Փոքր սենյակ… ու երկնուղեշ փայտեր երկու

17/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրն իր հրաժարականի ելույթը կարդալուց հետո դուրս է եկել խորհրդարանի Նիստերի դահլիճից ու այլեւս չի վերադարձել:

Մինչդեռ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո նա շարունակում է մնալ պատգամավոր` ընդ որում, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Բացի այդ, քանի դեռ նա երկրորդ անգամ չի հնչեցրել իր հրաժարականը, շարունակում է կատարել ԱԺ նախագահի պարտականությունները: Հիշեցնենք, որ Հ.Աբրահամյանը նախ պատգամավոր դարձավ իր եղբոր` Հենրիկ Աբրահամյանի փոխարեն: Երբ իշխանությունները որոշեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը, ապա` աշխատակազմի ղեկավարը պետք է դառնա ԱԺ նախագահ, հունիսի 2-ին մանդատից հրաժարվեց մեծամասնականով ընտրված նրա եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը: Եվ 2008 թվականի օգոստոսի 24-ին Արարատի մարզի Արտաշատի շրջանն ընդգրկող ընտրատարածքի շրջանում Հ.Աբրահամյանի համար նոր ընտրություններ անցկացվեցին: Ինչեւէ: Վերջինս, մինչեւ վաղը, դեռ ԱԺ նախագահ է, որովհետեւ դեռ չի լրացել հրաժարականից հետո անհրաժեշտ 5 օրը, որպեսզի հրաժարականը համարվի ընդունված: Երեկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձեցինք տեղեկանալ, թե Հ.Աբրահամյանն ինչու չի մասնակցում նիստերին: Հատկապես որ, նիստերին չի մասնակցում նաեւ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը (երկուշաբթի օրը վերջինիս հայրը մահացել է), եւ այս քառօրյայի նիստերը վարելու ողջ ծանրությունն ընկել է ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի վրա: Վերջինս էլ այդքան հմուտ չէ եւ վարելու ընթացքում շատ հաճախ լեզվի սայթաքումներ է թույլ տալիս, մոռանում է նախարարների անունները եւ այլն: Ինչեւէ: Գ.Սահակյանը երեկ ասաց, թե որպես պատգամավոր` դեռ պետք է ընտրեն, թե Հ.Աբրահամյանը դահլիճում որտեղ պետք է նստի: Արդյոք Հ.Աբրահամյանը որպես շարքային պատգամավոր` մասնակցելո՞ւ է նիստերին, օրինագծեր է գրելու, քվեարկելու է կառավարության ներկայացրած օրինագծերին եւ ելույթներ է ունենալու կամ մշտական հանձնաժողովներում մասնակցելու է օրինագծերի նախնական քննարկումներին: Մի խոսքով` զբաղվելո՞ւ է օրենսդրական աշխատանքով, թե՞ շատ գործարար պատգամավորների նման ընդհանրապես չի գալու խորհրդարան: «Բնականաբար, նման խոսակցություններն անմիտ են: Ինչպես մյուս պատգամավորները, այդպես էլ` ինքը»,- ասաց Գ.Սահակյանը:

Ի դեպ, Հ.Աբրահամյանն արդեն իր համար աշխատասենյակ ընտրել է, որը գտնվում է ՀՀԿ խմբակցության անմիջապես դիմացի շարքում: Այն բաղկացած է 2 ընդարձակ սենյակներից, որոնք ամիսներ առաջ հատկացվել էին ՀՀԿ խմբակցությանը, եւ որտեղ խմբակցության աշխատակիցները հիմնականում ընդմիջում էին անում: Գ.Սահակյանն ասաց, թե ինչպես բոլորին, այդպես էլ պարոն Աբրահամյանին հատկացվելու է այդ սենյակներից միայն մեկը: Դժվար թե Հ.Աբրահամյանն առաջին սենյակը զբաղեցնի, կընտրի ներսի սենյակը` այդպիսով կունենա նաեւ ընդունարան: Եվ իր տարածքային հնարավորություններով առավելություն կունենա մյուս շարքային պատգամավորների նկատմամբ, ովքեր ընդամենը մեկական փոքր սենյակ ունեն: Արդեն տեղեկություններ են հրապարակվել, որ այդ սենյակներն այս օրերին վերանորոգվում են:

Իսկ մինչ պարոն Աբրահամյանը կզբաղեցնի իր նոր աշխատասենյակները, ԱԺ-ում արդեն խոսում են, որ ՀՀԿ խմբակցությունն այդպիսով կտեղափոխվի նրա մոտ, քանի որ նա այդ խմբակցության պատգամավորների վրա ավելի մեծ ազդեցություն ունի, քան Գ.Սահակյանը: Ավելին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ինքը աշխատանքային եւ մարդկային հարաբերությունների արդյունքում գտնվում է Հ.Աբրահամյանի ազդեցության տակ: Եվ ՀՀԿ-ական այն պատգամավորները, ովքեր սովորություն ունեն հաճախակի մտնել խմբակցություն եւ Գ.Սահակյանի աշխատասենյակ, վերջինիս հետ միասին իրենց քննարկումներն արդեն կծավալեն պարոն Աբրահամյանի մոտ: Ի դեպ, ՀՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են գտնվում Հ.Աբրահամյանի ազդեցության տակ կամ մտնում խմբակցություն: Այնուամենայնիվ, արդեն ԱԺ-ում խոսում են, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարությունն այդպիսով դե ֆակտո կանցնի պարոն Աբրահամյանի իրավասության տակ, եթե, իհարկե, վերջինս մինչեւ այս գումարման ԱԺ ավարտը մտնի խորհրդարանի շենք: Այս առումով արդեն ենթադրություններ կան, որ բարդանալու է Գ.Սահակյանի վիճակը, որովհետեւ ՀՀԿ ղեկավարությունը նրանից այլ բան է պահանջելու, Հ.Աբրահամյանն` այլ: «Ես նման կարծիքները չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ դրանք իրականությունից կիլոմետրերով հեռու են: Պարոն Աբրահամյանը, ինչպես նախատեսվել է, կուսակցության նախագահի առաջարկով պետք է համակարգի մեր կուսակցության նախընտրական շտաբը: Իսկ խմբակցությունն ունի ղեկավար, ունի քարտուղար եւ նորմալ հունով պետք է աշխատի խմբակցության մյուս պատգամավորների հետ միասին»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Բայց չէ՞ որ Հ.Աբրահամյանը ԱԺ նախագահ է եղել, եւ մյուս պատգամավորներին հոգեբանորեն դժվար կլինի նրան ընդունել հավասարը հավասարի հարաբերության մեջ: Ինքը` Հ.Աբրահամյանն էլ դա թույլ չի տա` փորձելով պահպանել իր առավելությունը: «Լավ է արել, որ ղեկավար է եղել: Նա հիմա մեր Գործադիր մարմնի անդամ է եւ մեր ընկերն է: Ո՞վ է ասել, որ նրա ազդեցությունը քչացել է կամ շատացել է: ՀՀԿ-ն գործում է որպես մեկ ամբողջական քաղաքական թիմ` նախագահ Սարգսյանի ղեկավարությամբ, անկախ նրանից` ով է լինելու ԱԺ նախագահը, խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը: ՀՀԿ-ն գործել եւ գործելու է` որպես մեկ ամբողջական թիմ, որն իրականացնելու է նախագահ Սարգսյանի կողմից առաջադրված քաղաքականությունը: Մեր մեջ էլ որեւէ հակասություն չկա»,- եզրափակեց Է.Շարմազանովը:

Իսկ ի՞նչ փուլում են ՀՀԿ-ի շտաբի կազմավորման աշխատանքները: Չէ՞ որ Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե ինքը հրաժարական է տալիս, որովհետեւ Ս.Սարգսյանն իրեն առաջարկել է դառնալ նախընտրական շտաբի պետ: Թե որքանով է իրական այս պատճառաբանությունը, այլ հարց է, այնուամենայնիվ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: «Մեր շտաբը երբեւիցե չի էլ փակվել»,- խուսափողական պատասխանեց Գ.Սահակյանը:

ՀՀԿ կենտրոնական շտաբը նախորդ ընտրությունների նման տեղակայված է լինելու կուսակցության կենտրոնական գրասենյակում: Եվ մեր տեղեկություններով` Հ.Աբրահամյանին այնտեղ մի փոքրիկ սենյակ են հատկացրել, որը իր չափերի պատճառով` նախընտրական եռուզեռի պայմաններում, չի կարող լինել շտաբի պետի սենյակ: Եվ եթե վերջինս, իսկապես, դառնա շտաբի պետ, ապա նրան ընդարձակ տարածք է հարկավոր: Կարճ ասած` դեռեւս մշուշոտ են ԱԺ նախագահի կուսակցական, քաղաքական եւ աշխատանքային գործունեության հեռանկարները: