WebԾիրանը կցուցադրի 35 ֆիլմ

15/11/2011

Այսօր webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ մեկնարկում է WebԾիրան առաջին համահայկական օնլայն կինոփառատոնը: Մինչեւ դեկտեմբերի 20-ը կցուցադրվի 7-20 րոպե տեւողությամբ տարբեր ժանրերի 35 ֆիլմ` 6 ֆիլմ յուրաքանչյուր շաբաթ: Ֆիլմերը կգնահատվեն ոչ թե որեւէ ժյուրիի անդամների կողմից, այլ ինտերնետ քվեարկությամբ` webtv.am հեռուստակայքի վրա կազմակերպված հատուկ քվեարկության միջոցով: Ֆիլմերի ցուցադրության գրաֆիկը կլինի WebԾիրանի ֆեյսբուքյան էջում: Հաղթող երկու ֆիլմերը կստանան 1000 եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամային մրցանակներ: Կլինեն նաեւ անակնկալ խրախուսական մրցանակներ: Մրցանակները, որ տրամադրել է փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվա Սել-ՄՏՍ» ընկերությունը, հաղթողներին կհանձնվի դեկտեմբերի 25-ին, հատուկ հանդիսությամբ: Մեր թղթակցի հետ զրուցում է ԷՅ.ԷՄ.ՄԵԴԻԱ ՊՐՈԴԱԿՇՆ ընկերության եւ webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը:

– Ո՞րն է այն հիմնական գաղափարը, որ դրվել է WebԾիրան-ի հիմքում:

– Նախ ասեմ, որ WebԾիրան-ի գաղափարը, ըստ էության, ծնվել է Կոնդում եւ կինոռեժիսոր, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Կոնդ» ֆիլմից: Ամիսներ առաջ մենք webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ սկսում էինք Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրությունը, եւ որոշեցինք այն սկսել դեռեւս 24 տարի առաջ նկարահանված «Կոնդ» ֆիլմով, ես առաջարկեցի, որ Հարություն Խաչատրյանը «Կոնդի» նկարահանումների ու «Կոնդի» ժամանակների մասին պատմի հենց Կոնդում, եւ հենց մեր հարցազրույցի ժամանակ էլ խոսեցինք ինտերնետում ֆիլմերի համակարգված ցուցադրության, այդ հնարավորությունը որպես հարթակ օգտագործելու մասին, եւ այլն: Իսկ երբ մեր հաղորդումը «Կոնդի» մասին եւ «Կոնդը» ցուցադրվեց webtv-ով, եւ դիտումների քանակն ու արձագանքներն ուղղակի անսպասելի էին, Հարություն Խաչատրյանն առաջարկեց օնլայն կինոփառատոն անցկացնել: Այսօր, երբ աշխարհում խոսում են տրանսմեդիա իրողությունների մասին, տեղեկատվական տեխնոլոգիաները մեր կենցաղում են, փոքրիկ հեռախոսները գրեթե թանկարժեք տեսախցիկների որակ են ապահովում, ինտերնետն ամեն օր նոր հնարավորություններ է ստեղծում, մենք նույնպես պետք է փորձեինք այդ իրողություններին համարժեք քայլեր անել: Այսօր կինոն, մասնավորապես` խելոք կինոն` այլեւս աստղաբաշխական գումարներ չի պահանջում, այլ պահանջում է միտք, արվեստ եւ մտահղացումներ: Եվ այսօր արդեն իրական չէ սպասել, որ ստեղծագործողներն ունենան ֆինանսական մեծ հնարավորություններ` նախ թանկարժեք ժապավենների վրա ֆիլմ նկարահանելու, այնուհետեւ` դրանք փառատոներում ցուցադրելու համար: Եթե մարդիկ ունեն գաղափար, ունեն ասելիք, պետք է ունենան նաեւ դրանք դրսեւորելու հնարավորություն, իսկ այդ հնարավորություններն այսօր անսպառ են, եւ մենք այս փառատոնով նրանց տրամադրում ենք այդ անսպառ հնարավորություններից մեկը` իրենց ստեղծագործությունները հասարակությանը մատուցելու համար: Ի վերջո, ֆիլմերը նկարահանվում են հասարակության եւ ոչ թե փառատոների համար:

