ՀՅԴ-ն Փարիզում հայտարարություն է տարածել` կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` քննադատել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարությունը` Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ շտապ ընդունել օրենք Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: ՀՅԴ-ի հայտարարության մեջ ասվում է.
«ՀՅԴ-ն տեղեկացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարության մասին` Ֆրանսիայում հայ եւ թուրք պատմաբաններից բաղկացած հանձնաժողովի ստեղծման մասին, որը վերաբերում է Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակաշրջանի ուսումնասիրությանը: ՀՅԴ-ն վրդովված է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությունից, որով կասկածի տակ է դրվում Հայոց ցեղասպանության իրականացման փաստը: Ֆրանսիական կառավարությունը չի կարող կոչ անել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ միաժամանակ առաջարկել պատմաբանների հանձնաժողովի ստեղծում, որը պետք է որոշում ընդունի Հայոց ցեղասպանության իրավացիության վերաբերյալ: Դրանք անընդունելի հակասություններ են ֆրանսիական իշխանությունների կողմից, որոնք ակնհայտորեն որոշել են երկակի խաղ վարել ճշմարտության եւ ժխտման հարցում: Դա է շեշտում նաեւ այն հանգամանքը, որ երբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստանում է, Կլոդ Գեանին շտապ գործուղել են Թուրքիա: Հայկական համայնքը բարկացած է եւ վճռական գործողությունների է սպասում Հանրապետության նախագահի կողմից: Այդ թվում ակնկալվում է Սենատի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Նիկոլա Սարկոզին դեռ Երեւանում էր խոստացել անել դա. թող կատարի իր խոստումը»: