Ֆիզիոթերապիայի ինստիտուտի տնօրենն արձագանքել է

12/11/2011

Մեր թերթի նախորդ համարում տպագրված` «Ազատամարտիկի կյանքը 300.000 դրամ չարժե» հրապարակմանն արձագանքել է Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Բենիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ հոդվածը ութ երեխաների հայր, ազատամարտիկ Արթուր Փափազյանի մասին էր, ով ողնաշարի վիրահատության կարիք ուներ, եւ նրան սպառնում էր սայլակավոր հաշմանդամի կարգավիճակը: Ա. Փափազյանի վիրահատության համար մի քանի հիվանդանոցներից 300.000-350.000 դրամ էին պահանջել: Ազատամարտիկի կինը` Գայանե Փափազյանը, բազմաթիվ նամակներ էր գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Երեւանի նախկին քաղաքապետերին, ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, սակայն բոլորի կողմից մերժվել էր: Ութ երեխաների մայրը վստահեցնում էր, որ բազմանդամ ընտանիքի միակ աշխատողն ամուսինն է, եւ առողջական այդ խնդրի պատճառով վերջինս աստիճանաբար կորցնում է շարժունակությունը: Գրեթե բոլոր պետական համապատասխան մարմիններից ֆինանսական աջակցություն կամ անվճար վիրահատության հնարավորություն խնդրելուց եւ մերժվելուց հետո ազատամարտիկի կինը դիմել էր մեզ: Երեկ մենք տեղեկացանք, որ հրապարակմանն արձագանքելով` Ա. Փափազյանի հետ զրուցել է անձամբ Ֆիզիոթերապիայի ինստիտուտի տնօրենը` Բենիկ Հարությունյանը: «Մեզ կանչեց իր մոտ, խոսեցինք, շատ հուզված եմ, որ դեռեւս էդպիսի կարգին ու բարեխիղճ մարդիկ կան: Մյուս շաբաթ պիտի պառկեմ, արդեն բուժումը կստանամ: Նա կանչեց իր ենթականերին եւ հանձնարարեց, որ իմ հանդեպ շատ ուշադիր լինեն եւ մշտապես պատշաճ խնամք տանեն: Շատ կուզենայի նշել, որ նա իմ բուժումը, որի 15 օրն արժե 150.000 դրամ, իր աշխատավարձից է փոխանցելու: Մի տեսակ նույնիսկ շփոթված ու հուզված եմ Բ. Հարությունյանի մարդկային որակից: Չգիտեմ էլ ոնց արտահայտեմ իմ շնորհակալությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Փափազյանը, ով իսկապես այնքան հուզված էր, որ չկարողացավ այլեւս խոսել: