ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը ձերբակալվել է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Սուքիասյանը, 2001-2008թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում, 2008թ. հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները: Ոստիկանությունից «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել են, որ հիշյալ գործի շրջանակում կա 22 մեղադրյալ, որոնք ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ 23-րդը ձերբակալված Արթուր Սուքիասյանն է: Սուքիասյանը, հիշեցնենք, ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւոր գործերի վարչությունում քննվող քրեական գործով: 2010թ. դեկտեմբերին աշխատանքից ազատվել էր Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը, ով չէր հերքել, որ իր պաշտոնանկության հարցը կարող է կապված լինել իր ղեկավարած կառույցում Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումների հետ: Այդուհանդերձ, հարուցված քրեական գործով Վազգեն Խաչիկյանին մինչ օրս մեղադրանք չի առաջադրվել: