Մանվել Գրիգորյանը երբեմն ավտոբուսներո՞վ է շրջում

17/11/2011

Հայ մեծահարուստները թիկնապահներ չունեն. համենայնդեպս, այդպիսի տպավորություն կստանա հայաստանյան իրականությունից կտրված յուրաքանչյուր ոք` լսելով նրանց: Ներկայումս Հայաստանի խորհրդարանի օրակարգում է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք կունենա պահել ոչ ավելի, քան երեք թիկնապահ եւ մեկ ուղեկցող մեքենա: news.am-ը փորձել է ստանալ հայտնի անձանց գնահատականն այդ օրինագծի վերաբերյալ: «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ անձամբ զրուցել չի հաջողվել. Նրա փոխարեն հարցերին պատասխանել է իր մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը: Նրա խոսքով` գեներալ Մ. Գրիգորյանը թիկնապահ չունի եւ մեծ շքախմբով չի շրջում: «Եթե երկրապահն ուխտագնացություն է կազմակերպում, լինում են մեծ խմբերով, ավտոբուսներ են լինում, լրագրողների խմբեր են լինում, երգչախմբեր, պարախմբեր են լինում, բայց դրանք երկրապահի պաշտոնական ուխտագնացություններն են սահմանամերձ շրջաններ»,- ասել է Վարդան Վարդանյանը: Դիտարկմանը, որ ԵԿՄ շենքի առջեւ պարբերաբար «045»-ով ավարտվող համարանիշներով ջիփեր են կանգնած լինում, որոնք, ըստ լուրերի` պատկանում են Մանվել Գրիգորյանին, Վ. Վարդանյանը պատասխանել է, թե դրանք ԵԿՄ անդամների մեքենաներն են: Նրա պնդմամբ, Մանվել Գրիգորյանը մեկ, երբեմն` երկու մեքենայով է լինում` Մանվել Գրիգորյանն` իր վարորդի հետ, եւ օգնականը` վարորդի հետ, բայց սեւ հագնված ու սպորտային կազմվածքով թիկնապահներ չունի: «Երբ կտեսնեք, որ 5-10 մեքենայով ինչ-որ տեղ է գնում, զանգեք, ասեք` ինչո՞ւ էիք խաբում»,- ասել է Վարդանյանը: Մամուլի քարտուղարի խոսքով, թիկնապահ չունի նաեւ ԵԿՄ նախագահի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: