«Այս ճանապարհով մենք հեռու չենք կարող գնալ»

17/11/2011

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը երեկ 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ պետք է հարցադրումներ արվեին 2007թ. նախընտրական ծրագրերի եւ խոստումների հետ կապված, եւ արդյո՞ք այդ թվականին ԱԺ-ում ներկայացված կառավարության ծրագիրն իր նպատակին հասել է, արդյո՞ք Հայաստանը` ֆինանսատնտեսական տարածաշրջանային կենտրոն, մշակութային տարածաշրջանային կենտրոն եւ նման այլ ծրագրերը մնացել են, թե՞ տեղափոխվում են այլ ժամանակահատված. «Մենք լսեցինք կառավարության զեկույցը, բայց անկեղծորեն այն իմ վրա թողեց հաշվապահական գրքի ընթերցման տպավորություն, որովհետեւ ուղղակի թվեր են բերվում, ընդ որում` երբեմն այնպիսի թվեր, որոնք տարակուսանք են առաջացնում: Իհարկե, ասվում է, որ եկող տարվա բյուջեն լինելու է կայունության եւ զարգացման: Ճիշտն ասած, ես կնախընտրեի, որ բրեժնեւյան ժամանակներին հատուկ այդ որակումները բյուջեներին եւ հնգամյակներին մենք չօգտագործեինք»,- ասել է Տ. Թորոսյանը: Նրա դիտարկմամբ` 100 մլրդ հարկային եկամուտի աճն ինքնին դրական է, սակայն կառավարությունը որեւէ հիմնավոր կանխատեսում չի ներկայացրել` այն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ: «Չի նշվում նաեւ, թե ինչպե՞ս է այդ թիվն իրականացվելու»,- նշել է նա: Տ. Թորոսյանի դիտարկմամբ` նախագծով մեծ ծավալի վարկերի ընդունում է նախատեսված, որի պարագայում 100 մլրդ հարկային եկամուտի աճն ակնհայտորեն խամրում է։ «Ի վերջո, մենք որեւէ հստակ վերլուծություն կառավարությունից չենք լսել` ինչի՞ վրա են ծախսվել այդ հսկայական վարկերը, եւ ի՞նչ արդյունավետություն են ունեցել: Եվ ամենակարեւորը` ինչպե՞ս ենք մենք ապահովելու եւ՛ երկրի զարգացում, եւ՛ հարկերի վերադարձ: Ուղղակի 100 մլրդ հարկային եկամուտների մասին խոսելն, իմ տպավորությամբ, ստվերի մեջ են թողնում կարեւորագույն խնդիրներ, որոնց խորհրդարանը պետք է պատասխանի: Բայց, ցավոք, ամպագոռգոռ բառերի ու տխուր իրականության միասնությունը միայն մեր եկող տարվա բյուջեին չի վերաբերում: Դա դառնում է ավանդույթ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Տ. Թորոսյանը` հավելելով, որ մի կողմից զբաղված են պոռոտախոսությամբ, իսկ մյուս կողմից` անուշադրության են մատնում այն ոլորտները, որոնք իսկապես մեր երկիրը պետք է դուրս բերեին այս վիճակից: «Նույնը, ցավոք, նաեւ ներքին քաղաքականության մեջ է: Ընդամենը մի քանի ամիս առաջ խոսվում էր ներքաղաքական կյանք նոր, քաղաքակիրթ ավանդույթներ ներմուծելու մասին, բայց այդ ամենն ավարտվեց ընդամենը հասարակական զուգարանների հարցով: Սա իսկապես տխուր եւ մտահոգիչ իրավիճակ է: Իհարկե, կայունության եւ զարգացման մասին մեկ ասպեկտով կարելի է խոսել, բայց, ցավոք, դա մխիթարիչ չի լինի, որովհետեւ խոսքը վերաբերում է տգիտության, ստի եւ աճպարարության կայունացմանն ու զարգացմանը մեր երկրում: Այս ճանապարհով մենք հեռու չենք կարող գնալ»,- հավելել է Տիգրան Թորոսյանը: