«Ի՞նչ հարաբերակցություն, ենթատեքստից կտրված եք ասում: Այնտեղ ասվում է, թե որեւէ կուսակցություն չպետք է փորձի դիվիդենտ հավաքել` մյուսին վատաբանելով»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԲՀԿ մամլո քարտուղար Բաղդասար Մհերյանը` պատասխանելով հարցին, թե ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի` նախօրեին արած հայտարարությունը չի՞ հակասում կոալիցիոն հուշագրին: Հիշեցնենք, որ Բոստանջյանը հայտարարել էր, թե «հավասար պայմանների պարագայում, թերեւս, կարող է տպավորություն թողնել, որ, կարծեք թե, ԲՀԿ-ն ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա»: Իսկ փետրվարի 17-ին ստորագրած կոալիցիոն հայտարարության մեջ նշված է, թե` «կոալիցիոն կուսակցությունները գալիք խորհրդարանական ընտրություններին նպատակ չունեն իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Հարցին, թե ինչո՞ւ է հիշատակում նախադասության սկիզբը, բայց անտեսում վերջը, Բ.Մհերյանն այսպես է պատասխանել. «Կոնկրետ մենք դա հասկանում ենք այդպես»: