«Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության նախագահ, հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեյմս Թրուշարդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ երեկ նշել է, Հայաստանը «Նեյշնլ ինսթրումենթսի» ծրագրերի իրագործման համար շատ հարմար վայր է: Ս. Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության ներդրումը, նաեւ` դեռեւս 2007թ. ՀՀ մարդկային ռեսուրսը գնահատելու եւ, ըստ այդմ, երկրում ընկերության մասնաճյուղ բացելու որոշումը: Ս. Սարգսյանի խոսքով` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների եւ ընկերությունների թիվը, ոլորտում վերջին տարիներին արձանագրվող աճը եւս մեկ անգամ փաստում են տվյալ ոլորտը երկրի տնտեսության գերակա ճյուղ հայտարարելու վերաբերյալ Հայաստանի կառավարության 2001թ. որոշման արդարացվածությունը: Ս. Սարգսյանը կարեւորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ) տարածաշրջանային նշանակության արդիական ուսումնական լաբորատորիաների հիմնման` «Նեյշնլ ինսթրումենթսի» ծրագիրը: Զրուցակիցների կարծիքով, շուրջ 6 միլիոն դոլար արժողությամբ այդ ծրագիրը ՀՊՃՀ-ն կդարձնի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող բարձրակարգ տեխնոլոգիական համալսարան: