Մարզպետը եւ գործարար կինը հարցաքննվել են

19/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ Երեւանի Արաբկիր վարչական շրջանի հարկային տեսչությունը ստուգումներ է սկսել գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» հացի գործարանում:

Հիշեցնենք, որ վերջինս գործարանը գնել էր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից: Այդ գործարանը մինչ այդ գրավադրված էր «ՎՏԲ Հայաստան» բանկում: Երեկ մենք փորձեցինք ստուգումների մասին որոշ տեղեկություններ ստանալ Ս. Համբարձումյանից: «Կարծում եմ` հերթական ստուգումներն են: Ես դա չեմ կապում կատարվածի հետ: Ես խնդիր չունեմ: Խրոնոմետրաժ են անում, որը լինում է տարին 1-2 անգամ, թե արդյո՞ք ֆակտուրայով են գնում խանութները, եւ այլն: Ամեն դեպքում լավատես եմ եւ չեմ ուզում ինչ-որ բանի վերագրել»,- նշեց գործարար կինը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին գործարար կնոջ գրավոր հաղորդագրության հիման վրա հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ` նոյեմբերի

14-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կատարվածի կապակցությամբ: Մարզպետը հարվածել էր գործարար կնոջը: Իսկ Ս. Խաչատրյանի եւ Ս. Համբարձումյանի միջեւ հակամարտությունը սրվել էր այն բանից հետո, երբ Համբարձումյանը մամուլի ասուլիսին հայտարարել էր մարզպետի կողմից` իրեն պատկանող 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը գողանալու մասին: Ս. Խաչատրյանը, սակայն, մեզ հետ զրույցում հերքել էր դա` գործարար կնոջը անվանելով «հոգեկան հիվանդ» եւ «շանտաժյոր»: Ավելին, ասուլիսից հետո մարզպետը նաեւ հայտարարել էր, թե իրեն վիրավորելու համար դատի է տալու գործարար կնոջը: Ինչեւէ, «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կատարվածի կապակցությամբ երեկ մարզպետը հարցաքննության էր կանչվել ՀՔԾ-ում, ինչի մասին, ըստ Ս. Համբարձումյանի` ինքը տեղյակ չէր: Վերջինս միայն նշեց, որ մեր զրույցից անմիջապես հետո պատրաստվում է գնալ հարցաքննության: Նշենք նաեւ, որ նոյեմբերի 17-ին ՀՔԾ ՀԿԳ քննիչ Գեւորգ Գեւորգյանը, ում վարույթում քննվում էր Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը, նշանակվել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության պետի պաշտոնում: Վերոնշյալ քրգործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ ՀԿԳ քննիչ Արշալույս Մինասյանին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված քննիչի փոփոխման քայլը, Ս. Համբարձումյանը պատասխանեց. «Հենց Մինասյանն էլ ինձ ասաց, որ Գեւորգյանին նոր պաշտոն են տվել: Ես հարցրեցի նրան, թե կարո՞ղ է քննիչը դիտավորյալ է փոխվել, ասաց` ոչ»: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե Սյունիքի մարզպետը պատրաստվում է տեղափոխվել Ֆրանսիա (Լիոն), գործարար կինը պատասխանեց, որ ինքը լուրջ չի վերաբերվում տարածվող այդ լուրերին: Մեր այն դիտարկմանը, թե մարզպետը չի կարող տեղափոխվել այլ երկիր քրեական գործի՞ պատճառով, գործարար կինը պատասխանեց. «Չէ, չէ, ինձ թվում է` նա էն մարդկանցից չէ, որ թողնի հայրենիքը: Ինքը էս երկրում է լավ զգում»: «Թե՞ այս երկրում է կարողանում դրսեւորել իր իշխանությունը»` մեր հարցին ի պատասխան` գործարար կինը ավելացրեց. «Ուրիշ որտե՞ղ նրան իշխանություն կտան»:

Երեկ մենք զանգահարել էինք նաեւ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, ով, ըստ Ս. Համբարձումյանի` զանգահարել էր իր ոչ հարազատ եղբորը` խնդրելով հարթել մարզպետի հետ ունեցած տարաձայնությունները: Ա. Գիզիրյանը, սակայն, ոչ միայն հերքեց դա, այլեւ նշեց, որ իրեն հետաքրքիր չէ կատարվածը: Այնուհետ մարզպետը անջատեց հեռախոսը: «Աշոտ Գիզիրյանը զանգահարել էր իմ ոչ հարազատ եղբորը: Նա մենակ չէր խոսակցության ժամանակ, էլի մարդիկ կային: Պաշտոնյաներ չէին, որքան մտերիմ մարդիկ: Ինձ անուններ չտվեցին, բայց միայն Գիզիրյանը չէր եղել: Եթե պետք լինի, ափսոս, եղբայրս այստեղ չէ, երբ կգա` կասենք»,- ասաց Ս. Համբարձումյանը, ով երեկ 1 ժամ 25 րոպե հարցաքննվել է ՀՔԾ-ում: Գործարար կնոջ փոխանցմամբ` ինքը պատմել էր այն, ինչ այս օրերին ներկայացրել էր ԶԼՄ-ներին:

Երեկ մենք փորձեցինք խոսել նաեւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հետ: Այս անգամ եւս հեռախոսազանգերին պատասխանեց նրա վարորդը, ով նույնիսկ ներկայացավ. «Մարզպետի վարորդն ա` Մանվելը, հիմա մարզպետը Մեղրիում ա: Հեռախոսը թողել ա մեքենայի մեջ»: Հետաքրքիր է. նույն օրը մարզպետը եւ՛ հասցրել էր հարցաքննվել ՀՔԾ-ում, եւ՛ ընդամենը մի քանի ժամ հետո «հայտնվել» Մեղրիում: