Երեկ Երեւանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Երեւանի պատվավոր քաղաքացիներ, պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ: Տարոն Մարգարյանը երդվել է ազնվորեն եւ բարեխղճորեն կատարել Երեւանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երեւանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման եւ բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը եւ սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական եւ հոգեւոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»,- ասել է Տ.Մարգարյանը: Նորընտիր քաղաքապետին շնորհավորել է նաեւ Ս. Սարգսյանը` ասելով. «Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ: Տարոն, մեզ եւ քո բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես: Մենք կանգնած ենք քո կողքին եւ մշտապես պատրաստ ենք քեզ օժանդակելու եւ սատարելու, բայց օժանդակությունն ու աջակցությունը շատ լավ բաներ են, սակայն յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքը պետք է կրի իր ճակատագիրը, ինքը պետք է լավ աշխատի: Անհրաժեշտ է ձեւավորել համախոհների մեծ թիմ եւ լուծել Երեւանի առջեւ ծառացած խնդիրները»: Ս. Սարգսյանն իր խոսքում նաեւ նշել է, թե քաղաքային իշխանությունները չպետք է կտրվեն իրականությունից եւ հստակ գիտակցեն, թե ինչով է ապրում ու շնչում մայրաքաղաքը։ «Այսօր անհրաժեշտ է մարդկանց օգնել եւ միավորել, որպեսզի նրանք տեր կանգնեն ոչ միայն իրենց օջախին, այլեւ շենքին, բակին, շրջանին եւ ողջ քաղաքին: Դա է քաղաքապետի, ավագանու եւ քաղաքապետարանի առաքելությունը: Վստահ եմ, որ Տ.Մարգարյանը պատրաստ է պատվով կատարել այս դերը»,- ասել է Ս.Սարգսյանը: Նաեւ հավելել է. «Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում եւ տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսեւորել է որպես համայնքի հմուտ եւ հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը: Այդ համակրանքը չի սահմանափակվել ոչ Ավանով, ոչ էլ Հանրապետական կուսակցությունով: Այսօր նա լրջագույն պատասխանատվություն ստանձնեց քաղաքի եւ Մարգարյան անվան հանդեպ»: