«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի ծիրանագույն փողկապը, որը նա կրում է հանրահավաքների ժամանակ` որպես հեղափոխության խորհրդանիշ, ըստ հավաստի տեղեկությունների՝ ընդդիմության առաջնորդին նվիրել է ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն: Երեկ մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հաստատեց այն փաստը, որ իր փողկապը Ուկրաինայից են նվեր ուղարկել, սակայն չբացահայտեց նվիրողի անունը: Պրն Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն մի նարնջագույն փողկապ էլ նվիրել են ԱՄՆ-ից: «Ծիրանագույնը հայկական գույն է, հայոց արքաների ծիրանին է հիշեցնում»,- ասաց Արամ Զ. Սարգսյանը:
Ի դեպ, լավատեղյակ աղբյուրների վկայությամբ` այս օրերին ՀՀ Մաքսային պետական կոմիտեն արգելում է ծիրանագույն կտորների ներմուծումը Հայաստան: Այս առնչությամբ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ օրերս Երեւանի որսորդական խանութներից մեկում իրենք ծիրանագույն վրաններ են տեսել եւ եղած չորս հատն էլ գնել են: Դրանից հետո խանութի տիրոջն արգելել են այլեւս ծիրանագույն վրաններ բերել ու վաճառել: Հիմա այդ խանութում, ինչպես ասաց Արամ Սարգսյանը, կարելի է հանդիպել միայն կանաչ վրանների: