չպիտի պայքարենք, եւ, որ բոլոր քաղաքներում հաղթելու են այլ ուժեր:
– Համայնքապետերին ՀՀԿ-ի ռեսուրսները համարեցիք: Այսինքն` այս ընտրություններում ՀՀԿ-ն նորից օգտագործելո՞ւ է վարչական ռեսուրսները:
– ԲՀԿ-ն էլ է տիրապետում վարչական ռեսուրսներին, բայց ոչ մեր չափ: Բայց դա վարչական ռեսուրս չէ, դա հասարակության տված քվեն է: Եթե հասարակությունը ձայն է տվել ՀՀԿ-ի թեկնածուին, ուրեմն ՀՀԿ-ի ռեսուրսն է:
– Նախագահը 2 շաբաթ առաջ հայտարարեց, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից: Բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարություններ մինչ այդ էլ եղել են: Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ ՀՀԿ-ական շատ գործարար պատգամավորներ` Աշոտ Աղաբաբյան, Տիգրան Արզաքանցյան, Խաչիկ Մանուկյան եւ այլք, շարունակում են հայտարարել, թե նորից առաջադրելու են իրենց թեկնածությունը:
– Նախագահն իր այդ հայտարարությունը նախկինում էլ է արել, բայց ընտրվելուց հետո հայտնի իրադարձությունները խանգարեցին այդ գործընթացներին, դրա ժամանակը չէր: Մենք գնացինք բարեփոխումների, եւ այդ բարեփոխումների ծրագրի մեջ մտնում էր գործարարության եւ պետական համակարգի տարանջատումը: Պարզապես հիմա եկել է դրա մասին բարձրաձայնելու եւ որոշակի գործողություններ անելու ժամանակը: Եթե մարդը քաղաքական բարձր պաշտոն ունի եւ գործարար է, ապա նա հանգիստ կարող է իր պաշտոնն օգտագործել իր բիզնեսը մեծացնելու համար: Բոլոր քաղաքակիրթ երկրներում մասնավոր եւ պետական համակարգերը տարանջատված են: Բայց այդ տարանջատումը մի օրում չի կարող լինել, դա պետք է սահուն եւ անցնցում լինի: Նախ` քաղաքական բարձր պաշտոնյաներին եւ գործարարներին պետք է բացատրենք, որ դա անհրաժեշտ է պետության նորմալ գոյության համար, այլապես տնտեսությունն անընդհատ կաղալու է, անձնական շահեր են աշխատելու: Իսկ մեզ մոտ քանի որ այդ բարեփոխման փուլը նոր է սկսվում, որոշակի ժամանակ է պետք: Ժողովուրդը թող չսպասի, որ վաղը Ս.Սարգսյանը կհեռացնի բոլոր քաղաքական պաշտոնյաներին, որովհետեւ նրանք բիզնես ունեն: Ոչ, դա պետք է դանդաղ պրոցես լինի` բացատրելով, որ սա անհրաժեշտ է թե բիզնեսմենի, թե պետության համար: Եթե մենք դա չանենք, թե ՌԴ-ից, թե Եվրոպայից մեզ աջակցման, վարկավորման ակնկալիքներ չեն լինի: Նրանք ասում են` տարանջատեք: Ինչպես որ գնացինք բարեփոխումների` մարդու իրավունքների, այսպես կոչված` քաղկալանավորներին ազատելու դեպքում: Հիմա արդեն հաջորդ` քաղաքական պաշտոնի եւ բիզնեսի տարանջատման փուլն է լինելու: Բայց միանգամից չի լինի: Նեղացածների բանակ հանելը ճիշտ չէ: Պետք է անցնցում լինի:
– Դուք ասում եք, թե այդ տարանջատման գործընթացը պետք է դանդաղ անել: Այսինքն` չպե՞տք է ակնկալել, որ այդ տարանջատումը կլինի 5-6 ամիս հետո, երբ կձեւավորվեն նոր խորհրդարանն ու կառավարությունը:
– Պետք է ակնկալենք, որ հաջորդ խորհրդարանում ավելի քիչ կլինեն, քան հիմա: Խնդիրն այն է, որ բիզնեսն ուղղակի ձեւով չկարողանա ազդել օրենսդիրի վրա, քաղաքական որոշումների վրա:
– Գործարար պատգամավորներից շատերն ասում են, թե իրենք այլեւս գործարար չեն եւ զբաղվում են օրենսդիր աշխատանքով: Պարզապես սեփականություն ունեն, ու դա հանձնել են կառավարման: Բայց իրականությունն այլ է, եւ բոլոր պաշտոնյաներն անձամբ են կառավարում իրենց բիզնեսը, իրենց պաշտոնն օգտագործում են բիզնեսն ընդլայնելու համար: Չե՞ք կարծում, որ մյուս բարեփոխումների նման, այս տարանջատումն էլ իմիտացիոն բարեփոխում է լինելու:
– Գործարարներից ոմանք կուսակցական ցուցակներով են պաշտոնյա դարձել: Իսկ հիմա դրա համար գոյություն ունի 41 մեծամասնական տեղ, որտեղ թե՛ գործարարը, թե՛ բժիշկը իրավունք ունեն առաջադրվել: Ժողովուրդը եթե կընտրի գործարարին կամ մյուսին, ապա նրանք իրավունք ունեն գալ խորհրդարան: Իսկ կուսակցական ցուցակներում արդեն կաշխատենք մինիմումի հասցնել գործարարների թիվը:
– Դուք նրանց Ձեր ցուցակներից հանում եք, բայց տալիս եք մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու հնարավորություն: Իսկ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գերակշիռ մասը գործարարներ են: Նրանք էլ իրենց թաղային հեղինակությունների հնարավորություններով, կաշառքով դառնում են պատգամավոր: Նորից իմիտացիա է ստացվում:
– Եկեք նայենք մեր ժողովրդի կամքին: Եթե նա ընտրում է մեկին, ով նրան օգնել է, ուրեմն նա արժանի է, որ այդ մեկը լինի իր ղեկավարը: Եթե չընտրի, ի վերջո, այդ մարդը չի կարող ընտրվել: