Ադրբեջանը պատրանքների մեջ է

19/11/2011

«Հայերը չեն հանձնելու Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը պատրանքների մեջ է»,- ArmRADIO ռադիոկայանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Կարնեգիի հիմնադրամի` Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը: «Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շատ փոքր է: Այս տարվա հուլիսին ես այցելեցի Բաքու, եւ Կազանի հանդիպումից հետո նրա արձագանքն այնպիսին էր, որ նրանք չեն ցանկանում պատերազմ: Ադրբեջանը զենքի վրա գումարներ է վատնում` ոչ թե պատերազմ մղելու, այլ որպեսզի Հայաստանին ստիպեն ներքաշվել սպառազինությունների մրցավազքի մեջ եւ արդյունքում` սնանկանալ: Կարծում եմ, որ Ադրբեջանը պատրանքների մեջ է,- ասել է նա` ավելացնելով,- Անկախ ֆինանսական հնարավորություններից` հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա: Եթե 10-15 տարով հետ գնանք, ապա միանշանակ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում էին նույն հարթության վրա: Ներկայումս Ադրբեջանն առավել հարուստ ու ուժեղ երկիր է: Բայց արդյոք կարելի՞ է դա կապակցել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Ո՛չ, չեմ կարծում, քանի որ, եթե անգամ Հայաստանն առավել աղքատ ու թույլ երկիր է, նա Ղարաբաղի պաշտպանության համար կանի իր ուժերի սահմաններում ամեն ինչ: Եվ, թեեւ, ես չեմ կարծում, որ Հայաստանը շատ լավ սոցիալ-տնտեսական հեռանկարներ ունի, սակայն, դրա հետ մեկտեղ, չեմ կարծում, որ Հայաստանը ստիպված կլինի Ղարաբաղը զիջել Ադրբեջանին»: