Հմայակը սպասում է ԲՀԿ-ի առաջարկին

19/11/2011

«Քաղաքական համակարգը վերլուծելիս հասկանում ենք, որ Հայաստանում կուսակցապետություն է: Մեզանում ձեւավորված համակարգը նմանվում է միակուսակցական համակարգի: ՀՀԿ նիստերին սպասում են, ինչպես նախկինում` բյուրոյի նիստերին: Քաղաքական կյանքը հիմա էլ հանգում է եւ ընթանում ՀՀԿ գործադիրի նիստերին,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը` շարունակելով,- ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը խորհրդավոր ձայնով հայտնում է կուսակցության նիստի ընթացքում քննարկված հարցերի մասին, բոլորը տեսնում են, թե ինչպես են խորհրդի նիստին ժամանում երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հովիկ Աբրահամյանը, հեռու իրենից, շունչը չի փչել, չի մահացել, որ ԱԺ նոր նախագահի թեկնածուի մասին խոսելիս` Շարմազանովն այդքան խորհրդավոր ձայնով է արտահայտվում»: Ըստ Հովհաննիսյանի, արդեն այսօր սկսված նախընտրական գործընթացները ամենեւին էլ հույսեր չեն ներշնչում, որ պատվով դուրս կգանք Հայաստանի համար փորձություն դարձած ընտրություններից: «Ընտրությունները մեր իրականության մեջ ծանր եւ ցավագին փորձություն են դառնում, քանզի իշխանությունները միշտ էլ իրենց առջեւ խնդիր են դրել ամեն գնով պահպանվել: Այդ առումով առաջիկա խորհրդարանական ընտրությունները հույս չեն ներշնչում, որ այդ նպատակն այս անգամ կհաղթահարվի»,- ասել է Հովհաննիսյանը, ում կարծիքով` Հայաստանում վիճակը գնալով վատանում է, եւ դրա պատճառն այն է, որ ՀՀԿ-ն այսօր չի կարող ամբողջությամբ հավակնել իր դիրքերը պահպանելուն, եթե, իհարկե, հույսը չի կապում ընտրակեղծիքների հետ: «Իշխանությունը թամբել է պետական մեքենան եւ իր դիրքերն օգտագործում է երկրի ռեսուրսներին տիրապետելու եւ բաժան-բաժան անելու համար,- հայտարարել է Հովհաննիսյանը` որպես իշխող կուսակցության «ցինիզմի» ապացույց` նշելով,- Երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում բրիֆինգ էր անցկացնում եւ ասում, թե` տեսեք ինչ ռեկտորներ ունենք, որ չեն օգտվել ԲՀԿ-ի` ուսանողների վարձերին ուղղված բարեգործական ծրագրերից: Սա նշանակում է, որ իրենք «ատկատի» խնդիր ունեն: Իր բաժինն է ուզում»: Հ. Հովհաննիսյանի համոզմամբ, այսօր մեր իրականության մեջ առաջին անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ՀՀ նախագահը հանդես է գալու ոչ թե որպես արբիտր, այլ մրցակցության կողմ: «Հերիք չէ, որ ընտրությունները միշտ էլ հղի են եղել ցնցումների վտանգով, այսօր այդ վտանգը կրկնապատկվում է: Այս ընտրություններն իրենց մեջ կրկնակի ռիսկ են պարունակելու: ՀՀ նախագահն ամենահավակնոտ կուսակցության ղեկավարն է: Մեզանում արտահերթ նախագահական ընտրություններ են լինելու` հերթական խորհրդարանական ընտրությունների տեսքով»,- ասել է նա` անիմաստ համարելով կանխատեսել ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնող ուժերի հարաբերակցությունը, քանի որ, իր համոզմամբ, կրկին էական դեր են խաղալու ընտրակեղծիքները: Սակայն Հովհաննիսյանն իր պարտքն է համարել հայտարարել, որ «հարյուր տոկոս հաղթելու հնարավորություն ունի ԲՀԿ-ն, իսկ ահա ՀԱԿ-ը պատրաստ չէ խորհրդարանական ընտրություններին»:

Դա պատահական չէ, քանի որ Հ. Հովհաննիսյանը կամ ցանկանում է անդամագրվել ԲՀԿ-ին, կամ սպասում է, որ իրեն նման առաջարկ ներկայացնեն: «Ես համակրում եմ ԲՀԿ-ին եւ ողջունում Գագիկ Ծառուկյանի այն քայլը, որ վերջինս իր բարեգործությունը չի փորձում քաղաքականացնել»,- երեկ հայտարարել է նա` չբացառելով, որ կարող է հայտնվել ԲՀԿ-ում: «Ես շատ ծանրակշիռ մարդ եմ: Իմ կյանքի առյուծի բաժինը եղել է անկուսակցական մնալը: Ես կուսակցական եղել եմ ընդամենը մի քանի տարի, 18 տարի է` ես անկուսակցական եմ, երեւի կուսակցական չդառնամ էլ: Բայց եթե Գագիկ Ծառուկյանը շարունակի չքաղաքականացված իր այս ճանապարհը, մարդկանց տրվող իր օգնությունները չպատճառաբանի քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներով, ապա չի բացառվում, որ ես նրանց հետ լինեմ: Եթե նա շարունակի «Կուսակցությունը` ժողովրդի համար» գաղափարը, եւ եթե հրավեր լինի ինձ, ես լրջորեն կուսումնասիրեմ այդ առաջարկը: Մտածում եմ մասնակցել մեծամասնական ընտրակարգով: Ես ինձ համարում եմ իմ ընտրողների ծառան ու սպասավորը: Եթե նրանք ինձ հորդորեն գնալ ընտրությունների, այդ դեպքում ես, բնականաբար, գնալու եմ մեծամասնական ընտրակարգով»,- անկեղծորեն ասել է Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա վերջինս, ըստ Հովհաննիսյանի, պատրաստ է միայն նախագահական ընտրություններին: «ՀԱԿ-ի ներսում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքերը թուլացել են: Նա խոստացել էր, որ Նոր տարին կդիմավորենք նոր իշխանությամբ, ինչը տեղի չունեցավ, եւ ինչի պատճառով էլ նրա դիրքերը թուլացել են: Իհարկե, Կոնգրեսին չի կարելի հաշվից հանել, ոմանք ասում են, որ ՀԱԿ-ն արդեն մարել է, սակայն նման բան չկա, նրա հրապարակը զբաղեցնող քաղաքական այլ ուժ չկա: Միաժամանակ, նա ցուցակ կազմելու փորձությանը չի դիմանալու»,- հայտարարել է նա: