«Շտաբ չկա` շտաբի ղեկավար կա, այսինքն` այսօր Հայաստանում տրամաբանությունից դուրս իրավիճակ է: Մինչդեռ երկրի երկրորդ պաշտոնյան շատ ավելի կարեւոր է, քան ինչ-որ շտաբ,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` ավելացնելով,- Բայց աշխարհը տեսավ, թե ինչ ընտրություններ են անցկացրել Հ. Աբրահամյանը, Ս. Սարգսյանը եւ փեսան, մտածեցին, թե` այո, ճիշտ է ասում Գերմանիայի դեսպանը` մեզնից աշխարհը լավ ընտրություններ է սպասում, եւ երկրորդ սխալը արեց` փեսային ուղարկեց շտաբ: Եթե Ս. Սարգսյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների` ես հասկանում եմ շտաբի ղեկավար նշանակելը, այսինքն` ինչպես Սահակաշվիլին արեց` արտահերթ ընտրություններ նշանակելով: Բայց եթե ոչ` ես չեմ հասկանում: Եթե հիմա Ս. Սարգսյանը կրկնում է Վրաստանի վիճակը, ես կարծում եմ` ճոճել Հայաստանը, եւ Հայաստանում ոչինչ չի փոխվի»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ տրամաբանությամբ ինքը դեմ է արտահերթ ընտրություններին: «Եթե ըստ այս հաշվարկների` արդար ու թափանցիկ ընտրություններ են լինելու, չի լինելու կաշառք, ապա այդ դեպքում ես կողմ եմ, որ ընտրություններ լինեն, բայց եթե այս ամենը չկա` ես կատեգորիկ դեմ եմ այսօր արտահերթ ընտրություններին,- ասել է նա` ավելացնելով,- ՀԱԿ-ն այս առումով կաջակցի Ս. Սարգսյանին, եթե այս վիճակով պահանջի արտահերթ ընտրություններ, երբ իրենց իսկ գնահատականներից մեկը` 500.000 ձայների կեղծման վերաբերյալ, առայժմ շարունակում է մնալ խնդիր»: Պատասխանելով ներկոալիցիոն հակասությունների մասին հարցին` Ա. Կարապետյանն ասել է, որ նման բան իրականում գոյություն չունի: «Կոալիցիան միահամուռ է, որեւէ գաղափարական-ծրագրային խնդիրներ այնտեղ չկան: Այս պահին կառավարությունում տեղերի շուրջ են ինչ-որ գործընթացներ ընթանալու»,- ասել է նա: Ա. Կարապետյանի կարծիքով` պաշտոնանկությունները «կիսատ մնացին», քանի որ դրանց տրամաբանությունից ենթադրվում է, որ Հայաստանին կոալիցիոն կառավարություն պետք չէ: «Կառավարության հիմնական մասը վարչապետի թիմն է, մնացածը կոալիցիայի նշանակումներն են: Այս ամենը անհասկանալի է, որեւէ ծրագրային, գաղափարական ամբողջություն չկա»,- ասել է նա: