«Ես ոստիկաններին պաշտպանելու եմ իմ բոլոր հնարավորություններով եւ թույլ չեմ տա որեւիցե մեկին, անկախ իր զբաղեցրած դիրքից, իմ ոստիկաններից մեկին վիրավորի»,- այս հայտարարության հեղինակը ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է, ով այդպիսով փաստում էր, որ ոստիկաններն իրենն են, եւ ինքն է օրենքի փոխարեն պաշտպանում ոստիկաններին։ Նրա այդ հայտարարությունն իրականում արտահայտում էր իր իսկ գործունեության հիմքում ընկած սկզբունքը` ոչ թե օրենքով, այլ սեփական հայեցողությամբ ոստիկաններին եւ պաշտպանելու, եւ «ոչ ոստիկաններին» պատժելու գործելաոճը: Հենց այդ ոգով էլ Ալիկ Սարգսյանն իր պաշտոնավարման շրջանում, ի թիվս այլոց, անհիմն պիտակավորել եւ վարկաբեկել էր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, ինչի արդյունքում վերջինս հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Դա արվել էր հենց այնպես, «ոտքի վրա», մինչդեռ «ոստիկանի պաշտպանի» դիրքերից հանդես եկող մեկին վայել կլիներ ստուգել բոլոր փաստերը եւ միայն դրանց հիման վրա «պաշտպանել» անպաշտպան ու խեղճ ոստիկաններին։ Այն ժամանակ ոստիկանները չկարողացան ապացուցել եւ հիմնավորել դատավորի «մեղքը», իսկ գեներալ-լեյտենանտն առանց խղճի խայթ զգալու շարունակեց վայելել իր «աստղային» երեք տարին։ Բնականաբար, առանց հրաժարական տալու կամ գոնե ներողություն խնդրելու։