Հարձակվել է կնոջ վրա

15/11/2011

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել եւ հարվածել է կին գործարար Սիլվա Համբարձումյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ս. Համբարձումյանը հայտարարել էր, թե Ս. Խաչատրյանն իրեն պատկանող «Սիփան 1» ընկերությունից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը, եւ, որ այժմ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Ս. Համբարձումյանի խոսքով` Ս. Խաչատրյանը «եկավ, վրա տվեց, փորձում էր ոտքով խփել, բայց հետո ձեռքով խփեց»: Ս. Համբարձումյանը նաեւ հայտնել է, որ միջադեպին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը: Որոշ ժամանակ անց, սակայն, Խ. Մանուկյանը լրատվամիջոցներին ասել է, թե ինքը միջադեպին ներկա չի եղել, ավելի ուշ է մտել հյուրանոց: Սակայն Ս. Համբարձումյանի պատմելով, Խ. Մանուկյանը ներկա է եղել եւ փորձել է միջամտել. «Իրանք բռնեցին, ասեցին` հո դու խուլիգա՞ն չես»,- ասել է Ս. Համբարձումյանը: Հարցին, թե ովքեր էին, Ս. Համբարձումյանը պատասխանել է. «Մաքս գրուպի» Խաչիկ Մանուկյանն էր, Սամվել Սարգսյանը` «Արարատ Հայաթի», մի հոգի էլ կար` դեմքով չեմ ճանաչում: Դե, նկարահանվում է «Մարիոթ» հյուրանոցի ներսը, կարող եք տեսագրությունն ուզել»: Ս. Համբարձումյանն ասել է, որ իր փաստաբանը դիմել է հյուրանոցի տնօրինությանը` տեսագրությունը ստանալու համար, որպեսզի այսօր հաղորդում ներկայացնեն ՀՀ գլխավոր դատախազություն: Իսկ երեկ Ս. Համբարձումյանը պատրաստվում էր դիմել ՀՀ ոստիկանապետին: «Կարծում եմ` ՀՀ նախագահը պետք է հրատապ լուծում տա, չի կարելի խուլիգաններին… հյուրեր կային այնտեղ, ի՞նչ կմտածեն մարզպետի մասին»,- ասել է Ս. Համբարձումյանը: