«Առավոտյան բակը լցվում է պահպանակներով»

15/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեկ խմբագրությունը Երեւանի Արգիշտի փողոցի 4 շենքի բնակիչների անունից էլեկտրոնային նամակ էր ստացել: Նամակագիրը ([email protected] հասցեից) ԶԼՄ-ներին խնդրել է անդրադառնալ Երեւանի Արգիշտի 4 հասցեում տիրող վիճակին: «Նոր մանրամասներ Արգիշտի 4-ում տեղի ունեցող իրադարձություններից» վերնագրով նամակում բնակիչների անունից հանդես եկող քաղաքացին գրել է. «Հարգելի ԶԼՄ-ներ: Տեղեկացնում եմ, որ Արգիշտի 4-րդ շենքում, բացի նախկինում հիշատակվող իրադարձություններից, տեղի են ունենում այլ ավելի սարսափելի ու անհավատալի իրադարձություններ: Պատմում եմ մի պատմություն, որը Ձեզ շատ կհետաքրքրի, եւ Դուք անպայման կայցելեք ու ինքներդ կուսումնասիրեք այն»: Նամակը ներկայացնում ենք չնչին խմբագրմամբ. «2011թ. հոկտեմբերի 20, ժամը 24:00, հարկ 10, բնակարան` հյուրանոցային համարակալմամբ` 10004: Ժամը 24:00: Այս բնակարան են եկել 2 դուրսընկած կանայք եւ սկսել գումարային հարցեր քննարկել: Նրանք երիտասարդ պարսիկ հաճախորդից պահանջում էին իրենց վճարել 50.000 դրամ: Երիտասարդ եւ անփորձ պարսիկ հաճախորդը համաձայնեց եւ չսակարկեց: Նրանք էլ համաձայնեցին մնալ 1 ժամ եւ սկսեցին իրենց անբարո գործը: Այդ ամբողջ պրոցեսը տեւեց կես ժամ, հետո նրանք պահանջեցին գումարը: Երիտասարդ ու անփորձ պարսիկը տվեց նրանց այդ գումարը ու հասկացրեց, որ 1 ժամը դեռ չի լրացել, եւ որ իրենք ոչ մի տեղ էլ չեն գնա: Նրանք սկսեցին վիճել պարսիկ երիտասարդի հետ եւ պահանջեցին բացել դուռը, քանի որ իրենք դեռ պիտի սպասարկեն 6-րդ եւ 7-րդ հարկի պարսիկներին: Նաեւ ասեցին, որ դրանից հետո պետք է գնան Գուրգենի մոտ, ով իրենց պիտի գումար տա: Երիտասարդ պարսիկը 10 րոպե բանավիճելուց հետո համաձայնեց ու բացեց բնակարանի դուռը եւ ճանապարհեց նրանց: Նրանք մոտեցան վերելակին եւ սկսեցին վիճել` տարիքով ավելի փոքրն էր սպասարկել պարսիկ երիտասարդին` նա էր ուզում վերցնել գումարի մեծ մասը, բայց տարիքով ավելի մեծը ասաց, թե ինքն է այդ աղջկան բերել ու դրա համար էլ պետք է այդ գումարի մեծ մասը իրենը լինի: Եվ այդպես համաձայնության չգալով ու վիճելով` նրանք իջան վերելակով ներքեւ, ավելի կոնկրետ` 6-րդ եւ 7-րդ հարկեր` մնացին սպասարկելու: Հավաստի աղբյուրների համաձայն` նրանք շենքը լքել են առավոտյան ժամը 7:00-ին` Գուրգենի սենյակից դուրս գալուց հետո»: Նամակագիրը, ով խնդրել է չհրապարակել իր անուն-ազգանունը, հայտնել է նաեւ հավելյալ տեղեկություններ` մասնավորապես, նշելով. «Գուրգեն կամ Գուգո` սյունեցի բրոքեր, ով եկել է Սյունիքի մարզից, ավելի կոնկրետ` Մեղրիից, եւ զբաղվում է պարսիկների գործով: Հայ-իրանական սահմանից պարսիկներ է վերցնում ու բերում Երեւան Արգիշտի փողոց, շենք 4: Հյուրանոցային համարակալմամբ շենքում վարձով տրվող բնակարանները համարակալված են հյուրանոցային համարակալման ձեւով: Օրինակ, 7-րդ հարկը համարակալված է հետեւյալ կերպ` 701, 702, 703, 704, 705, 706: Բայց նրանք նաեւ ունեն իրենց իսկական համարը: Շենքի բնակարանների համարակալումն սկսվում է 1-ից եւ վերջանում է 46-ով: Շենքն ունի 3 մուտք-մասնաշենք: Սա էլ հավելյալ ինֆորմացիա Ձեզ համար: Սա այդ ամբողջ պատմությունների ընդամենը 5 տոկոսն է»:

Երեկ մենք փորձեցինք գնալ դեդեկտիվ ժանրին պատկանող այս նամակի հետքերով, եւ անկեղծ ասած` զարմանալու քիչ առիթ չունեցանք: Նախ, զարմանալու առիթներից մեկն այն էր, որ քաղաքացին, ով դիմել էր մեր եւ մյուս ԶԼՄ-ների օգնությանը` խոստանալով լրացուցիչ տեղեկություններ փոխանցել, քիչ անց խուսափեց անձամբ ներկայանալ եւ հանդես գալ: Երեկ ամբողջ օրը մենք փորձեցինք գտնել այն հասցեն, որ նշել է նամակագիրը, սակայն այդպես էլ չհաջողվեց: Այն շենքը, որի մասին նա հիշատակել էր, ոչ թե 11, այլ 10 հարկանի էր, իսկ նամակագրի փոխանցած հասցեում գտնվող բնակարանը գտնվում էր 11-րդ հարկում: Զավեշտալին այն էր, որ հարեւաններն անգամ տեղյակ չէին նման հասցեի գոյության մասին: Ինչեւէ, այս նամակի հետքերը սկզբից մեզ տարան ոչ այն հասցեով, որը նշել էր նամակագիր Կարինա Ալավերդյանը, սակայն այդտեղ մենք բախվեցինք ցավալի մեկ այլ իրողության: Ահա թե ինչ պարզեցինք Արգիշտի 11/4 հասցեում, ուր մենք պատահաբար հայտնվեցինք` նամակագրի նշած հասցեն փնտրելու ընթացքում:

Հայ աղջիկների եւ պարսիկ տղամարդկանց «որջերը»

Երեւանի Արգիշտի փողոցի նորակառույց շենքերը գտնվում են բավական խճողված տեղում` Մոսկվայի տան ետնամասում (Երեւանի քաղաքապետարանի դիմացի մայթին է գտնվում Մոսկվայի տունը), որտեղ «Գլենդել հիլզ» ընկերությունն ակտիվ շինարարություն է իրականացնում: Կիսակառույց բնակելի շենքերի խոռոչում գտնվող մեր փնտրած հասցեն շփոթության տեղիք է տալիս, եւ տպավորություն է, թե այդ վայրը դեռեւս անմարդաբնակ է: Բայց պարզվում է, որ քաղաքի այս հատվածում անգամ պատահական անցորդներն են տեղյակ շենքերի պարսիկ-բնակիչների մասին: Անցորդների խոսքով` պարսիկներ, հնդիկներ ու վրացիներ շատ կան «այդ կողմերում», որոնց մեծ մասը բնակարաններ են վարձակալում կարճատեւ ժամանակով: Բնակարանների միջին ամսավճարը 400-500 դոլար է, ընդ որում` բնակարաններն ամենամեծ պահանջարկն ունեն պարսիկների, կամ, ինչպես բնակիչներն են ասում, «խոլոստյակ» պարսիկների շրջանում: «Արդեն մի տարի է` մենք տեղափոխվել ենք էստեղ, բայց ոչ հանգիստ ունենք, ոչ քուն: Ամբողջ գիշեր պարսիկները ձենները գցում են գլուխները, եւ առաջին-երկրորդ հարկի ապրողներին հանգիստ-քուն չկա: Բացի դրանից, բերում են անբարոյական աղջիկների, ովքեր սանձարձակ, իրենց հայ աղջկան վայել չեն պահում` տկլոր բարձրանում են բալկոնները, անշնորհքություններ են անում, իսկ դա տեսնում են նորմալ ընտանիքների երեխաները»,- երեկ մեզ հետ զրույցում պատմեց Արգիշտի փողոցի բնակիչներից մեկը, ով, սակայն, չնշեց իր անուն-ազգանունը: Բնակչուհու փոխանցմամբ` շենքում տիրող վիճակը հատկապես սարսափելի է ամռան օրերին, երբ պատուհանները բաց են լինում, եւ դրսից ամեն բան հստակ երեւում է: «Իրենց հերթական անկարգություններից հետո ահավոր վիճակ է լինում բակում: Առավոտյան շուտ արթնանալիս` տեսնում ես` ամբողջ բակը լցվել է պահպանակներով, եւ սարսափելի է, երբ անմեղ երեխաներն են տեսնում դա,- նկատեց բնակչուհին եւ ավելացրեց,- Եթե առավոտ շուտ գաք, կտեսնեք էդ պատկերը: Ուղղակի ամեն առավոտ հավաքարարը գալիս-հավաքում ա, եթե չգա` ամեն բան ահավոր կլինի»: Բնակիչներից մեկը, որ ոչ վաղուց է բնակվում այդ շենքում, եւս չժխտեց այդ շենքերում պարսիկների եւ անբարոյական կանանց հարաբերությունները: Բնակչի խոսքով` մարմնավաճառների սպասարկման «բիզնեսով» զբաղվում են մի քանի մարդիկ, այդ թվում` նաեւ մի կին: «Մենք էդ մարդկանց ճանաչում ենք դեմքով, անուններով չգիտենք, որովհետեւ իրենց հետ գործ չենք անում: Մի 4 հոգի նաղդ կա»,- նկատեց Արգիշտի փողոցի բնակիչը: Ընդ որում` մարմնավաճառների տարիքը, ըստ բնակիչների, սկսում է 15 տարեկանից: «Մենք էլ մանր էրեխեք ունենք, ովքեր տեսնում են ամեն բան: Իհարկե, հաճելի չի, բայց ի՞նչ անենք: Մարմնավաճառներին բերում-տանում են մեքենաներով` համ տաքսիով, համ էլ ընենց մեքենաներով: Էնքան էլ սիրուն աղջիկներ են` 15-25 տարեկան: Անչափահաս էլ կա, չափահաս էլ կա»,- շարունակեց Արգիշտի փողոցի բնակիչը: Ըստ նրա` իր նկարագրած վիճակը տիրում է տվյալ տարածքի բոլոր շենքերում: «Պարսիկներն ավելի շատ արտոնություններ ունեն, քան մենք` էս հողի բնակիչներս: Գիշերը լրբերի են բերում, անհանգստացնում են մեզ: Նրանք Հայաստանը դարձրել են ողորմելի գաղութ: Մի քանի օր առաջ գիշերվա ժամը 3-ին պարսիկները կանգնել են դրսում` ձենները գլուխները գցելով: Ես էլ դուրս եկա ու գոռացի նրանց վրա, բայց մեկ ա` օգուտ չկա: Իրանում Մուհամեդը չի թողնում, որ խմեն, գնան լկտիությամբ զբաղվեն: Իսկ Հայաստանում կարգ ու կանոն չկա, պետք է մի կանոն լինի՞, թե՞ չէ»,- նկատեց շենքի բնակիչներից Անդրանիկ Բալումյանը: Իսկ Արգիշտի փողոցի 11/4 շենքի լիազոր-ներկայացուցիչ Աշոտ Հայրապետյանի խոսքով` մի քանի ամիս առաջ ինքն այդ հարցով դիմել է Կենտրոն 1 համատիրության ղեկավարին` Սուրեն Ներսիսյանին: «Ես դիմել եմ աղբի հարցով: Այս տարածքի բոլոր շենքերն էլ գտնվում են նույն վիճակում»,- ասաց շենքի լիազորը:

Տուրիզմ ենք զարգացնում…

ՀՀ Կառավարությունը զբոսաշրջության զարգացման մասին խոսելիս` մշտապես նշում է, թե որքան զբոսաշրջիկներ են ամեն տարի Իրանից գալիս Հայաստան: ՀՀ իշխանությունների համար կարեւոր չէ` ինչո՞վ է զբաղվում նրանց մեծ մասը ՀՀ-ում, ի՞նչ նպատակով են գալիս: Ի դեպ, բազմաթիվ հայ կանայք եւ Իրանի քաղաքացիներ համատեղ երեխաներ ունեն, եւ նրանց թիվն, ըստ մեր տվյալների, այնքան շատ է, որ «վիճակագրություն» է կազմում: Իրանի քաղաքացիներից շատերն, ըստ նույն աղբյուրների, այդ կանանց անունով անշարժ գույք են ձեռք բերել

ՀՀ-ում: Բազմաթիվ են դեպքերը, երբ լուրջ ծեծկռտուքներ են լինում երեւանյան դիսկոտեկներում, ժամանցային ակումբներում` հայ եւ իրանցի երիտասարդների միջեւ: Որպես կանոն, Իրանի քաղաքացիներին ՀՀ ոստիկանությունը շատ արագ ազատ է արձակում` հանուն Իրան-Հայաստան միջպետական հարաբերությունների, իսկ հայ երիտասարդներին, լավագույն դեպքում, «կլպում», հետո է բաց թողնում, կամ` պատժի է ենթարկում (եթե տվյալ երիտասարդը «տանիք» կամ «զանգող» չունի): Ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության տվյալների` եթե 2009թ. ՀՀ եկած պարսիկների թիվը կազմել է ավելի քան 80 հազար, ապա 2010թ. արձանագրվել է 40% աճ, այսինքն` նրանց թիվը հասել է շուրջ 120 հազարի: Ընդ որում` պարսիկների ամենամեծ հոսքը լինում է պարսիկների Նովրուզ Բայրամի (պարսիկների Նոր տարին է, որը սկսվում է մարտի 21-ից եւ տեւում է 13 օր) ժամանակ: Պարսիկների համար ՀՀ-ում այդ տոնը նշելը շահավետ է. այն առումով, որ այստեղ գները մատչելի են: Այստեղ նրանք իրենց շատ ազատ են զգում, կանայք կարող են առանց գլխաշորի ման գալ, կարող են ալկոհոլ օգտագործել, կանանց հետ կարող են միասին այցելել զվարճանքի վայրեր, եւ այլն: Այն, ինչ չեն կարող իրենց թույլ տալ սեփական երկրում: Հայ տաքսու վարորդներն այդ օրերին բարձրացնում են գները. օրինակ, Աբովյան փողոցից Խանջյան կարող են հասցնել 5000 դրամով: Քաղաքի կենտրոնում նրանք մեկ-երկու շաբաթով բնակարաններ են վարձում` սովորականից թանկ գներով: Ըստ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության տվյալների` Իրանի մեկ քաղաքացին Հայաստանում այդ օրերին կարող է ծախսել 1200-1300 դոլար: