ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երեկ ասել է. «Միջադեպը գնահատում եմ վատ: Այն, որ քրեական գործ է հարուցված, խոսում է այն մասին, որ երկրում ոչ ոք անպատասխանատու չպետք է մնա: Չեմ ուզում միջամտել նախաքննությանը, թող նախաքննությունն ընթանա, մեղավորները պատժվեն»,- henaran.am-ին ասել է Թովմասյանը: Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Իսկ ԱԺ-ում նա երեկ հայտարարել է, որ եթե նախաքննությունը հաստատի միջադեպը, ապա կհաջորդեն իրավական եւ քաղաքական հետեւանքներ: «Եթե նման գործողությունների մասին տվյալները ճշտվեն, ապա դրան կհաջորդի որոշակի պատասխանատվություն, տվյալ դեպքում խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է: Որպես մարդ` ես`չեմ արդարացնում նման վարքը, սակայն հայտարարություններ անելը դեռ շուտ է»,- ասել է նա: Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասել է, թե պետք է սպասել քրեական գործի ավարտին, հետո գնահատականներ տալ: Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Տ. Սարգսյանը հատուկ Սյունիքի մարզ էր այցելել` մասնակցելու Լիսկայի` Ս. Խաչատրյանի ծննդյան 55-ամյակին: Ի դեպ, մեր տեղեկություններով` Ս. Համբարձումյանի եւ Ս. Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած դեպքից օրեր անց գործարար կնոջն է զանգահարել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` խնդրելով Սյունիքի մարզպետի հետ տարաձայնությունները հարթել: Երեկ «168 Ժամի» թղթակցի հարցին ի պատասխան` Ս. Համբարձումյանն ասել է. «Ինձ Շիրակի մարզպետն անձամբ չի զանգահարել, բայց ինձ զանգահարել է իմ ոչ հարազատ եղբայրը, ում զանգահարել էր Շիրակի մարզպետը»: