Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ավելի քան երեքուկես տարիների ընթացքում, թերեւս, ընդամենը մի ճշմարտացի հայտարարություն է արել` Բրյուսելում ունեցած ելույթում: «Ներկայումս Հայաստանում կա ճեղքվածք` հայտարարագրված արժեքների եւ իրականության միջեւ»,- նոյեմբերի սկզբին Եվրոպական Ժողովրդական կուսակցության ասամբլեայի նիստում ասել է Տ. Սարգսյանը: Նրա այդ հայտարարությունը Հայաստանի իշխանություններն ապացուցում են գրեթե ամեն օր, գրեթե ամեն որոշմամբ ու ամեն քայլով: Ընդ որում, վերջին շրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւս կարծես ամեն ինչ անում է վարչապետի այդ խոստովանությունն ապացուցելու համար: «Մեր առջեւում կարեւոր ժամանակաշրջան է: Շատերը, եթե ոչ բոլորը, խոսելու են միասնության մասին: Դա, իհարկե, շատ ճիշտ եւ ողջունելի մոտեցում է: Սակայն պարտադիր է հստակեցնել` այդ միասնությունը ինչի շուրջ է պետք կառուցել: Կարծում եմ, որ պատասխանն ակնհայտ է` միասնությունը պետք է կառուցել արժեհամակարգի, արժեքների եւ օրենքների շուրջ: Այս արժեհամակարգին պատկանող յուրաքանչյուր անհատ մեր համախոհն է, մեր բնական դաշնակիցը»,- երեկ Երեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Ս. Սարգսյանը: Որպես հայտարարություն` հրաշալի հայտարարություն է: Ավելի պատկերավոր դժվար է բնութագրել այն, ինչը բացակայում է այսօր Հայաստանում եւ ինչն ուղղակի կենսական անհրաժեշտություն է երկրի համար: Սակայն իրականում այսօր Հայաստանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց հակասում է այս հայտարարության տրամաբանությանը: Ընդ որում, խոսքն այն գործընթացների մասին է, որոնք կատարվում են իշխանությունների, այդ թվում` Ս. Սարգսյանի ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ: Տ. Սարգսյանը հայտարարում է` «ով մեզ հետ չի համագործակցի, կհայտնվի կոտրած տաշտակի առաջ», եւ բոլորը համախմբվում են այդ «թեզի շուրջ»: Իրար հետեւից` առանց որեւէ տրամաբանական հիմնավորման, պաշտոնանկություններ են տեղի ունենում, բոլորը համախմբվում են այդ պաշտոնանկություններին «իմաստուն» բացատրություն տալու շուրջ: Իսկ արդեն պաշտոնանկ եղածները` նախագահին ծառայելու հավատարմության երդումի ու նաեւ «Արմնյուզի» հեռուստախցիկի շուրջ: ՀՀԿ-ական մարզպետը մարդ է ծեծում` բոլորը համախմբվում են «նախաքննության ավարտին սպասելու շուրջ»… Օրինակները կարելի է շարունակել: Եթե որեւէ մեկը դրանց մեջ գաղափարական, արժեհամակարգային որեւէ տարր կգտնի, թող հարցազրույց տա «Արմնյուզին»: