Դատապարտեցեք զմիմեանս

17/11/2011

Երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադաձել է նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «հերոսություններին», երբ վերջինս` հարձակվելով գործարար Սիլվա Համբարձումյանի վրա` հարվածել էր նրան: Տ. Սարգսյանն ասել է, թե գնահատականները պետք է տալ հարուցված քրեական գործի քննության ավարտից հետո: Իսկ դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում վերջինս ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ Սուրիկ Խաչատրյանը` ոչ, Տ. Սարգսյանն այսպես է արձագանքել. «Այս դեպքը տարբերվում է նախորդ դեպքից, որովհետեւ մեկ այլ քրեական գործ արդեն իսկ հարուցված էր` կապված հանքերի հետ: Դա է պատճառը, որ մենք պարտավոր ենք, քանի որ արդեն երկու քրեական գործ հարուցված ունենք, սպասել քրեական գործերի ավարտին»: Զավեշտն այն է, որ, ըստ Տ. Սարգսյանի` Ս. Խաչատրյանի կողմից Ս. Համբարձումյանին ծեծելու վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են տրվել, օրինակ` Սյունիքի մարզպետարանը հերքել է։ «Ընդամենը մի քանի օր առաջ, նույն լրատվական միջոցները տեղեկատվություն տարածեցին, որ վարչապետը հարբած ելույթ է ունեցել: Վարչապետն իրավունք չունի գնահատականներ տալ, եթե ինքն այդ փաստերի հետ դեռեւս չի ծանոթացել` այդ իրավիճակը ստեղծվե՞լ է, թե՞ ոչ: Մի կողմն ասում է` եղել է, մյուս կողմն ասում է` չի եղել: Եթե եղել է, դա դատապարտելի, անթույլատրելի արարք է»,- ասել է Տ.Սարգսյանը: Բարեբախտաբար, Տ. Սարգսյանի կողմից նշված երկու դեպքերն էլ տեսագրված են, ինչը բավական հեշտացնում է գործը. անձամբ կարող է համոզվել, թե ինչ է իրականում տեղի ունեցել: Իր հարբած ելույթի դեպքում համոզվել են բոլորը, բացի իրենից, ինչ վերաբերում է Ս. Խաչատրյանին, ապա Տ. Սարգսյանը կարող է այդ տեսագրությանը ծանոթանալ առանց քրգործի ավարտին սպասելու: Թեեւ նա դրա կարիքը չունի, միանգամից կարող է հայտարարել, որ այն «խոտան» է: