Երկ քաղաքացիության մասին

18/11/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Ինձ երբեմն հարցնում են, թե ինչո՞ւ չեմ գրում սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագծի խնդրահարույց այս կամ այն կետի մասին։ Ասում եմ՝ սահմանադրության մասին ես առհասարակ չեմ գրում։ Հարցնողները վկայակոչում են իմ վերջին հոդվածները։ Ես պնդում եմ, որ սահմանադրության մասին որեւէ տող չեմ գրել։ Նրանք համառում են, թե, օրինակ, երկքաղաքացիությունը կարեւոր հարց է, եւ հաստատ չարժե հանուն ինչ-որ սկզբունքների շրջանցել մեր երկրի համար մեծ նշանակություն ունեցող այդ դրույթը։ Ես ստիպված տեղի եմ տալիս ու միաժամանակ սկզբունքներիս չդավաճանելու եւ ընթերցողին հուսախաբ չանելու համար գրում եմ մի երկ քաղաքացիության մասին։

Հավանաբար նկատած կլինեք, որ «քաղաքացի» եզրը մեր ընդհանրական բառապաշարում ընդունված չէ։ Օրինակ՝ ավտոբուսում, երբ մեկն ուզում է իջնել, դիմացը կանգնած մարդուն չի ասում՝ քաղաքացի, ճանապարհ տվեք, ինչպես դա անում են, ասենք, ռուսներն՝ ասելով «գռաժդանին, դառոգու»։ Կախված դիմացը կանգնած մարդու տարիքից ու սեռից` ասում են` կամ «ապե», կամ «հոպար», մի քիչ ավելի պատկառելի տարիքի դեպքում՝ «հրողբեր», իսկ կանանց՝ «քուրիկ», «մորքուր» եւ այլն։ Եվ այսպես են ասում ոչ թե այն պատճառով, որ կարիք ունեն իրենց վերաբերմունքն այդպիսով քնքշացնելու, այլ որովհետեւ ամեն վայրկյան կասկածում են, որ դիմացը կանգնած կինը կամ տղամարդը հենց նոր չէ երեւան եկել ինչ-որ գյուղից։

«Սիրելի ժողովուրդ» կամ «Ժողովուրդ ջան»… Այս բառակապակցություններն էլ ամենից հաճախ հնչում են մեր ընդդիմությունների հանրահավաքներում, որոնց մասնակիցների թիվը լավ առիթների դեպքում քառանիշ է լինում, իսկ հնգանիշ չի լինում, որովհետեւ ժողովուրդն ընդհանրապես նիշերով չի հաշվվում, որովհետեւ ժողովուրդը մեկ ու միասնական հասկացություն է՝ որքան էլ փորձես այն տրոհել հայրենակցական, կուսակցական, երիտասարդական կամ այլ կազմավորումների։

Երբ պատահաբար անցնում եմ այդ հանրահավաքների կողքով, իսկ ես սովորաբար պատահականորեն եմ հայտնվում նման տեղերում, եւ լսում եմ «Սիրելի ժողովուրդ» կամ «Ժողովուրդ ջան» տիտղոսադիմումը, ակամա շրջվում եմ, որովհետեւ ես էլ եմ ժողովուրդը, բայց տեսնելով ժողովուրդ կառավարելու պատրաստ այդ մարդկանց դեմքերն` անմիջապես հեռանում եմ՝ հանկարծ հիշելով, որ ես՝ առանձին վերցրած անհատս, ոչ թե ժողովուրդ եմ, այլ՝ քաղաքացի։

Իմիջիայլոց, ասեմ նաեւ, որ այդ հանրահավաքների մասնակիցների թիվը չի դառնում հնգանիշ կամ վեցանիշ, որովհետեւ քաղաքական ակցիաներին մասնակցում է ոչ թե ժողովուրդը, որ է ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի, այլ քաղաքացիները։ Եվ բարձր ամբիոնից «ժողովուրդ» կանչողները նկատի ունեն ոչ թե ակտիվ գործողությունների ունակ քաղաքացիներին, այլ այս կամ այն մարզում մատաղացու գառ աճեցնող միամիտ, բայց անշուշտ բարի ու առաքինի մարդկանց կամ լոս անջելեսներում բախտ որոնող իրավազուրկ (նկատի ունեմ ընտրական իրավունքը) էլեկտորատին, որը լսել է, թե Քոչարյանին պետք չէ սիրել, բայց ինչո՞ւ՝ դժվարանում է պատասխանել։ Այս իմաստով պետք է որ մեր ընդդիմությունների սրտով լինի երկքաղաքացիության դրույթը, բայց ուխտը չխախտելու համար ես շարունակելու եմ գրել ոչ թե սահմանադրական այդ նորմի, այլ հակառակը՝ նախասահմանված աննորմալության մասին։

«Սիրելի ռադիոլսողներ»… Չափազանց ծանոթ այս բառակապակցությունը, որի հեղինակային անօտարելի իրավունքը պատկանում է ձեզ հայտնի մի DJ-ի, ամեն անգամ ցնցում է ոչ թե մարդու նշանակության այդչափ մանրացմամբ, այլ` հենց «սիրելի» մակդիրով։ Կարելի էր գոնե այդչափ մանրացնելուց հետո դիմել «հարգելի», «արգո», «մեծարգո» կամ այլ ձեւերով, բայց այդ դեպքում էլ խախտվելու էր տրամաբանական ենթիմաստությունը։ Եթե քաղաքացին մանրանալով դարձել է ռադիոլսող, ուրեմն նա կարող է լինել միայն սիրելի, որովհետեւ միայն սիրո առարկայի ականջը կարելի է լցնել ամեն տեսակի սուտ ու կեղծիք՝ խոստանալով հեռանկարում չնշմարվող երջանկություն։

Քաղաքացին օտարված ու վտարված է ամեն տեղից, եւ դրա պատճառն ամենեւին էլ լավ կամ վատ սահմանադրություն ունենալը չէ։ Պետավտոտեսուչն, ով գիտությունների դոկտորին կամ, ասենք, լրագրողին դիմում է «ընկեր վարորդ» ձեւով, ամեն օր մի քանի անգամ «ոչ» է ասում գործող հին, այլեւս անպիտան եւ առաջարկվող նոր, եվրոպական սահմանադրություններին։ «Ընկերը» մի կերպ կարելի է հասկանալ, գալիս է մեր հին կյանքից, երբ Լենինն ու նորաթուխ պիոներներն ընկերականով կոմունիզմ էին կառուցում։ Բայց վարորդը… Սա ռադիոլսողից էլ մանր է։ Ասենք` մեկը համալսարանում հենց նոր ավարտել է միջուկային ֆիզիկայի մասին իր դասախոսությունն ու մեքենայով շտապում է երեխային դպրոցից վերցնել ու աջ թեքվելիս մոռանում է միացնել թարթիչն ու միանգամից կորցնում է իր բոլոր ձեռքբերումները։ Իսկ եթե պետավտոտեսուչը պրոֆեսիոնալ վարորդներին էլ քաղաքացի կոչեր, կարիք չէր լինի շեշտելու ֆիզիկոսի ու վարորդի տարբերությունը։

Սովետական էպոխայի վերջին տարիներին նուրբ բրդյա գործվածքների կոմբինատի բազմատպաքանակ թերթում աշխատելիս` արտադրամասերից մեկի հայտարարությունների տախտակին մի գրություն տեսա, որն ինձ զվարճացրեց. «Հարգելի գզող կանայք, շնորհավորում ենք ձեր մարտի ութը։ Ադմինիստրացիա»։ Դե, Սովետի վերջն էր, ամեն ինչ արդեն զվարճալի էր, եւ անհեթեթությունն էլ արդեն ողբերգական չէր։ Բայց երբ անկախ ու ժողովրդավարական Հայաստանի շենքերի շքամուտքերում կարդում եմ «Հարգելի բնակիչներ» վերտառությամբ սկսվող տարատեսակ հայտարարություններ, մտածում եմ, որ ցանկացած մեկի համար, ով ընդամենը բնակիչ է, երկքաղաքացիության մասին դրույթը մեծ քայլ է դեպի քաղաքացիական կայացած հասարակություններ։