Երեկ որոշ ԶԼՄ-ներ ահազանգում էին, թե տեսեք-տեսեք` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ որոշ աշխատակիցներ նրա հետ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել` ի նշան հավատարմության` «թիմով եկել են, թիմով էլ պետք է գնան»: Այո, աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, օգնական Սերգեյ Լոքյանը եւ ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը: «ԱԺ նախագահի օգնականի պաշտոնն այնպիսին է, որ անմիջականորեն կապված է ղեկավարի հետ, եւ կարծում եմ, որ թիմով եկել ենք, մի թիմով էլ պետք է դուրս գայինք ԱԺ-ից»,- ասել է Ս. Լոքյանը: «Հավանաբար կշարունակեմ աշխատել պարոն Աբրահամյանի հետ շտաբում, որ պաշտոնին` դժվարանում եմ պատասխանել, բայց կարծում եմ, որ կշարունակեմ աշխատել պարոն Աբրահամյանի հետ, դա ինքը պետք է որոշի: Ուղղակի իմ աշխատանքը հայեցողական պաշտոն է, եւ ենթադրում է, որ ընդունվել եմ աշխատանքի պարոն Աբրահամյանի հետ եւ նրա հետ էլ պետք է հեռանամ»,- ասել է Վ. Մնացականյանը: Միայն Ա. Անտիկյանը չի նշել աշխատանքից իր ազատվելու հիմնական պատճառը: Իրականում, այս աշխատակիցների դիմումները ոչ «հավատարմության ժեստեր» են, ինչպես ներկայացվում է, եւ ոչ էլ նրանք երբեւէ Հ. Աբրահամյանի թիմ են եղել: Այլ բան է, որ նրա հետ են աշխատել: Պարզապես նրանք այդքան ժամանակ աշխատելով ԱԺ նախագահի մոտ, նույնիսկ ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքը չգիտեն: Տեղեկացնենք, սակայն, որ այս անձինք ոչ թե ԱԺ աշխատակազմի, այլ ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ էին: Նրանք, ինչպես նշվեց, զբաղեցնում են հայեցողական պաշտոններ: Եվ նրանց աշխատանքային պայմանագրերում նշված է, որ նրանց պայմանագրերը լուծարվում են այն պահից, որ պահից դադարեցվում են ԱԺ նախագահի լիազորությունները: Ըստ նույն օրենքի` հայեցողական պաշտոններ են համարվում նաեւ ՀՀ Նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի եւ նրա տեղակալների, ՀՀ վարչապետի, նախարարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնները: