Ամերիկյան FOX 11 հեռուստաալիքը հեռարձակել է օրեր առաջ ԱՄՆ-ում Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) բացահայտած դավադրության մասին պատմող տեսանյութ: Դավադրության շրջանակում, որը կազմակերպել էին Իրանի իսլամական հեղափոխության բարձրաստիճան ներկայացուցիչները, իրանական գործակալները մեքսիկացի թմրավաճառների աջակցությամբ ծրագրում էին քաղաքական սպանություններ իրականացնել մի շարք երկրներում, այդ թվում` Ադրբեջանում եւ Թուրքիայում: «Ադրբեջանում 2012թ. ծրագրվում էր 2 աղմկահարույց ահաբեկչական գործողություն եւ 1 քաղաքական սպանություն: Այդ ծրագրված գործողությունների նպատակն էր հասարակության շրջանում ստեղծել աժիոտաժ, խուճապ եւ այլ բացասական ազդեցություններ»,- նշում է FOX 11-ը` ընդգծելով, որ Ադրբեջանում իրականացվելիք քաղաքական սպանությունը պատվիրել էին Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մերձավորները: «Ահաբեկչական գործողությունները պետք է առաջ բերեին զանգվածային անկարգություններ եւ դժգոհություն: Երկրում կայունությունը պետք է խարխլվեր: Եթե գործակալների ծրագրերն իրականացվեին, երկրի առաջնորդը կորցնելու էր իր հեղինակությունը եւ հրաժարական էր տալու»,- նշում է ամերիկյան լրատվամիջոցը: «Իրանական ռեժիմի առաջնորդները վստահ են, որ Իսրայելն Ադրբեջանի աջակցությամբ ինտենսիվ կերպով Իրանի մասին հետախուզական տեղեկություններ է հավաքում։ Ահաբեկչական գործողությունների արդյունքում Իրանը կոչով դիմելու էր ադրբեջանցի «եղբայրներին»` տապալել գործող վարչակազմը»,- նշում է հեռուստաալիքը` ընդգծելով, որ Ադրբեջանում քաոսային իրավիճակի ստեղծման գլխավոր դերակատարներից էր լինելու «Հըզբոլլահի» իրանյան թեւը հանդիսացող «Հըզբոլլահ Անսարի» կազմակերպության Թավրիզի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Հոջաթուլիսլամ Ռուհուլլա Բեջանին: «Ամեն ինչ սկսվելու էր Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպվելիք բողոքի զանգվածային ակցիայով»,- նշում է FOX 11-ը` տեղեկացնելով, որ նույն դավադրության շրջանակում քաղաքական սպանություններ եւ ահաբեկչական գործողություններ էին ծրագրվում նաեւ Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում եւ Սաուդյան Արաբիայում: Հեռուստաալիքը նշել է, որ Թուրքիայում մահափորձ էր ծրագրվում արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի դեմ: FOX 11-ը Թուրքիայում ծրագրված սպանությունների եւ ահաբեկչական գործողությունների մասին տեսանյութը հեռարձակելու է ավելի ուշ: