Պետությունն «ոտքը շինելու փոխարեն՝ աչքն էլ հանեց»

12/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 Ժամ» թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Երեխուս մեծերի դոզայով հակաբորբոքային նշանակեց, տեսողությունը թուլացավ» հրապարակումը Մարինա Սարգսյանի եւ նրա երեք մանկահասակ երեխաների մասին էր:

Հիշեցնենք, որ երիտասարդ կինը մեզ պատմել էր, թե ինչպես է ամուսինն իրեն պարբերաբար դաժան ծեծի ենթարկել: Մեզ հետ զրույցում նա վստահեցնում էր, որ վիճաբանություններից մեկի ժամանակ ամուսինը` Մարատն, այնպես է հարվածել, որ վնասել է ատամնաշարը: «Ամեն օր հարբած վիճակում էնպես էր ծեծում, մազերիցս քարշ տալով էնքան էր ծեծել, որ մոտս լրիվ մազաթափություն սկսվեց, գլխիս մազ չէր մնացել: Ինչ դեղ ասես, որ քսել եմ, ու հիմա մի քիչ վերականգնվել ա»,- պատմում էր Մարինան` ավելացնելով, որ ամուսինն իրեն բռնության է ենթարկել երեք փոքրիկ երեխաների ներկայությամբ: Վերջին անգամ կրկին դաժանաբար ծեծվելուց հետո երիտասարդ կինն իր երեք երեխաների հետ հեռացել էր ամուսնու տնից եւ վերադարձել մոր տուն:

Նախ` նշենք, որ Մարինեի հետ կատարված պատմությունը, որը մանրամասն նկարագրել էինք հոդվածում, անհավանական մեծ արձագանք ստացավ: Մինչ օրս էլ մեր բազմաթիվ ընթերցողներ զանգահարում եւ ամենատարբեր օգնություններ են առաջարկում: Այս ընտանիքով զբաղվում է նաեւ Կանանց ռեսուրսների կենտրոնը, որը, բացի տարատեսակ օգնություններից` նաեւ կաջակցի Մ. Սարգսյանին` ամուսնուց ապահարզան պահանջելու իրավական հարցերում: Ինչեւէ, ամենահետաքրքիրն այն է, որ հրապարակումից անմիջապես հետո Մ. Սարգսյանին է զանգահարել Էրեբունի վարչական շրջանի սոցիալական բաժնի աշխատակցուհին եւ տեղեկացրել, որ ամենամսյա հասանելիք իրենց 31.000 դրամ աղքատության նպաստն այլեւս չեն տալու: Այլ կերպ ասած` պետությունն այս երեք երեխաներին զրկեց այն գումարից, որի հույսով Մ. Սարգսյանը վերադարձել էր մոր մոտ` միայնակ երեխաների հոգսերը հոգալու հեռանկարով: Բանն այն է, որ Ընտանեկան նպաստի գրասենյակից` թերթի միջոցով` մեր հրապարակումից տեղեկանալով, որ Մ. Սարգսյանն այլեւս ամուսնու տանը չի բնակվում, որոշել են դադարեցնել նպաստը: Մեզ հետ զրույցում երեք երեխաների մայրը վստահեցնում էր, որ հեռանալուց հետո 31.000 դրամ երեխաներին տրամադրվող նպաստը ստանում է սկեսուրը, սակայն նա խոստացել է առաջիկա ամսվա նպաստի կեսն իրենց տալ:

Փաստորեն, մեր թերթում տպագրված հոդվածը կարդալուց հետո Ընտանեկան նպաստի գրասենյակի աշխատակիցները որոշել են այս ընտանիքին այլեւս նպաստ չտալ` պատճառաբանելով, որ երեխաների մայրը թեեւ գրանցված է ամուսնու տան հասցեում, այդուհանդերձ, ներկայումս բնակվում է մոր տանը: Մենք կապվեցինք տեղամասային տեսուչի հետ եւ փորձեցինք ճշտել, թե արդյոք մարդկայի՞ն են համարում նման իրավիճակում հայտնված կնոջն ու երեխաներին նպաստից զրկելու փաստը: Անահիտ անունով տեսուչը պատասխանեց. «Մենք հանձնաժողով կազմեցինք եւ այցելություն կատարեցինք նպաստառուի բնակարան: Պարզվեց, որ երեխաների մայրը երեխաների հետ տեղափոխվել է մոր տուն: Գոյություն ունի կառավարության որոշում, համաձայն որի` նպաստառուն պետք է գրանցված լինի այնտեղ, որտեղ բնակվում է: Հանձնաժողովն ուսումնասիրություն կատարելուց հետո որոշում կայացրեց կասեցնել նպաստի տրամադրումը` մինչեւ մայրը երեխաների հետ կգրանցվի մոր բնակության վայրում»: Այլ կերպ ասած` Էրեբունի վարչական շրջանի Սոցիալական ծառայության պահանջով Մարինա Սարգսյանը պետության տրամադրած նպաստը ստանալու համար պարտավոր է դուրս գալ ամուսնու տան գրանցումից եւ գրանցվել մոր բնակարանում: Այն, որ տեսուչը կատարում է օրենքով նախատեսված պարտականությունները եւ ենթարկվում է կառավարության որոշումներին` միանշանակ է: Մինչդեռ, փաստն այն է, որ պետական մարմիններն ամեն ինչ անում են պետության կողմից տրամադրվող այդ «գրոշները» արհեստականորեն նվազեցնելու համար: Օրինակ, մենք տեսուչին փորձեցինք բացատրել, ասելով` «Դուք բացառո՞ւմ եք, որ Մ. Սարգսյանը կարող է ամուսնու հետ հաշտվել եւ վերադառնալ նրա տուն, մանավանդ, որ նախկինում էլ մի քանի անգամ հեռացել է ամուսնուց, սակայն որոշ ժամանակ անց հաշտվել են, եւ ընտանիքը միավորվել է: Ինչպե՞ս եք պատկերացնում` Մ. Սարգսյանը տարվա մեջ մի քանի անգամ պետք է գրանցման հասցեն փոխի՞»: Անահիտ անունով տեսուչն, իհարկե, չի բացառում, որ ներընտանեկան հարաբերությունները կարող են կարգավորվել, եւ Մ. Սարգսյանը երեխաների հետ կարող է վերադառնալ ամուսնու տուն: Սակայն, քանի որ օրենքներն ու կառավարության որոշումները պահանջում են փաստացի գրանցման վայրից փաստաթուղթ` ինքը ոչինչ անել չի կարող: Այնպես որ, երեք անչափահաս երեխաների գործազուրկ մայրը, ով մեզ խնդրում էր միջամտել երեխաներին գիշերօթիկ դպրոց ընդունելու հարցում (որտեղ երեխաները գոնե պաշտպանված կլինեին սովից ու ցրտից)` այլեւս զրկվեց իր միակ եկամտի աղբյուրից: Պետությունն առանց խղճի խայթի այս անօգնական ընտանիքի «ունքը շինելու փոխարեն` աչքը հանեց»: Հիշեցնենք, որ մեր այցելության ժամանակ երեխաներից երեքն էլ անառողջ էին եւ բուժօգնության կարիք ունեին, իսկ Մ. Սարգսյանն անգամ տրանսպորտի գումար չուներ երեխաներին բժշկի տանելու համար:

«Երեխային այնպես է ծեծել, որ թեւը կոտրել է»

Այս հոդվածը լույս տեսնելուց հետ մեզ հետ անմիջապես կապվեցին նաեւ Մարինա Սարգսյանի ամուսինը` Մարատ Թալանչյանը եւ սկեսուրը` Ռիմա Թալանչյանը` վստահեցնելով, թե Մ. Սարգսյանն իրենց արժանապատվությունն արատավորել է եւ ստահոդ տեղեկություններ է տարածել: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի բնակիչներն ասում են, որ Ռիմա Թալանչյանը, տարածքի բնակիչներից ստորագրություն է վերցնում որդու դրական բնութագիրը նկարագրելու համար: Մեզ հետ զրույցում Ռ. Թալանչյանը խոստացավ ապացույցներ ներկայացնել հարսի վարքագծի վերաբերյալ: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա ինքն է էնպես երեխաներին ծեծում, որ էդ խեղճերը հիվանդանոց են ընկնում: Փոքր աղջկան նենց էր ծեծել, որ թեւը կոտրվել էր: Հասցրինք հիվանդանոց, բժիշկն ինչ ասես ասեց, ուզում էր Ոստիկանություն ահազանգել, խնդրեցինք, որ չանի: Ցանկացած պահի կարող եք հարցում անել, եւ բժիշկը իրականությունը կպատմի: 4 տարեկան Գեւորգին էնպես է ծեծել, որ երեխայի աչքի տակ սեւացել է: Ավելի լավ է` թող նա ձեզ պատմեր, թե ինչպիսի մայր է ու ինչպիսի կին: Նման դեպքեր շատ են եղել, որ դաժանաբար ծեծել է երեխեքին, իսկ իմ տղան նրանց փորձել է պաշտպանել իրենց մորից: Այո՛, տղաս ծեծել է կնոջը, բայց դա ունեցել է իր դրդապատճառները: Եթե կինը պատրաստ չէ ամուսնական կյանքին, ուրեմն` չպիտի մտնի այդ բեռի տակ: Նա քնում էր մինչեւ ցերեկվա ժամը մեկը, շատ փնթի էր եւ երեխաներով ընդհանրապես չէր զբաղվում: Ես եմ երեխաների դաստիարակության հարցերով զբաղվել, իսկ տղաս շատ աշխատասեր մարդ է»,- մեզ հետ զրույցում ասաց Մ. Սարգսյանի սկեսուրը` խոստանալով փաստեր տրամադրել երեք երեխաների մոր վարքագծի վերաբերյալ:

Ինչեւէ, այն, որ ընտանեկան փոխհարաբերությունները բարդ են եւ մշտապես իրար ներելու կամք են պահանջում` միանշանակ է: Սակայն, կարծում ենք` Ռ. Թալանչյանի մատնանշած ապացույցների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն անչափահասների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող համապատասխան մարմինները: