«Վարչապետը սուտ ա խոսում»

17/11/2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի «ալկոհոլային դեբյուտը» կարծես շարունակություն է ստանում` ընդ որում, հենց իր` Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով: Ներեցեք` խոսքով: Անցած շաբաթ, երբ տարածվեց հայտնի տեսանյութը, մենք նույնիսկ չանդրադարձանք դրան` մտածելով, որ մարդ է` խմել է, եւ չարժե դա պատմություն դարձնել: Սակայն Տ. Սարգսյանն ինքն ամեն ինչ անում է, որպեսզի այդ պատմությունը ոչ միայն չմոռացվի, այլ հնարավորինս երկար մնա քննարկվող թեմաների շարքում: Նախ, նա իր ինտերնետային էջում գրել էր, որ դիտել է «խոտանով» տեսանյութը, եւ ինքն էլ զվարճացել է: Ապա երեկ ԱԺ-ում հայտարարել է. «Անկեղծ ասած` իմ պապս ինձ խորհուրդ էր տալիս, որ իմ կյանքում ընկերություն չանեմ էն մարդկանց հետ, որոնք չեն խմում: Այդ միջոցառման ժամանակ իսկապես տեխնիկական խնդիր առաջացավ, եւ մեր թիմը, որը նախապատրաստել էր այդ միջոցառումը, այդ հանգամանքը հաշվի չէր առել, որ կարող է այդպիսի տեխնիկական խոտան ի հայտ գա, որովհետեւ բեմը գտնվում էր ուղղակի մեր տրիբունայի դեմ դիմաց, եւ բոլոր սարքավորումները եւ բարձրախոսները հեռու էին գտնվում: Եվ երբ որ ես սկսեցի խոսել, ապա արձագանքը այնքան ուժեղ էր եւ հարվածում էր ինձ, որ ես ուղղակի չէի կարողանում լսել, թե ես ինչ նախադասություն եմ արտասանում… Մյուս կողմից էլ, անկեղծ ասած, մի քիչ ինձ համար անհասկանալի էր էն աժիոտաժը, որը առաջացել էր, որովհետեւ հազարավոր մարդիկ էին մասնակցում այդ միջոցառմանը: Ես մենակ չէի գնացել այդ միջոցառմանը: Հարյուրավոր վկաներ կային: Եթե խմած վիճակում լինեի` բոլորը դա կտեսնեին: Եվ թաքցնելու բան էլ չկա: Բայց եթե հիմա բոլորը ասում են` դե հիմա ինչ է եղել, խմել ա, թող ասի` խմել եմ, բա հիմա էն մարդիկ, որոնք իմ հետ էին եւ տեսնում էին, որ ես խմած չէի, չէի՞ն ասի` վարչապետը սուտ ա խոսում»: Իրականում Տ. Սարգսյանը հերթական անգամ ապացուցում է, որ իր գործունեության հիմքում դրված է սովորական ցինիզմը` ակնհայտը ստի եւ սուտը` ճշմարտության փոխարեն ներկայացնելու քաղաքականությունը: Այնպես, ինչպես բոլորի համար ակնհայտ` տնտեսական անկումն է ներկայացվում որպես ձեռքբերում, այդպես էլ` սովորական հարբած մարդու խոսքը` որպես «խոտան»: Ակնհայտ է, որ Տ. Սարգսյանը կամ նրա թիմը որոշել են այս պատմությունից ոչ միայն «չոր դուրս գալ», այլ նաեւ որոշակի օգուտ քաղել` փորձելով կերտել վարչապետի` «ուտող-խմող տղու» կերպար: Նույնքան ակնհայտ է, որ նման փորձերն ի սկզբանե դատապարտված են: