Գործարարներն՝ ընդդեմ իշխանությա՞ն

15/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք այն խնդրին, որ պետությունը, խոսելով բիզնեսին աջակցելու, համագործակցության եւ փոխադարձ ըմբռնման մթնոլորտի ձեւավորման մասին, իրականում հակառակ քայլերն է կատարում։ Որպես ասվածի օրինակ` նշել էինք կառավարության կողմից առաջարկվող հարկային փաթեթը, որը գործարարների հետ չէր էլ քննարկվել։

Երեկ մամուլում հայտնվեց ասվածի հերթական անուղղակի ապացույցը։ Օրերս տեղի է ունեցել Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) խորհրդի հերթական նիստը, որի մասին երեկ հաղորդագրություն է տարածվել։ Մինչ հաղորդագրությանը անցնելը՝ նշենք, որ ՀԱԱՊ-ին անդամակցում են ավելի քան 80 ընկերություններ, որոնց թվում կան այնպիսի խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ «Կոկա-Կոլան», Արմենիա միջազգային օդանավակայանները, Արսօյլը եւ այլն։ Կոնկրետ նշված նիստին, ըստ հաղորդագրության, մասնակցել են «Բիբլոս բանկ Արմենիա», «Առաջին հիպոթեքային ընկերություն», «Արմենիան քոփեր փրոգրամ», «Կասկադ ինշուրանս», «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» եւ այլ ընկերությունների տնօրեններ։ Այսինքն՝ հայտարարությունը, կարելի է ասել, ներկայացնում է Հայաստանի խոշոր բիզնեսի տեսակետը։

Հիմա գանք բուն հայտարարությանը։ Ամբողջությամբ չենք ներկայացնի, պարզապես նշենք երկու կարեւոր դրույթներ։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարկային բարձրացումները բացասաբար կանդրադառնան տարածաշրջանում Հայաստանի մրցունակության վրա եւ կարող են հանգեցնել օտարերկրյա ներդրումների ծավալների կրճատմանը: Եվ երկրորդ՝ տնօրենները նշել են, որ եկամտահարկի եւ այլ հարկերի բարձրացումների վերաբերյալ օրինագծերը հասանելի չեն եղել հանրությանը եւ արտահայտել են իրենց մտահոգությունը դրա վերաբերյալ:

Սա նշանակում է, որ անկախ հարկային փաթեթի՝ լավ կամ վատ լինելուց, գործարարներին դուր չի գալիս, որ իրենց վերաբերող օրինագծերը պատրաստվել են առանց իրենց հետ խորհրդակցելու։ Բացի այդ՝ հարկային փաթեթը լավը չէ, քանի որ բացասաբար է ազդելու Հայաստանի մրցունակության եւ ներդրումների ծավալի վրա։

Սա, անկեղծ ասած, հաճելիորեն զարմացրեց։ Քանի որ վերջին տարիների ընթացքում դժվար է հիշել մի դեպք, երբ մի շարք լուրջ ընկերություններ համատեղ հայտարարությամբ քննադատեն իշխանությունների քայլերը։ Իհարկե, չի բացառվում, որ արձագանքներից հետո որոշ ընկերություններ «արդարանան»՝ հայտարարելով, որ իրենք նիստին չեն մասնակցել եւ չեն կիսում այդ տեսակետը։ Սակայն նիստին մասնակցած եւ հայտարարության տակ ստորագրած ընկերությունների թիվն արդեն բավական է՝ հարկային փաթեթի նկատմամբ բիզնեսի վերաբերմունքի մասին կարծիք կազմելու համար։

Ի դեպ, եթե զուգահեռներ անցկացնենք բոլորովին վերջերս տեղի ունեցած՝ Գործարարների եւ արդյունաբերողների միության համագումարի հետ, ապա կարող է տպավորություն ստեղծվել, որ գոյություն ունի երկու Հայաստան՝ տարբեր բիզնես միջավայրերով։

Ամենազարմանալին այն է, որ չնայած դրան՝ կառավարությունը շարունակում է խոսել պետություն-մասնավոր հատված համագործակցությունից։ «Մեր նպատակն է` պետություն-մասնավոր համագործակցության ներքո ավելացնել մեր երկրի արդյունաբերական հզորությունները եւ արտահանումը»,- նոյեմբերի 13-ին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Սեւանում տեղի ունեցած Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակված՝ Հայաստանի արդյունաբերության ռազմավարության մանրամասները։ Տ. Սարգսյանը պարզաբանել է, որ այն իրենից ներկայացնում է արդյունաբերական քաղաքականություն` ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Մասնավորապես, ռազմավարության մեջ ներառված են արդյունաբերության 11 ճյուղեր: «Փորձել ենք բացահայտել մեր երկրի արդյունաբերական ներուժը` ըստ ճյուղերի, գնահատել, թե ինչպիսի հումքային, ինտելեկտուալ եւ ենթակառուցվածքային ռեսուրսներ ունենք»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ առաջին երեք ճյուղերի` կոնյակագործության, դեղագործության եւ ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են, որոնք քննարկվել են հանրապետության նախագահի գլխավորությամբ` մասնավոր հատվածի հետ միասին: Կառավարությունում համոզված են, որ ռազմավարական ծրագրի արդյունքում արտահանման ծավալները կտրուկ կավելանան. մասնավորապես, մինչեւ 2020 թվականը կոնյակի արտահանման ծավալները կեռապատկվեն, իսկ դեղերի արտահանմանը` կքառապատկվեն։ «Ռազմավարության մեջ հստակ ֆիքսվել է, թե որ մարմինն ինչ աշխատանք պետք է իրականացնի: Սա լուրջ քայլ է, քանի որ Հայաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրն ունենալու է արդյունաբերական ռազմավարություն` ճյուղային գերակայություններով»,- նշել է կառավարության ղեկավարը:

Այլ հանգամանքներում միգուցե բոլորս ոգեւորվեինք։ Սակայն իրականությունն այն է, որ «ռազմավարություն» ասվածը Հայաստանում արդեն այնքան է իմաստազրկվել, այնքան մեծ թվով թղթին մնացած ռազմավարություններ ունենք, որ դրանով ոգեւորվելը միամտություն կլինի։ Իսկ գործարարները հավատում են ոչ թե ռազմավարություններին ու գեղեցիկ ծրագրերին, այլ հարկային փոփոխություններին (մանավանդ, երբ այդ փոփոխությունների արդյունքը զգում են իրենց գրպանի վրա)։

Ավելացնենք նաեւ, որ հաջորդ տարվա բյուջեի եւ հարկային փաթեթի շուրջ երեկ մեկնաբանություններ է ներկայացրել նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Անդրադառնալով այն կարծիքին, որ 101 միլիարդ դրամով հարկերի ավելացումը խնդրահարույց է, եւ բյուջեն ռիսկային է դառնում՝ Վ. Գաբրիելյանը նշել է. «Եթե մենք անդրադառնում ենք ինչ-ինչ մտահոգությունների, քանի որ համաշխարհային մակրոտնտեսական տատանումները միշտ էլ մտահոգիչ են, դա դեռ չի նշանակում, որ փաստաթուղթը ռիսկային է»։ Վ. Գաբրիելյանը նաեւ նշել է, որ հարկային համակարգում բարեփոխումները հետեւողականորեն շարունակվում են, միայն թե արագությունը կարող էր ավելին լինել: «Իհարկե, այդ առումով, այն տեղը, որը հիմա զբաղեցնում է Հայաստանը, բավարար չէ, նման գնահատական ունի նաեւ կառավարությունը, սակայն Հայաստանը հարկային ոլորտում հեղափոխական շարժվելու հնարավորություններ չունի»,- ասել է ֆինանսների նախարարը:

Նա ասել է, որ եթե եվրոպական խոշոր երկրներում կատակլիզմներ չլինեն, գյուղատնտեսության մեջ էլ կլիմայի հետ կապված կատաստրոֆիկ փոփոխություններ չլինեն, ապա այլ հավասար պայմաններում բյուջեն իրատեսական է, եւ նախատեսված գումարը կհավաքագրվի: Մնում է հուսալ, որ այս տարի «եթե»-ները կշրջանցեն Հայաստանը։