ՀՀԿ-ն հետեւությո՞ւն կանի

15/11/2011

Կիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը պարտվել է ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանին: «Ուրիշ մարդ չի հաղթել, մեր կոալիցիոն ընկերներն են հաղթել»,- երեկ իրենց պարտությունն այսպես է մեկնաբանել ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, ՀՀԿ-ում անսպասելի էր այդ պարտությունը, եւ առաջիկայում կուսակցությունում պետք է քննարկեն, թե ում միջնորդությամբ Վ.Ներսիսյանը 5-6 ամիս առաջ դարձավ ՀՀԿ անդամ եւ Իջեւանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու: Վերջինիս` ՀՀԿ անդամ եւ թեկնածու լինելու հարցը քննարկվել է ՀՀԿ Իջեւանի տարածքային կառույցում, որի ղեկավարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է: Մարզպետը երեկ մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում ընդամենն ասել է, թե դա ոչ թե ՀՀԿ-ի, այլ տվյալ անձի պարտությունն է: Երեկ քաղաքական շրջանակներում չէին բացառում, որ այս պարտությունը կարող է ճակատագրական լինել մարզպետի համար, եւ առաջիկայում նա կարող է լրացնել հրաժարական տվող պաշտոնյաների ցուցակը: