Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանին ներկայացրեց իր` արդեն պաշտոնական հրաժարականը, որի մասին հայտարարել էր դեռեւս շաբաթներ առաջ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ:
Դեռ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ ԱԺ նախագահը: Առայժմ առավել հավանական է համարվում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի հավանաբար հաջորդ շաբաթ: Հ.Աբրահամյանի հրաժարականը պաշտոնապես ընդունված կհամարվի, եթե նա առաջիկա 5 օրվա ընթացքում ետ չվերցնի իր հրաժարականը: Այնուհետեւ ՀՀԿ-ն գործադիր մարմնի եւ խորհրդի նիստերում պետք է քննարկի եւ ներկայացնի նոր նախագահի թեկնածությունը: Իհարկե, դա ձեւական քննարկում կլինի: ՀՀԿ-ն ԱԺ ընտրությանը կներկայացնի այն թեկնածուին, ում անունը կտա նախագահ Սերժ Սարգսյանը, եւ խորհրդարանում կանցկացվի այդ թեկնածուի ընտրության միջոցառումը: Բոլոր դեպքերում այս ֆորմալ քայլերը պետք է կատարվեն, եւ ԱԺ-ն նոր նախագահ կունենա լավագույն դեպքում նոյեմբերի վերջին: Այնուամենայնիվ, խորհրդարանի նոր նախագահը բոլոր նախորդների նման կունենա կիսատ պաշտոնավարում: Եվ միայն հաջորդ տարի կարելի է ակնկալել, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված ԱԺ նախագահը մի ամբողջ ընթացք կպաշտոնավարի: Նորանկախ Հայաստանի խորհրդարանի եւ ոչ մի նախագահ, սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից մինչեւ Հ.Աբրահամյանը, տարբեր պատճառներով` ամբողջ ժամկետի չափով չեն պաշտոնավարել:
Հիշեցնենք, որ 2008թ. սեպտեմբերի 29-ին, երբ Տիգրան Թորոսյանը հրաժարական տվեց, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ԱԺ նախագահների կիսատ պաշտոնավարումներին եւ հիշեցրեց, որ ԱԺ շենքի տեղում ժամանակին եղել է Կոզեռնի գերեզմանատունը: Եվ եզրակացրեց, որ չարի ու բարու պայքարում այս շենքն առայժմ լուծում չի գտել: Իսկ երեկ մեզ հետ զրույցում պատգամավորը հայտարարեց, թե Հայաստանում առայժմ չի լուծվել պառլամենտարիզմի խնդիրը, եւ դրա պատճառներից մեկն այն է, որ ազատ-արդար ընտրություններ չեն անցկացվում: Նրա խոսքով, մեր երկիրը տառապում է անօրինական ընտրությունների բարդույթով, եւ խաթարված է պառլամենտի ձեւավորման սկզբունքը: «Դա այն է, որ ըստ էության ՀՀ համարյա բոլոր վարչապետներն իրենց վարչապետությամբ պարտական են եղել այս դահլիճին, բայց միաժամանակ պարտադրված են եղել պայքարել այս դահլիճի դեմ, քանի որ, որպես կանոն, ստվերը գտնվում է այս դահլիճում: Այսինքն` գործարարությունը, խոշոր բիզնեսը կամ ստվերային տնտեսությունը: Նորանկախ Հայաստանի առաջին պառլամենտը 1995թ. է ձեւավորվել, որտեղ հիմնականում ներկայացված էին տեղական ինքնակառավարման եւ պետական ապարատը ներկայացնող բյուրոկրատիայի ներկայացուցիչները, տնօրենները կամ, այսպես կոչված, ձեւավորվող բուրժուազիայի ներկայացուցիչները, նաեւ որոշ ձեռնարկատերեր: Այն ժամանակ նրանք համատեղության կարգով կարող էին նաեւ պատգամավոր լինել: 1999-2003թթ. պառլամենտում ներկայացված էին նախկին խորհրդային նոմենկլատուրայի, չինովնիկական դասի ներկայացուցիչները եւ սահմանափակ քանակությամբ տնօրեններ: 2003-ից մինչեւ այսօր ՀՀ պառլամենտի ձեւավորման մեջ բոլորովին նոր երեւույթ նկատվեց` պառլամենտում հայտնվեցին արդեն խոշոր գործարարները կամ նրանց ներկայացուցիչները` արդեն հայաստանյան օլիգարխիան կամ խոշոր բուրժուազիան: Գործող վարչապետը հարկեր հավաքելիս, հասկանալի է, չէ՞, թե ում դուռը պետք է գնա: Նաեւ հասկանալի է, թե ում է պարտական: Այս խնդիրն էլ դեռ լուծված չէ»,- եզրակացնում է Վ.Դալլաքյանը:
Պատգամավորի խոսքերով` ցանկացած վարչապետ պարտական լինելով «խորհրդարանի դահլիճին»` նաեւ պարտադրված է թոշակներ, նպաստներ, աշխատավարձեր վճարել, բանակը պահել եւ զանազան խնդիրներ լուծելու համար ինչ-որ առումով պայքարել այս դահլիճի դեմ: «Վերջին հաշվով, վարչապետները կարծես թե պատանդի կարգավիճակում են: Եվ, ինչպես Հին Հռոմում էին ասում` բոլոր ճանապարհները տանում են Հռոմ, կարծես թե բոլոր ճանապարհները տանում են ԱԺ»,- ասում է պատգամավորը: