Դերասանները չսիրեցին Ռուբեն Հովսեփյանին

18/11/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

«Ես եկել եմ ոչ թե քարոզելու, որ անպայման գնաք «այո» կամ «ոչ» ասեք սահմանադրական փոփոխություններին, այլ եկել եմ ասելու, որ ճիշտ կողմնորոշվեք»,- երեկ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը: Իսկ քիչ անց ինքն իրեն հակադրվեց` ասելով. «Մեկ ամիս է, խոսում են այս մասին` մարդկանց շեղելով ճիշտ կողմնորոշվելու իրավունքից»:

Դահլիճը գրեթե դատարկ էր, ուսանողներն անընդհատ ներսուդուրս էին անում, եւ երբ դահլիճից դուրս եկողների հոսքը մեծացավ, ինստիտուտի ուսխորհրդի ղեկավարը, որը Ռ. Հովսեփյանի հետ բեմում էր, ուսանողներից մեկին կանչեց իր մոտ եւ կարգադրեց փակել դռները: Դահլիճի նստարանների վրա, գետնին թափված էին կառավարության տպագրած սահմանադրական փոփոխությունների գրքույկները: Ակնհայտ էր, որ ոչ միայն գրքույկները, այլեւ Ռ. Հովսեփյանի բացատրությունները, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ երկիրն այս փոփոխություններն ընդունելուց հետո, որեւէ մեկին չեն հետաքրքրում: «Երբեք նման անհարմարավետ վիճակ չեմ ունեցել, ինչպես այսօր, որովհետեւ ես միշտ այս ինստիտուտում եղել եմ դահլիճում նստած, եւ դուք եք եղել բեմում: Այս դահլիճից ես միշտ տեսել եմ ձեր երգը, պարը, խաղը: Բնականաբար, ես այսօր չեմ կարող ձեզ այնքան վայելք պատճառել, ինչպես դուք, բայց մխիթարանքն այն է, որ ուժերիս ներածին չափով կարող եմ օգտակար լինել հանրաքվեի թոհուբոհի մեջ»,- զգալով ուսանողների տրամադրվածությունն` իր ելույթի նախաբանում ասաց Ռ. Հովսեփյանը: Բայց քանի որ նա չէր կարող անմիջապես թողնել ու հեռանալ, մի քանի նախադասություն ասաց. «Այս բոլոր փոփոխությունների հետեւանքով գալիս է մի իրավիճակ, երբ տեսնում եք, որ հին սահմանադրությունը, ինչպես հին շորն` արդեն չափիդ չի գալիս: Այս երկրին այս սահմանադրությունն արդեն իր հասակին հարմար չէր, ինչպես հասակի հետ մարդիկ հագուստն են փոխում ոչ թե հնանալու պատճառով, այլեւ չափսի իմաստով, այնպես էլ` սահմանադրությունը»,- ապագա դերասաններին փորձեց գեղարվեստորեն բացատրել գրող Ռ. Հովսեփյանը: Սակայն դահլիճը հեգնելով արձագանքում էր. «ծը, ծը, ծը…հագին չի գալիս, էրեխեն մեծացել ա»: Ռ. Հովսեփյանն ասաց, որ գործող սահմանադրության տեքստի վրա բավականին շատ փոփոխություններ են արվել, որոնք ի վերջո նպատակ ունեն զարգացնել քաղաքական հասարակությունը, որոնք անմիջականորեն առնչվելու են նաեւ իրենց: Իսկ սովորական քաղաքացին ե՞րբ է զգալու այդ փոփոխությունը` անմիջապես հետաքրքրվեց ուսխորհրդի ղեկավարը: «Չեմ ուզում ասել, որ հանրաքվեի հաջորդ օրվանից հետո այդ բոլոր փոփոխությունները կիրագործվեն, ես ուղղությունների մասին եմ խոսում, որին դուք պետք է պարտադիր մասնակից լինեք»,- ասաց պատգամավորը: Դահլիճը դարձյալ դժգոհ էր. ապագա դերասանները լրիվ դերի մեջ էին. «Ի՞նչ եք ասում… ասացեք` խնդրեմ» եւ այլ ռեպլիկներ արձակելով: «Այս փոփոխություններով յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն է ունենում: Վերջին տարիներին մեր ժողովուրդը բողոքելու տեղ չունի: Ո՞ւր գնար` դատարա՞ն: Շատ լավ, բայց դատարաններում բավականին շատ քաշքշուկներ են լինում եւ միշտ չէ, որ արդարացի որոշումներ են լինում: Եթե մարդը կարծում է, որ իր հետ դատարանում անարդարացի են վարվել, ուրիշ որտե՞ղ գնա: Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը տրվել է, որովհետեւ այն շատ ավելի անաչառ ինստիտուտ է, որտեղ մարդիկ դիմելով կարող են դատարանի անարդարությունը որոշ չափով մեղմել,- շարունակեց պատգամավորը։- Ամենակարեւոր խնդիրը դա է: Մինչեւ հիմա Սահմանադրական դատարան շատ քիչ թվով հիմնարկներ եւ մարդիկ կարող էին դիմել: Իսկ այսօր ՍԴ դուռը բաց է լինելու բոլորի առաջ, որի նպատակն այն է, որ մարդու միջից այս ճորտությունը մի քիչ դուրս գա, որպեսզի ինքը կարողանա իր իրավունքներն այս երկրում իրագործել: Բայց սա նորից հնարավոր չէ միանգամից կիրառել»: «Այ, էդ մեկը դու պիտի չասեիր»,- վերջին նախադասությունից հետո ծիծաղելով ասաց Թատերագիտական ֆակուլտետից մի երիտասարդ, ու տեղից վեր կացավ` ընկերոջն ասելով. «Իսկ սա հնարավոր է միանգամից կիրառել»: Ռ. Հովսեփյանն այս ընթացքում արդեն պատասխանում էր երկքաղաքացիության մասին ուսխորհրդի ղեկավարի հնչեցրած հաջորդ հարցին. «Եթե ինձ հարցնելու լինեք, թե այս սահմանադրության մեջ ի՞նչն է, որ քեզ ավելի շատ դուր է գալիս, կասեմ` այս դրույթը, որով մենք պետք է պահպանենք մեր ազգային շահը: Իմ դաստիարակությամբ ես ազգային շահը շատ ավելի բարձր եմ գնահատում, քան պետական շահը,- ասաց նա` ավելացնելով,- սա շատ մեծ դրույթ է, որին մենք (նկատի ունի ՀՅԴ-ին.- Լ.Ս.) չկարողացանք հասնել առաջին սահմանադրության ստեղծման ժամանակ: Բայց այն մարդիկ, ովքեր այն ժամանակ դեմ էին այդ դրույթին, մինչեւ այսօր պահպանում են իրենց իներցիոն ուժը, եւ որպեսզի կարողանան իրենց ասածը հիմնավորել, ընկնում են շատ տարօրինակ, զավեշտալի, նաեւ` շատ տգեղ հիմնավորումների մեջ»: Իսկ հետո պատգամավորը պատմեց, թե ինչպես է ինքը վերջերս ինտերնետում փնտրել այն երկրները, որոնք եւս թույլատրում են երկքաղաքացիությունը. «Բանից պարզվեց, որ ոչ բոլոր երկրներում այն կա, բայց այս օրենքը գործում է հատկապես այն երկրներում, որտեղ իրենց ազգի հետ կապված պրոբլեմներ կան»:

Ուսխորհրդի ղեկավարի հաջորդ հարցը վերաբերում էր ընդդիմության հայտարարություններին, թե այս փոփոխություններով հնարավոր է հեշտությամբ հանձնել երկրի սահմանները: «Սա հիվանդագին խոսակցություն է, որի վրա կարող էին շահարկումները հաջողացնել: Նույն հոդվածի մեջ գրված է, որ ԱԺ-ն կարող է պատերազմ հայտարարել: Եթե Ազգային ժողով է, եթե այդ ԱԺ-ին վստահում ես, չեմ ասում` այս ԱԺ-ին կամ վաղվա, որին կարող եք հավանել կամ չհավանել, բայց մեր պետության բարձրագույն մարմինն է, եթե նրան չեք վստահում` ապա ո՞ւմ եք վստահում: Ուրիշ բան, որ շատ հնարավոր է, որ ԱԺ-ն իր վրա նման մեծ պատասխանատվություն չվերցնի եւ նման հարցերն ինքը դնի հանրաքվեի: Եթե դուք ԱԺ-ին տեսականորեն ընդունում եք որպես բարձրագույն մարմին ու նրան եք վստահում պատերազմի, օրենքներ ստեղծելու եւ այլ հարցեր, էդ ինչո՞ւ չեք վստահում սահմանների խնդիրը: Լավ, ինչո՞ւ եք ԱԺ-ին այդ կանխավարկածով մոտենում, որ այնտեղ պիտի հավաքվեն դավաճաններ, ովքեր կարող են վաղը-մյուս օրը սահմանները վաճառել թուրքին: Ո՞վ է նման բան ասել: Ամեն ինչ կարող է լինել. կարող է տգետ պատգամավորներ լինեն, իրենց շահի համար հազար ու մի բան անեն, բայց դավաճան հնարավոր չէ լինեն: Դա մեծ մեղադրանք է, աշխատեք դրանից հեռու լինել»,- ուսանողներին խորհուրդ տվեց Ռ. Հովսեփյանն ու դրանով եզրափակեց իր հանդիպումը: Կես րոպե հետո դահլիճում այլեւս մարդ չկար, իսկ Ռ. Հովսեփյանն այնքան էր շփոթվել, որ բեմից իջնելու փոխարեն մտել էր բեմի կուլիսների ետեւը: Բարեբախտաբար, նա արագ կողմնորոշվեց ու հետ վերադարձավ բեմ: