Սիլվան, Լիսկան, վարչապետը, նախարարը

10/11/2011

Գործարար Սիլվա Համբարձումյանը երեկ հայտարարել է, որ եթե իր կողմից բարձրացված հարցերը ՀՀ-ում արդարացի լուծում չստանան` դիմելու է Եվրոդատարան, որպեսզի կարողանա ետ ստանալ իր բիզնեսում ներդրած 10 մլն դոլարը: Գործարարը լուրջ փաստեր եւ մեղադրանքներ է ներկայացրել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկա), ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության դեմ: Նախարար Արմեն Մովսիսյանն անվավեր է ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան, արագ աճուրդ են կազմակերպել, աճուրդի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հանքը վաճառել են «Սագամար» ընկերությանը, որի բաժնեմասերից մեկը պատկանում էր վարչապետի այն ժամանակվա խորհրդական, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին: Բացի այդ, Սյունիքի մարզպետը Ս. Համբարձումյանից գողացել է 102 մլն դրամի սարքավորումները: Գործարարը դիմել է Ոստիկանություն, գողոնը հայտնաբերվել է մարզպետի հանքում, սակայն այն չեն կարողացել վերադարձնել: Ըստ Ս. Համբարձումյանի` մանկապիղծ Ս. Տեր-Պողոսյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո նրան ստիպել են դուրս գալ «Սագամարից»` փոխարենը նրան տալով Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը: Ընդ որում` Ս. Համբարձումյանի խոսքով` դա արվել է այն բանից հետո, երբ Ս. Տեր-Պողոսյանի կինը սպառնացել է ամեն բան պատմել լրատվամիջոցներին. «Նրա կինը շատ բան ունի ասելու, 1999թ. մասին շատ բան ունի պատմելու»: Խոսքը, թերեւս, 1999թ. «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մասին է: