«Եթե Սյունիքի մարզպետը դատի տա՝ ինքն է խայտառակվելու»,- ասում է կին գործարար Սիլվա Համբարձումյանը

12/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ կին գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց, որոնցից մեկը, մասնավորապես, վերաբերում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Գործարար կնոջ խոսքով` իրեն պատկանող «Սիփան 1» ընկերությունից Սյունիքի մարզպետը գողացել է 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումներ: «Քանի որ «Սիփան 1» ընկերությունից պակասում էին բազմաթիվ սարքավորումներ, 2009թ. դիմեցինք ՀՀ Գլխավոր դատախազություն, որպեսզի հսկեն ընկերությունում կատարվող գողությունները: Իրականացված ստուգումների արդյունքում պարզ դարձավ, որ մեր ընկերությանը պատկանող սարքավորումների որոշ մասը, ավելի ճիշտ` 102 միլիոն դրամի գողացված գույքը գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող հանքավայրում: Ընդ որում` վերջինս 240 միլիոն դրամով 15 միլիոն դոլարի գույք է գնել «Սիփան 1»-ից, բայց այն սարքավորումը, որն արժեր 102 միլիոն դրամ, չկար նշյալ ցուցակում»,- մեր թերթին տված հարցազրույցում նշել էր Ս. Համբարձումյանը: Մեր հարցին, թե` «այսինքն` Սյունիքի մարզպետը գողացե՞լ է Ձեր գույքը», գործարար կինը պատասխանել էր. «Այս պահին 102 միլիոն դրամի գույքը գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում, օգտագործվում է: Այս մասին տեղեկացրել ենք իրավապահ մարմիններին, բայց մինչ օրս որեւէ փոփոխություն չկա: Մինչ օրս որեւէ արձագանք չենք ստացել»:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, սակայն, այնքան է վիրավորվել գործարար կնոջ հայտարարությունից, որ պատրաստվում է դատի տալ վերջինիս: Երեկ մենք փորձեցինք որոշ հարցերի պատասխաններ ստանալ Ս. Խաչատրյանից` հետաքրքրվելով, թե հատկապես ի՞նչն է գործարար կնոջը դատի տալու նրա մտադրության պատճառը: «Բա լրագրող մարդ ես, կարդացել ես, նեուժե՞լի դա մարդու հայտարարություն ա: Դա նորմալ մարդու հայտարարությո՞ւն ա»,- նշեց մարզի ղեկավարը, ում խոսքով` Ս. Համբարձումյանն իրեն զրպարտել է: Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս է նա ձեռք բերել վերոնշյալ սարքավորումը, մարզպետը պատասխանեց. «Ես չեմ ձեռք բերել, էլի, էդ կազմակերպությունն օրինական ձեռք ա բերել` թղթով-թանաքով, գումարն էլ փոխանցումով եմ տվել` մի մասը կանխիկ եմ տվել, մի մասը` փոխանցումով տվել եմ, էդ սարքավորումները ձեռք բերել: Ինքը դրա հետ ոչ մի կապ չունի»: Խոսքը ո՞ր կազմակերպության մասին է: Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Էդ ավստրալական կազմակերպություն էր, տնօրենն էլ Սուրեն էր, երեւանցի տղա ա տնօրենը: Մենք դրանցից ենք գնել, էլի»: «Այսինքն` «Այբերիան Ռիսորսիզ» ընկերությունի՞ց եք գնել»,- հարցրեցինք։ «Չէ, «Այբերիան Ռեսուրսը» չի դա: Դա «Սիփանն» էր վայ թե»,- պատասխանեց մարզպետը:

Չնայած այն հանգամանքին, որ Ս. Խաչատրյանը հստակ չէր հիշում, թե որ ընկերությունից էր ձեռք բերել սարքավորումները, վերջինս, այնուամենայնիվ, հիշեց սարքավորումների համար վճարած գումարը։ «240 միլիոն դրամ` փոխանցումով, 300.000 դոլար էլ` կանխիկ»,- ասաց նա: Իսկ մեր այն հարցին, թե հանդիպե՞լ է արդյոք Սիլվա Համբարձումյանի հետ, մարզպետը պատասխանեց. «Դե տենց ընդհանրապես տեսած կամ էլի»: Ընդ որում` մարզպետի խոսքով` ինքը գործարար կնոջ հետ հանդիպել էր մի քանի ամիս առաջ` ամռանը: Իսկ մեր այն դիտարկմանը, թե Ս. Համբարձումյանը պնդում է, որ մարզպետն իրեն 100.000 դոլար է առաջարկել` գողացված սարքավորման հարցը փակելու համար, Սյունիքի մարզի ղեկավարն այսպես պատասխանեց. «Ղալաթ ա արել: Վաղը կխոսենք էդ մասին: Ճիշտ չի ասում, էլի, դե չհամոզվեցի՞ք, որ շանտաժյոր աղջիկ ա ինքը»: Ս. Խաչատրյանը, սակայն, համոզիչ փաստեր բերելու մեր խնդրանքն այդպես էլ անպատասխան թողեց` փոխարենը ավելացնելով, որ «վաղը կարող ա ասուլիս տա»: Ասաց ու անջատեց հեռախոսը:

«Սուրիկ Խաչատրյանը, երեւի, մոռացել է, որ հանդիպել է ինձ հետ: Ասել է` «եթե դու ես, քեզ 100.000 կտամ»: Ես էլ ասել էի, որ` ես հո մուրացկան չե՞մ, ես իմ ապրանքն եմ ուզում կամ իմ ապրանքի լիարժեք փողը: Կարող եք դիմել քննիչ Թումաղանյան Անդրանիկին, վերցրեք բոլոր փաստաթղթերը, որն անգամ իր մոտ (խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է.- Մ.Մ.) արգելանք է դրել եւ ասել է` «իրավունք չունես վաճառելու, սա էս մարդու գույքն է»: Կարող եք դիմել ՀՀ գլխավոր դատախազության հսկող դատախազ Սարգսյան Հարությունին: Խնդրեմ` արագ դիմեք, թող պարզաբանումը տան` խայտառակվի նա (խոսքը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին է.- Մ.Մ.)»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում` ի պատասխան մարզպետի խոսքերի ասաց Սիլվա Համբարձումյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Սյունիքի մարզպետի` Ձեզ դատի տալու մասին հայտարարությունը, գործարար կինը պատասխանեց. «Ուզում է իր մարզպետությունը նորից ցույց տա, որ ինքը մարզպետն է… Բայց մենք քննիչից թղթեր ունենք, որոնք վկայում են, թե մեր գույքը որտե՞ղ, ո՞ր հիմնարկում է գտնվում: Մենք փաստացի ապացույցներ ունենք: Ես խնդիր չունեմ, եթե մարզպետը դատի տա` ինքն է խայտառակվելու: Ես շատ կուզեմ, որ դատի տա ու խայտառակվի փաստերով»: Ի դեպ, ըստ Ս. Համբարձումյանի` 2009թ. ընկերության գույքի, այսպես ասած` անհետացման հարցով դիմել էին ՀՀ Գլխավոր դատախազություն, գործի քննությունը վարում է քննիչ Անդրանիկ Թումաղանյանը, եւ քննության արդյունքում պարզվել է, որ ընկերությունից մոտ 508 մլն դրամի գույք է գողացվել:

Երեկ մենք փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ նշյալ գործով: ՀՀ Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը մեզ փոխանցեց, որ տեղեկատվությունը կարող ենք ստանալ ՀՀ Ոստիկանությունից: Այնուհետեւ փորձեցինք զրուցել նշյալ գործով քննիչ Անդրանիկ Թումաղանյանի հետ, ով, սակայն, «շտապ գործով գնացել էր Դատախազություն»: Ի դեպ, ՀՀ Գլխավոր դատախազությունն օրեր առաջ Ս. Համբարձումյանի հրապարակումն օրվա մամուլի մոնիտորինգի արդյունքում ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն` մատնանշված հանգամանքները ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար` կարեւորելով այն հանգամանքը, որ գործարար կնոջ ներկայացրած տեղեկությունները պարունակել են հանցագործության մասին հատկանիշներ` կոնկրետ անուների վկայակոչմամբ: Ի դեպ, հետաքրքիր է այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետարանի լրատվության պատասխանատու Աշոտ Քարամյանը որեւէ ասելիք չուներ մարզպետին գողության մեջ մեղադրող Ս. Համբարձումյանի հայտարարության մասին: Մարզպետարանի աշխատակիցը լրագրողներին ասել էր, թե ինքը տեղյակ չէ եւ չի կարող մեկնաբանել:

Մադլենը դա ասել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում. «երբ ինքն ինձ տեսնի` կհիշի»

Ինչեւէ, բացի Սյունիքի մարզպետից, օրեր առաջ Ս. Համբարձումյանին դատի տալու հայտարարություն է տարածել նաեւ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կինը` Մադլեն Թաշչյանը: Վերջինիս զայրացրել է ասուլիսի ժամանակ գործարար կնոջ այն հայտարարությունը, թե Սերոբ Տեր-Պողոսյանի կինը «շատ բան ունի ասելու, 1999 թվականի մասին պատմելու: Նա պահել է դա, որ ամուսնուն շուտ բաց թողնեն: Ինքն ասաց` եթե չթողնեն, ես ինքս լրագրողներին կասեմ»: «Մամուլի ասուլիսի ժամանակ ես ասացի հետեւյալը, որ ես անձամբ չեմ ճանաչում նրան (խոսքը Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ մասին է.- Մ.Մ.), ես լսել եմ նրա խոսակցությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, երբ ինքն ինձ տեսնի, կհիշի, թե ում մոտ էր նստած խոսում: Ես խնդիր չունեմ, նրանք, ովքեր նստած էին իմ կողքին, կգան, ցուցմունք կտան, եթե նա դատի տա ինձ»,- այս կապակցությամբ ասաց Սիլվա Համբարձումյանը` ավելացնելով, որ Մադլեն Թաշչյանի այդ զրույցը լսել էր Սերոբ Տեր-Պողոսյանին ձերբակալելուց հետո` 10 օր անց: Հետաքրքիրն այն է, որ գործարար կնոջ հայտարարությունները ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հասցեին դեռեւս մնացել են անարձագանք: Սա` այն դեպքում, երբ ասուլիսի հիմնական առանցքը եղել էր նախարարի հրամանը` Ս. Համբարձումյանին պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան անվավեր ճանաչելու մասին: «Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախարար Արմեն Մովսիսյանին ասաց, որ շատ լավ հանք կա, իրենք կարող են ձեռք բերել այն, եւ երկուսով աշխատեցնեն: Դրանից հետո ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր ճանաչեց «Սիփան 1»-ին տված լիցենզիան»,- մեր թերթին տված հարցազրույցում ասել էր Սիլվա Համբարձումյանը` ավելացնելով, որ նախարարի ոչ օրինական գործողությանը հետեւել էր աճուրդի կազմակերպումը, եւ, որ աճուրդի հանձնաժողովի նախարարը եղել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ աճուրդին շահել էր «Սագամար» ընկերությունը, որի բաժնետերերից մեկը վարչապետի այն ժամանակվա խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանն էր: