Նոյեմբերի 15-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեցին Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու՝ Տիգրան Տերտերյանի՝ ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական երկու նիստերը: Հիշեցնենք, որ նախկին տնօրինուհին ու նրա անչափահաս որդին հայցադիմում են ներկայացրել թերթի դեմ` իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորող» տեղեկությունները հերքելու պահանջով եւ զրպարտության մեղադրանքով՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում: Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա փետրվարին մեր թերթի խմբագրություն էր դիմել Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը, ում միջոցով էլ, այսպես ասած՝ «ջրի երես» դուրս եկան նշյալ դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ բարքերը: Ալբերտը խմբագրություն էր եկել ոչ միայն հոգեկան ճնշված վիճակով, այլեւ երեսին եղունգների հետքերով, ինչն, ըստ տղայի, առաջացել էր տնօրինուհու հետ բախման հետեւանքով: Ալբերտի փոխանցմամբ՝ իր եւ նախկին տնօրինուհու հետ բախումը եղել էր այն բանից հետո, երբ ինքն արձագանքել էր տնօրենի գործողություններին, երբ վերջինս վիրավորում էր ցածր դասարանի աշակերտուհուն: «Մի աղջիկ էրեխու ասեց՝ հեռախոսդ կվերցնեմ-կմտցնեմ մամայիդ համապատասխան վայրը»,- աշակերտուհուն ուղղված նշյալ տիկնոջ խոսքերը մեջբերեց Ալբերտը: Թերթի` «Դպրոցի տնօրինուհին հայհոյել է ինձ» վերնագրով հրապարակումից օրեր անց ՀՀ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով քրեական գործ հարուցվեց Սուսաննա Նազարյանի դեմ: Դրան հաջորդեց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի՝ Ս. Նազարյանին կարգապահական տույժի ենթարկելու որոշումը: Որոշ ժամանակ անց ՀՀ Կրթության պետական տեսչությունը ստուգումներ անցկացրեց դպրոցում: Ապրիլի 30-ին ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով այլեւս դադարեցվեցին Ս. Նազարյանի լիազորությունները դպրոցի տնօրենի պաշտոնում:
Սակայն նշյալ տիկինը չհարմարվելով իր «պաշտոնանկ» կարգավիճակին՝ սկսել է բախել դատարանների «դռները»՝ նախ` վիճարկելով ԿԳՆ նախարարի՝ իրեն աշխատանքից հեռացնելու հրամանը, ապա՝ դատական հայցեր ներկայացնելով «168 Ժամի» դեմ: Ընդ որում՝ Ս. Նազարյանի նման կեցվածքը լիովին հասկանալի է, քանի որ դպրոցում տիրող «մութ» բարքերի վարագույրը, առաջին անգամ, այսպես ասած՝ «պատռվել է» հենց մեր թերթի միջոցով: Մեր հրապարակումից հետո դպրոցում տիրող իրավիճակին անդրադարձան նաեւ մյուս ԶԼՄ-ները: Նշյալ տնօրինուհին բազմիցս սպառնացել է վրեժխնդիր լինել թերթից (այս մասին մեր թերթին հայտնել են Էջմիածնի բնակիչները): Իսկ նրա վրեժխնդրությունը, փառք Աստծո, դատական հայցապահանջների ձեւով է…
Ինչեւէ, երեքշաբթի օրը ժամը 11-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ թերթի դեմ երկրորդ դատական նիստը: Այս անգամ հայցվոր կողմի միակ ներկայացուցիչը փաստաբան Գեւորգ Գեւորգյանն էր: Նախորդ դատական նիստին՝ նոյեմբերի 8-ին, ներկա էր նաեւ Ս. Նազարյանի ամուսինը՝ Համլետ Տերտերյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին «168 Ժամի» փաստաբան Անահիտ Հակոբյանը («Հայաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա») դատարանին էր ներկայացրել այն բոլոր ձայնագրություն-ապացույցները, որտեղ նշյալ դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողները պատմել էին դպրոցում տիրող բարքերի, նախկին տնօրինուհու գործունեության մասին: Դատական երկրորդ նիստին, սակայն, պարզվեց, որ հայցվոր կողմի փաստաբանը չէր կարողացել լսել այդ ձայնագրությունները` նշելով, որ «ֆայլի ֆորմատի խնդիր կա»: Գ. Գեւորգյանը «168 Ժամին» առաջարկեց՝ ձայնագրությունները ներկայացնել այլ ֆորմատով:
Թերթի փաստաբան Ա. Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատական գործի վարույթը կասեցնելու մասին` մինչ Ս. Նազարյանի դեմ հարուցված քրեական գործի ավարտը: Միջնորդությանն ընդդիմացավ պատասխանող կողմի փաստաբան Գ. Գեւորգյանը՝ ասելով. «Գտնում եմ, որ կասեցումն անհիմն է, քանի որ քրեական գործի առկայությունը որեւէ կերպ 105 հոդվածի հիմքով անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, քանի որ հոդվածում տպագրվել է փաստ՝ հայհոյանք արտահայտությունը, այսինքն՝ փաստ, որ, կարծես թե, լրագրողի կողմից ներկայացվել է՝ որպես ապացուցված փաստ: Կա անմեղության կանխավարկածի պահպանում, որ կա քրեական գործ, այսինքն՝ եթե քրեական գործով պիտի հաստատվի այդ փաստը, էդ դեպքում մինչեւ էդ քրեական գործի ավարտը լրագրողն իրավունք չուներ նման բովանդակությամբ հոդված տպելու»: Նշենք, որ Ս. Նազարյանի դեմ հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ «168 Ժամի» փաստաբան Ա. Հակոբյանի ներկայացրած միջնորդության մեջ նշված էր, որ տնօրինուհու դեմ քրեական գործի նախաքննության համար հիմք են հանդիսացել դպրոցի աշակերտ Ալբերտ Հարությունյանի խոսքերը, որոնք վկայում էին տնօրենի` վիրավորելու, հայհոյելու մասին, այսինքն՝ նախկին տնօրինուհու՝ թերթին ներկայացրած պահանջը՝ «բարի համբավն արատավորելու» մասին, անհիմն է: Բացի նշյալ միջնորդությունից, Ա. Հակոբյանը ներկայացրեց մեկ այլ միջնորդություն եւս, որի հիմքը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացրած հայցն էր` ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի («Պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառած վնասի հատուցման կարգը եւ պայմանները») դրույթների հակասահմանադրական ճանաչելու մասին: Դատական նիստը վարող դատավոր Արայիկ Մելքումյանը, սակայն, բավարարեց առաջին միջնորդությունը, այսինքն՝ դատական գործի վարույթի կասեցումը մինչ քրեական գործի ավարտը:
Դրան հաջորդեց Ս. Նազարյանի անչափահաս որդու՝ Տիգրան Տերտերյանի հայցի քննությունը: Տղան թերթից հերքում է պահանջում եւ 2 մլն դրամի փոխհատուցում: Անչափահաս տղան, փաստորեն, կարծում է, թե թերթը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ մեջբերելով Էջմիածնի բնակիչների խոսքը, որոնց համաձայն` դպրոցի նախկին տնօրինուհու որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը: «Ի դեպ, ըստ Էջմիածնի բնակիչների՝ օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը»,- մեջբերում ենք մեր թերթի այդ հրապարակումից: Ի դեպ, նախորդ նիստին դատավոր Ա. Մելքումյանը նկատեց, որ վերոնշյալ հոդվածում չեն նշվում ո՛չ տնօրենի, ո՛չ որդու անուն-ազգանունները: Ի պատասխան սրա, հայցվոր կողմի փաստաբան Գ. Գեւորգյանը նշեց, թե «ենթադրվում է, որ դա վերաբերում է հենց Տիգրան Տերտերյանին»: «168 Ժամը» դատարանին էր ներկայացրել բնակիչների հետ զրույցի ձայնագրությունը: Դատարանը հետաձգեց դատական այս նիստը՝ մինչ հայցվոր կողմը կծանոթանա մեր կողմից ներկայացված ապացույցներին: Դատական հաջորդ նիստի օր է նշանակվել նոյեմբերի 30-ը:
«168 ԺԱՄ»