– Արդյոք մենք ունե՞նք այն լսարանը, ով պատրաստ է փառատոնին հետեւել ինտերնետով:

– Այո, մենք շատ լավ եւ շատ որակյալ լսարան ունենք, ով, ըստ էության, դուրս է մղված թե ավանդական հեռուստաընկերություններից, թե կինոդահլիճներից, եւ այդ լսարանն իր բավարարությունները փնտրում է հենց ինտերնետում: Մենք, արդեն վեց ամիս է, ունենք «Կինոֆեստ» հաղորդաշարը, որտեղ խոսել ենք հիմնականում վավերագրական կինոյի մասին, ցուցադրել ենք նոր ֆիլմեր, էքսպերիմենտալ ֆիլմեր, նաեւ ֆիլմեր, որոնք ոչ մի տեղ գրեթե չեն ցուցադրվել, եւ այդ հաղորդաշարը դիտողների շատ կայուն լսարան է արձանագրել: Մենք նույնիսկ, այսպես կոչված, «էլիտար» ֆիլմեր ենք ցուցադրել, օրինակ` Արտավազդ Փելեշյանի «Կյանք» հրաշալի ֆիլմը, եւ մեկ գիշերում այն 1500 դիտում է ունեցել:

– Ի՞նչ ֆիլմեր են ցուցադրվելու հատկապես WebԾիրանում:

– Ամենատարբեր: Մենք որոշեցինք որեւէ կերպ չսահմանափակել ստեղծագործողների հնարավորությունները: Նախ որոշեցինք ժանրային սահմանափակումներ չդնել, որպեսզի ներկայացվեն անիմացիոն ֆիլմերից մինչեւ վավերագրական, խաղարկային ֆիլմեր: Չսահմանափակեցինք նաեւ տեխնիկական չափորոշիչներով, քանի որ, ինչպես արդեն նշեցի, տրանսմեդիայի իրողությունների պայմաններում նույնիսկ հեռախոսով նկարահանված ֆիլմերը կարող են գեղարվեստական եւ գեղագիտական արժեքներ ունենալ: Հարություն Խաչատրյանի առաջարկով որոշեցինք, որպես առաջին անգամ անցկացվող օնլայն փառատոն, նաեւ գեղարվեստական խիստ չափորոշիչներ չդնել, չնայած, որ փառատոնն անցկացվում է «Ոսկե Ծիրան» միջազգային հիմնադրամի հետ եւ նախնական դիտման չենթարկել ֆիլմերը: Հասկանալի է, որ կարող են լինել նաեւ ֆիլմեր, որոնք որեւէ արժեք, ըստ էության, չեն ներկայացնում, բայց այս ամենն արվել է, որպեսզի թե ստեղծագործողները, թե հասարակությունը հասկանան, որ սա հարթակ է` ստեղծագործող մարդկանց գործերը ներկայացնելու, նրանց ոգեւորելու, որոշակի կինոմթնոլորտ ստեղծելու համար նաեւ, իսկ մրցանակակիրները կարողանան ավելի առաջ քայլեր կատարել: Մեր որոշումները, կարծում եմ, արդարացված էին, քանի որ ընդամենը մեկ ամսում 35 ֆիլմ է ներկայացվել ցուցադրության: Ներկայացվել են նաեւ ֆիլմեր ԱՄՆ-ում, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների կողմից:

– Ի՞նչ շարունակություն կունենա WebԾիրանը:

– Կարծում եմ` լավ շարունակություն կունենա: Մենք նախատեսել ենք տարին մի քանի անգամ անցկացնել այս փառատոնը, բայց սպասենք առաջին փառատոնի արդյունքներին:

Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