Միջպետական գազիֆիկացված հարաբերություններ

18/11/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին շաբաթվա տնտեսական ամենակարեւոր իրադարձությունը կատարվեց ՀՀ սահմաններից հեռու։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ թանկանալու է Հայաստան առաքվող գազի գինը։ Ենթադրվող թանկացման ծավալն ահռելի է` ավելի քան 2 անգամ։ 1000 խորանարդ մետրը` 56 դոլար գործող արժեքի փոխարեն` Ռուսաստանը պատրաստվում է պահանջել 120 դոլար։ Այսինքն, 2006-ի հունվարի 1-ից ՌԴ-ն պատրաստվում է մեզ գազ վաճառել շուկայական գնով։ Մեր իշխանություններն առայժմ չեն արձագանքել։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները վերջին տարիներին զարգացման բավական տարօրինակ փուլ են ապրում։ Մեր երկրների ոխերիմ բարեկամությունն իր համանմանը չունի։ Բազմիցս առիթ եղել է նշելու, որ Ռուսաստանը մեր միակ տնտեսական գործընկերն է, որ Հայաստանին երբեք ու ոչինչ չի ներում։ Նախ` իր տրամադրած վարկերի մարումն ուշացնելու պատճառով` սառնասրտորեն պարտքի տոկոս էր հաշվարկում։ Հետո, երբ պարզեց, որ Հայաստանը կանխիկ փողով ի վիճակի չէ վերադարձնել պարտքը, այն ետ գանձեց բավական ինքնատիպ մեթոդով։ Կիրառվեց «Գույք` պարտքի դիմաց» հանրահայտ ծրագիրը։ Հայաստանի էներգետիկ համակարգի լրջագույն օղակներն ու որոշ գործարաններ իրենով անելուց հետո Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը վերահաշվարկեց մեր պարտքը։ Պարզվեց, որ մենք այն լրիվ չէինք մարել։ Մայր գումարի եւ ուշացման տույժի դիմաց մոտ 3 մլն դոլար էլ պահանջեց։ 2006թ. հոկտեմբերի 3-ին Հայաստանը կանխիկ փողով փակեց պարտքի վերջին հատվածը։ Մոտ մեկ ամիս հետո հայտնվեց գազի թանկացման լուրը։ Եթե այն իրականանա` Հայաստանի տնտեսությունը կստանա հերթական կործանիչ հարվածը։ Էներգետիկան չափազանց մեծ ազդեցություն ունի մեր տնտեսության վրա։ Հայաստանում արտադրվող սննդի ինքնարժեքի հաշվետվությունները նայելիս կարող է թվալ, թե դրանք պողպատաձուլական ձեռնարկության հաշվետվություններ են։ Ամենասովորական մուրաբայի կամ մրգահյութի ինքնարժեքում էներգետիկ ծախսերը ինքնարժեքի 30-35 տոկոսն են կազմում։

1997թ., երբ համաձայնագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդի» ստեղծման մասին, Հայաստանում վստահ էին, որ այն կխթանի տնտեսական աճը։ Այսօր «ՀայՌուսգազարդն» ասում է, որ, «ՀՀ սահմանին ստացվող 1000 խմ-ի դիմաց 56 դոլարանոց գազը սպառողին հասցնելն իր վրա նստում է եւս 27 դոլար։ 83 դոլարը հայտարարված է միջին ինքնարժեք։ Այս ինքնարժեքի պարագայում «Գազարդը» սպառողին գազ վաճառում է 120-125 դոլարով։ Դրամի արժեւորմանը զուգընթաց` նրա հասույթն ավելի էր մեծանում։ Հիմա, երբ 120 դոլարը հայտարարվում է ներմուծման գին, գազի գործող սակագները բնականաբար պիտի բարձրանան։

Բնական մենաշնորհների ոլորտը կարգավորող հանժնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը միակ պաշտոնյան էր, որ արձագանքեց գազի գնի հնարավոր թանկացման հարցին։ Նա պարզապես հիշեցրեց, որ սակագների բարձրացման որոշումն ընդունելուց հետո այն կկիրառվի 60 օր հետո։ Սա օրենսդրական պահանջ է։ Դժվար չէ ենթադրել, որ մինչեւ սահմանադրական հանրաքվեի օրը «Գազարդը» հրապարակավ չի «հանդգնի» դիմել պարոն Նազարյանին գազի սակագինը բարձրացնելու պահանջով։ Դա կկատարվի դեկտեմբերին, եւ գազի հնարավոր թանկացումը բնակչության համար իրականություն կարող է դառնալ արդեն 2006-ի փետրվարին։ «ՀայՌուսգազարդն» արդեն հիմնականում ավարտել է երկրի բնակավայրերի գազիֆիկացման գործընթացը։ Ասել է թե` բնակչության մեծ մասն այլեւս չի կարող հրաժարվել թանկացող գազիֆիկացումից։ Ծախսերն արդեն արված են։

Հայ-ռուսական տնտեսական կապերը «տարօրինակորեն» բացատրվում են արտաքին քաղաքականությամբ։ «ՀայՌուսգազարդը» ստեղծելու պահին Հայաստանի իշխանությունները գիտակցում էին, որ երկրին գազի մատակարարման ալտերնատիվ խողովակաշար է պետք։ Վրաստանի տարածքով անցնող գազատարի անխափան աշխատանքը ոչ ոք չի կարող երաշխավորել։ 1997-ին դեռ թարմ էին էներգետիկ ճգնաժամի տարիներին այդ գազատարի պարբերաբար պայթելու մասին հիշողությունները։ Հայաստանը բավական հաճախ էր իր ու Վրաստանի որոշ շրջանների համար իր ծախսերով նորոգում այն։ Հենց այդ պահից էլ այլընտրանքային էր համարվում իրանական գազատարի կառուցումը։ 2005թ. վերջապես սկսվեց պարսկական գազատարի կառուցումը։ Առայժմ պաշտոնական որեւէ հրապարակում չկա, թե ինչ արժեքով է Հայաստանը գազ ներմուծելու իր հարավային անմիջական հարեւանից։ Փոխարենը պարզ է , որ խողովակաշարի կառուցման փաստը դուր չի եկել հյուսիսային ոխերիմ բարեկամին։ Ռուսական գազի հնարավոր թանկացման մասին հայտարարվեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանի Իրան կատարած այցի նախօրյակին։ Այցի շրջանակում Ա. Թումանյանը եղավ նաեւ գազատարի շինարարության մի հատվածում։ Պատահական զուգադիպությո՞ւն էր սա, թե՞ ոչ, դժվար է ասել։ Նույնքան դժվար է ասել` հայ-ռուսական հարաբերություններում ռուսական կողմի տարօրինակ պահվածքը որքանո՞վ է բացատրվում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությամբ։ ՀՀ-ՌԴ տնտեսական հարաբերություններում մի օրինաչափություն էլ է հաստատվել։ Ճիշտ այն պահին, երբ Ռուսաստանը տնտեսական որեւէ կոշտ քայլ է կատարում, այդ երկրի բարձրաստիճան որեւէ չինովնիկ խոսում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին եւ տնտեսական որեւէ լուրջ խոստում է տալիս։ Ճիշտ այդպես էլ երկու օր առաջ ՌԴ Պետդումայի Վերստուգիչ պալատի նախագահ Վլադիմիր Ստեպաշինը խոստացավ, որ ռուսական կողմին կպարտադրի գործարկել «Մարս» գործարանը։ Այն գործարանը, որ Ռուսաստանի սեփականություն է դարձել «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով։ Սակայն նմանատիպ որեւէ խոստում երբեք չի իրագործվել։