Երեւանի քաղաքապետարանի ավագանու Քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչ Պողոսյանը երեկվա ասուլիսում` անդրադառնալով «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ 50 հարկանի շինության կառուցմանը, հայտարարել է, որ Աբովյան փողոցում գտնվող Նկարիչների միության տարածքը 2009թ. Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի իմացությամբ վաճառվել է պարսկական ընկերությանը: Պողոսյանի խոսքով` այն ժամանակ տրվել է 25 հարկանի շինության կառուցման թույլտվություն, ինչը, ըստ նրա` անթույլատրելի է։ «Թեկուզ 25 հարկանի շենք այդ տարածքում կառուցել չի կարելի: Խնդիրը պետք է շտապ քննարկվի Ճարտարապետների միությունում, եզրակացությունը ներկայացվի քաղաքապետարան, եւ հարցին լուծում տրվի»,- ասել է նա: Իսկ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքով` «Մոսկվա» կ/թ հարեւանությամբ իրանական 50 հարկանի շինության կառուցման նախագիծ է ներկայացրել իրանական կիսապետական մի ընկերություն` Վիեննայում բնակվող մի պարսիկ ճարտարապետի նախագծով: