Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճվել է: Որոշումը կայացվել է Քր.դատ.օր.-ի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` հանցակազմի բացակայություն: Այդ մասին news.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է սկանդալային միջադեպի մասին, երբ հիվանդանոցում «շփոթել» էին երկու երեխաներին, եւ քիչ էր մնում առողջին վիրահատեին հիվանդի փոխարեն: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ Հայաստանի Քր.օր.-ի 130 հոդվածի (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հատկանիշներով: Ինչպես հայտնի է` մայիսի 3-ին բժշկական կենտրոնի բուժանձնակազմի անփութության պատճառով վիրահատության էր ենթարկվել պլանային հետազոտության եկած 5-ամյա Նարեկ Դանիելյանը: 2008թ. Նարեկը թոքերի ծանր վիրահատություն էր տարել, եւ ծնողները նրան պարբերաբար բերել են կենտրոն` ռենտգենյան ճառագայթներով նկարահանման եւ հետազոտության: Իրականում վիրահատության պետք է ենթարկվեր 7-ամյա Գեւորգ Մովսիսյանը: Ըստ բժշկական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Դալլաքյանի` թյուրիմացությունն առաջացել է բժիշկների պրակտիկայում կիրառվող մեթոդի պատճառով։ «Երեխային հոգեբանական տրավմայից հեռու պահելու (չվախեցնելու.- խմբ.) համար մանկաբուժությունում ընդունված է վիրահատության մասին նրան չտեղեկացնել, այլ ասել, որ տանում են ռենտգենի: Այս անգամ բուժքույրը հարցրել է` ո՞վ է սպասում ռենտգենի, Նարեկի ծնողները պատասխանել են` մենք»,- ասել է Դալլաքյանը: Ըստ նրա` Նարեկի ծնողները շատ լավ իմացել են ռենտգենի կաբինետի տեղը, սակայն երեխային, բուժքրոջ ուղեկցությամբ, ճանապարհել են մինչեւ վիրահատարան: Որոշ ժամանակ անց, երեխայի ծնողները` հասկանալով, որ տեղի ունեցածը թյուրիմացություն է, աղմուկ են բարձրացրել: Մինչ այդ բժիշկները հասցրել են 3 սանտիմետրանոց կտրվածք կատարել երեխայի մարմնին: