ՌԴ-ին դո՞ւրս են մղում

15/11/2011

«Նեզավիսիմայա գազետան»` անդրադառնալով ԵՄ հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հարավկովկասյան այցին, որը մեկնարկելու է այսօր, գրել է, թե Արեւմուտքը ցանկանում է ՌԴ-ին դուրս մղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից:

«Էշթոնը նախ` այցելելու է Բաքու, այնուհետեւ` Թբիլիսի, եւ վերջում` Երեւան: Երկրների նախագահների հետ հանդիպումներին, մասնավորապես, քննարկվելու է հակամարտությունների կարգավորման գործընթացներում, հիմնականում` ԼՂ կարգավորման գործընթացում Եվրամիության դերակատարությունն ինտենսիվացնելու հարցը: Միեւաժամանակ, լուրեր են շրջանառվում, որ նաեւ ԱՄՆ-ն է պատրաստ Ռուսաստանի ձեռքից վերցնել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում գլխավոր միջնորդի դերակատարությունը»,- գրում է թերթը: Հոդվածագրի դիտարկմամբ` Եվրոպայում գոհ չեն ղարաբաղյան հակամարտության գործընթացի լճացումից. «Եվրոպայի դժգոհության մասին է խոսում օրեր առաջ Երեւանում գտնվող ԵԽ անդամ Կրիստիան Վիգենինի հայտարարությունը: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Վիգենինը լրագրողներին ասել էր. «Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ներգրավվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում… Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը որեւէ արդյունքի չի հանգեցրել երկար տարիների ընթացքում, եւ այդ առումով պետք է ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ բան փոխվի»: Վիգենինի խոսքով` ԵԽ-ում քննարկումներ են տեղի ունեցել եւ, մասնավորապես, առաջարկվել է ֆրանսիացի համանախագահին փոխարինել ԵՄ ներկայացուցչով: Բացառված չէ, որ այդ ներկայացուցիչը լինի Քեթրին Էշթոնը»,- գրում է ռուսական պարբերականը` մեջբերելով Կ. Վիգենինի այն հայտարարությունը, թե պետք է «նոր խաղացողներ ներգրավել այդ գործընթացում»: Թերթը գրում է, որ ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Ագաեւը` մեկնաբանելով Վիգենինի հայտարարությունները, ասել է, թե ԱՄՆ-ը ձգտում է հարավկովկասյան երկրներին դուրս բերել Մոսկվայի ազդեցության ուղեծրից. «Ադրբեջանցի քաղաքագետի խոսքով` Վաշինգտոնն իրականացնում է դեռեւս Ջորջ Բուշ կրտսերի օրոք մշակված «Մեծ Կովկաս» նախագիծը, որի նպատակն է` հաստատվել տարածաշրջանում եւ առաջ տանել ամերիկյան շահերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանը թշնամաբար է տրամադրված Ռուսաստանի նկատմամբ, իսկ Ադրբեջանի իշխող էլիտան հակված է ավելի շատ դեպի Արեւմուտքը, քան Մոսկվան, տարածաշրջանում ԱՄՆ-ի համար մեկ խնդիր է մնում Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Ագաեւը կարծում է, որ Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հանելը դժվար, բայց իրականանալի նպատակ է»,- նկատում է հոդվածագիրը: Ըստ պարբերականի, սակայն, Բեռլինում բնակվող քաղաքագետ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ Ռուսաստանին ղարաբաղյան գործընթացից հեռացնելն անհնար է: Նրա խոսքով` բանակցային գործընթացի ձեւաչափի փոփոխության համար անհրաժեշտ է բոլոր մասնակիցների համաձայնությունը. «Մոսկվան չի հեռանա ԼՂ գործընթացից եւ գլխավոր միջնորդի բեռը չի դնի ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ ԵՄ-ի ուսերին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կստորագրի իր անգործունակության տակ»,- «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում ասել է Ա. Մանուչարյանը: Նաեւ հավելել է, թե այդ դեպքում Մոսկվան Արեւմուտքին առիթ կտա անտեսել իր կարծիքն այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, հյուսիսկորեական, իրանական կամ աֆղանական խնդիրները: «Վստահ եմ` ՌԴ-ն չի հրաժարվի գերտերության հավակնություններից` առավել եւս հաշվի առնելով Վ. Պուտինի վերադարձը նախագահական աթոռին»,- ասել է քաղաքագետը:

Մեկնաբանելով բանակցային ձեւաչափը փոխելու գաղափարը` Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը ավստրիական «Standart» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար կարեւոր գրավական կարող է դառնալ «երկու համայնքների գոյակցությունը»: «Նման ձեւով առաջ քաշելով ադրբեջանցի փախստականների` Լեռնային Ղարաբաղ վերադառնալու հարցը, Ազիմովը, միեւնույն ժամանակ, ընդգծել է, որ «խնդրի կարգավորման փոխզիջումային տարբերակը, որին կարող է գնալ Ադրբեջանը, չի ենթադրում Հայաստանին որեւէ տարածքների հանձնում»: Ի դեպ, «Նեզավիսիմայա գազետան» Ազիմովի հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով դիմել է նաեւ ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանին: Վերջինս, ի պատասխան, ասել է. «Մենք համաձայն ենք այն հայտարարության հետ, որ խնդրի կարգավորումը չի ենթադրում Հայաստանին տարածքների հանձնում: Ղարաբաղյան հակամարտությունը ոչ հայ-ադրբեջանական տարածքային խնդիր է, ոչ էլ Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտություն, այն հակամարտություն է Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, որի կարգավորման համար անհրաժեշտ են ուղիղ բանակցություններ»: Ըստ թերթի, Դ. Բաբայանն ասել է, թե ԼՂ իշխանությունները երբեք դեմ չեն եղել ադրբեջանցի փախստականների վերադարձին։ «Մենք պատրաստ ենք ընդունել ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներին` պայմանով, որ նրանք ընդունեն Լեռնային Ղարաբաղի քաղաքացիություն եւ ինտեգրվեն ղարաբաղյան հասարակությանը»,- ասել է Բաբայանը: