ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ գործարարների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց այն մասին, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»: Ս.Սարգսյանի այս միտքն անցած մի քանի ամիսներին շրջանառվում էր Հանրապետական կուսակցության տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից: Հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներն անընդհատ հայտարարություններ էին անում, թե հաջորդ գումարման Ազգային ժողովում գործարար պատգամավորներ չեն լինի, կամ` նրանց քանակը նվազագույնի կհասցվի: Ըստ երեւույթին, նման քննարկումներ եղել են ՀՀԿ գործադիր մարմնի կամ խորհրդի շրջանակներում, եւ հանձնարարություն է իջեցվել` այդ միտքը դնել շրջանառության մեջ: Պարզ է, որ գործարարի մուտքը հաջորդ խորհրդարան սահմանափակելու մասին հայտարարություններն անում էին հիմնականում ՀՀԿ-ի ոչ գործարար պատգամավորները: Իսկ գործարար պատգամավորների մեծ մասը` Խաչիկ Մանուկյան, Տիգրան Արզաքանցյան եւ այլք, այս ընթացքում հասցրել են բարձրաձայնել, թե, այնուամենայնիվ, առաջադրելու են իրենց թեկնածությունը: Բացի այդ, գործարար պատգամավորների մեծ մասն այժմ կտրականապես հերքում է, թե բիզնես ունի եւ գործարարությամբ է զբաղվում: Նրանք հայտարարում են, թե վաղուց բիզնեսով չեն զբաղվում եւ իրենց սեփականությունը հանձնել են կառավարման: Երեկ այս եւ այլ թեմաների հետ կապված մի քանի հարց ուղղեցինք գործարար պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին, ով արդեն հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու:
– Պարոն Հայրապետյան, համաձա՞յն եք Ս.Սարգսյանի այն հայտարարության հետ, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»:
– Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ նախագահի ցանկացած ելույթի հետ ես համաձայն եմ: Նախագահն ինչ անում է` շատ ճիշտ է անում ու հայտարարում:
– Դուք գործարար եք, նաեւ ՀՖՖ նախագահը, առաջիկա խորհրդարանական ընտրություններում նորից առաջադրելո՞ւ եք Ձեր թեկնածությունը:
– Եթե նախագահն ասի` չես առաջադրվելու, չեմ առաջադրվի: Իսկ եթե ասի` առաջադրվի` կառաջադրվեմ:
– Այս հայտարարությունը չի՞ նշանակում, որ գործարար պատգամավորները չպետք է մասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Այսինքն, Ս.Սարգսյանն իր այս հայտարարությունից հետո դժվար թե առաջարկի:
– Իհարկե, բայց ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ առաջադրվելու ցանկություն չունեմ:
– Ձեր կարծիքով` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները կամ կադրային մյուս փոփոխություններն ի՞նչ նպատակ են հետապնդում:
– Դրական եմ վերաբերվում այդ փոփոխություններին: Մեր նախագահն ինչ անում է` ճիշտ է անում, եւ դրանք հաշվարկված են:
– Ինչո՞ւ եք այդքան վստահ: Նախագահն էլ մարդ է եւ կարող է սխալվել:
– Ի տարբերություն մեզ բոլորիս` նախագահը շատ լավ հաշվում է: Ես այդքան շատ լավ քաղաքական հաշվարկներ չեմ կարողանում անել: Թվաբանության դեպքում ձեզանից լավ կարող եմ հաշվել:
– Ձեր կարծիքով` Հովիկ Աբրահամյանն իսկապես կմնա՞ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի պետ, թե՞ ճիշտ են այն կարծիքները, որ այդ աշխատանքը նրան չեն վստահի:
– Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ կանխագուշակումներով չեմ զբաղվում:
– Դուք երկու անգամ պատգամավոր եք ընտրվել: Անցած 10 տարիների ընթացքում ի՞նչ եք պարզել` պատգամավորի աշխատանքը Ձեր գո՞րծն է, Ձեր աշխատանքը խորհրդարանին անհրաժե՞շտ է: Թե՞ ավելի շատ գործարար կամ սպորտի աշխարհն է Ձեզ հարազատ:
– Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ օրենսդիր աշխատանքն իմը չէ: Իմ աշխատանքն այն է, ինչով զբաղվել եւ զբաղվում եմ սիրով` դա ֆուտբոլն է, ֆուտբոլի ֆեդերացիան է: Ուղղակի ես գտնում եմ, որ կամ պետք է թողնեմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, կամ պետք է պատգամավոր լինեմ: Նախ` ես անընդհատ ճամփորդությունների մեջ եմ, ամսվա մեջ ամենաքիչը 2 անգամ գործուղման եմ: Բացի այդ, ֆեդերացիայի նախագահն ի պաշտոնե միանգամից դառնում է ՈՒԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կոմիտեների նախագահների տեղակալը: Եվ դրա հետ կապված գործուղումները զուգադիպում է ԱԺ նիստերի հետ, ու դա ինձ խանգարում է: Դրա համար ես պետք է այս երկուսից մեկից հրաժարվեմ: Գտա, որ իմ աշխատանքը ֆեդերացիայում ավելի լավ եմ անում, այնտեղ ավելի օգտակար կարող եմ լինել երկրին, քան թե մնամ ԱԺ պատգամավոր:
– Կարծիք կա, թե Դուք չեք ցանկանում, որ Հայաստանում անցկացվող ֆուտբոլային խաղերը տեղի ունենան «Հրազդան» մարզադաշտում: Փոխարենը` տեղի են ունենում «Դինամոյում», որը մի քանի անգամ պակաս հանդիսատես կարող է ընդունել: Ու այդպիսով շատ քիչ մարդ է հնարավորություն ունենում կենդանի խաղ դիտել:
– Ի՞նչ է նշանակում, թե` ես չեմ ցանկանում: Ա՛յ, որ դուք երաշխավորեք, թե «Հրազդանի» անվտանգությունը ապահովում եք, ես այնտեղ կանցկացնեմ խաղերը: Պատասխանատվության, մարդկանց կյանքի հետ կապված խնդիր կա:
– Մարզադաշտի սեփականատերն անվտանգության երաշխիք չի՞ տալիս:
– Սեփականատիրոջ երաշխիքը, նրա բանավոր խոսքն ինձ չի բավարարում: Ինձ փաստացի երաշխիք է պետք: Մարզադաշտը շատ վատ վիճակում է, 1971 թվականին է կառուցվել եւ 40 տարի անձրեւի ու ձյան տակ քայքայվել է: Ո՞վ է մինչեւ հիմա վերանորոգել:
– Մարզադաշտի վիճակի մասին ուսումնասիրություն չկա՞:
– Ոչ, բացի դրանից, խոտածածկը 40 տարվա է, ցուցատախտակները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, տոնավաճառը խանգարում է տարհանմանը: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ինձանից կախված չեն: Կարո՞ղ է ես չեմ ուզենա ֆուտբոլային խաղերն անցկացնել 54 հազարանոց մարզադաշտում եւ ֆեդերացիային հինգ անգամ ավելի եկամուտ բերել: