Դը Վաալը` արտագաղթի մասին

22/11/2011

Կարնեգի Հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը իր` «Հայաստանի բնակչության արտահոսքը» հոդվածում գրել է, որ` չնայած աշխարհն անցած շաբաթ նշեց իր յոթմիլիարդերորդ բնակչի ծնունդը, սակայն որոշ երկրներում բնակչության թվի պակաս կա: Նրա դիտարկմամբ` դրանք մեծամասամբ նախկին խորհրդային երկրներն են, որոշներում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում, խնդիրը ծնելիության մակարդակն է, որոշներում` արտագաղթը, բնակչության արտահոսքը: Անդրադառնալով Հայաստանին, դը Վաալը գրել է. «Դա տեղի ունեցավ 23 տարի առաջ` հաջորդ ամսին (դեկտեմբերին), Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրին, սակայն, չի վերականգնվել 1988թ. ավերիչ երկրաշարժից: Երկրաշարժի հետեւանքով զոհվեց բնակչության 8 տոկոսը: Հայկական թերթերից մեկի խմբագիր Լեւոն Բարսեղյանը, որ անցած շաբաթ Գյումրիում իմ անձնական էքսկուրսավարն էր, հպարտորեն նշեց նրբաոճ սեւ քարե տների մասին, ինչով հայտնի է նախկին սովետական այս քաղաքը: Նա խոսեց նաեւ հին շուկայի մասին, որը մինչեւ այսօր ավերված է. իրականում սովետական շենքերը փլուզվել են, իսկ ավելի հին շենքերը` կանգուն մնացել: Նա նաեւ պատմեց ինձ, որ 6000 ընտանիք շարունակում է ապրել ժամանակավոր կացարաններում, որոնք նրանց սովետական կառավարությունն էր տրամադրել»: Դը Վաալի դիտարկմամբ, սակայն, վերոնշյալը միակ խնդիրը չէ, քանի որ բազմասենյականոց կառույցներից շատերը կիսով չափ դատարկ են. հազարավոր մարդիկ պարզապես թողել-հեռացել են: Դը Վաալը նշում է, որ արտագաղթի խնդրին բախվում են Միջին Ասիայի երկրները, Վրաստանը եւ Ադրբեջանը, որտեղ երիտասարդները, թողնելով իրենց հայրենիքը, հիմնականում մեկնում են Ռուսաստան` աշխատանք գտնելու: «Այս խնդիրն առավել ընդգծված է, սակայն, երկու երկրում` Մոլդովայում եւ Հայաստանում: Հայաստանից արտագաղթի մակարդակը, բացարձակ թվերով, այդքան էլ չի զիջում հարավկովկասյան հարեւանների` Ադրբեջանի եւ Վրաստանի արտագաղթի ցուցանիշներին: Սակայն, բնակչության փոքր թիվն այն ավելի սուր խնդիր է դարձնում: Սովետական վերջին մարդահամարի համաձայն` Հայաստանի բնակչության թիվը 3,3 մլն է, որոնց երկու երրորդը` քաղաքաբնակ է, մեկ երրորդը` գյուղաբնակ: Այսօր հավանաբար գյուղական բնակչության կեսը, ինչպես նաեւ` քաղաքային բնակչության զգալի մասն արտագաղթել է` աշխատանք փնտրելու»,- գրել է նա: Ըստ նրա` 2001թ. մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը 3 միլիոնից քիչ ավելի է. «Թվի կրճատում գրանցվեց` չնայած այն հանգամանքին, որ 1989-92թթ. ավելի քան 400.000 մարդ էր Հայաստան մտել, որոնց մի մասը Լեռնային Ղարաբաղից փախստականներ էին, կամ Մերձավոր Արեւելքից ներգաղթյալներ: Այդ մարդկանց որոշ մասը մնաց Հայաստանում, բայց, հավանաբար, մոտ մեկ միլիոն մարդ լքեց երկիրը սովետական կարգերի փլուզումից հետո: 2009թ. Gallup-ի անցկացրած ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նախկին սովետական երկրներից ամենաշատը Հայաստանի բնակիչներն են ցանկանում ժամանակավոր աշխատանք գտնելու նպատակով արտասահման մեկնել, իսկ երկրորդ տեղում Մոլդովան էր (համապատասխանաբար` 53 եւ 44 տոկոս): Իսկ ահա իրենց երկիրը մշտապես լքել ամենաշատը հայաստանցիներն էին ցանկացել, երկրորդ տեղում նոր Մոլդովան էր` 39 եւ 36 տոկոս»: Նաեւ նկատել է. «Հայաստանը փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը շարունակում է տառապել Ադրբեջանի հետ հակամարտության տնտեսական հետեւանքներից։ Խնդիրը դժվարանում է նաեւ նրանով, որ սփյուռքում երկու անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան Հայաստանում, եւ նրանք տանում են իրենց հարազատներին… Այժմ այդ հարցը խնդիրներ է առաջացնում նույնիսկ Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ. վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակավ իր անհանգստությունն էր հայտնել ՌԴ կառավարության` «Հայրենակիցներ» անունը կրող ծրագրի առնչությամբ, որը հազարավոր հայերի քաղաքացիություն եւ աշխատանք է խոստանում, եթե նրանք գնան եւ բնակեցնեն Սիբիրի անմարդաբնակ վայրերը: Իրականում դաշնակիցն իր ժողովրդագրական խնդիրները լուծում է մյուսի հաշվին»: Ըստ դը Վաալի` Համաշխարհային բանկի 2010թ. գնահատականներով` Հայաստանի ՀՆԱ-ի 9 տոկոսը գոյանում է տրանսֆերներից. «Երկիրը դժվար թե զարգանա, եթե այն թուլանում է արտագաղթով: Գյուղատնտեսությունը ծածկում է միայն առաջին անհրաժեշտ պահանջները: Մեծ լարվածություն է` պահել 80.000-անոց բանակ Ադրբեջանին դիմակայելու համար, երբ 1990-ական թթ. ծնված 18-ամյա տղաների թիվն այդքան քիչ է»,- ընդգծել է վերլուծաբանը: